Մատչելիության հղումներ

Պեսկով. Ռուսաստանն անհանգստացած է Ղարաբաղում ստեղծված իրավիճակով


Ռուսաստանը, ինչպես և մյուս երկրները լուրջ, անհանգստացած է Ղարաբաղում ստեղծված իրավիճակով և կողմերին կրակն անհապաղ դադարեցնելու կոչ է անում, այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։ Լրագրողների այն հարցին, թե արդյոք Կրեմլը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումը միտումնավոր հրահրված է Ռուսաստանի վրա որևէ ազդեցություն ունենալու համար, Դմիտրի Պեսկովը բացասական պատասխան է տվել:

Մոսկվան ուշադրությամբ հետևում է ռազմական գործողություններին Լեռնային Ղարաբաղում և հայտարարում, որ կշարունակի իր միջնորդական ջանքերը կողմերին բանակցային սեղան վերադարձնելու համար։ Երեկ Հայաստանի վարչապետը զանգահարել էր Ռուսաստանի նախագահին, իսկ Ռուսաստանի արտգործնախարարը խոսել է թե՛ ադրբեջանցի, թե՛ հայաստանցի իր գործընկերների հետ, ինչպես նաև քննարկել է իրավիճակը Ղարաբաղում Թուրքիայի արտգործնախարարի հետ։

Այսօր կողմերին զսպվածության կոչ է արել նաև փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն` ասելով, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հռետորաբանության մեջ անհրաժեշտ է զգույշ լինել, ընդ որում Ռուդենկոն շեշտել է թե՛ ներքին, թե՛ արտաքին դերակատարներին։

Ռուսաստանում Հայաստանի դեսսպան Վարդան Տողանյանն այսօր ՏԱՍՍ-ին տված հարցարզրույցում ասել է, որ անհրաժեշտության դեպքում Հայաստանը կդիմի Ռուսաստանին ռազմական օգնության, մասնավորապես սպառազինությունների համար՝ հավելելով, թե այս պահին դրա անհրաժեշտությունը չկա։ Տողանյանը նաև ընդգծել է, որ Ղարաբաղում ընթացող մարտերին մասնակցում են նաև Թուրքիայի կողմից Սիրիայից բերված վարձկաններ: Ըստ դեսպանի՝ այդ զինյալների թիվը հասնում է չորս հազարի։

Հիմնական հարցը, որ Մոսկվայում քննարկվում է փորձագետների շրջանում, Ռուսաստանի դիրքորոշումն է ղարաբաղյան այս նոր պատերազմի շուրջ։ Ի՞նչ է անելու Մոսկվան, արդյոք ստիպված է լինելու միջամտել և օգնել Հայաստանին, թե՞ ցանկացած սցենարի դեպքում պահպանելու է չեզոքություն։

Ի դեպ, Վլադիմիր Պուտինը դեռևս չի խոսել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ինչը ռուսաստանցի փորձագետների կարծիքով` նշանակում է, որ Մոսկվան կորցրել է նախկին ազդեցությունը Բաքվի վրա, և ըստ այդմ մեծացել է Անկարայի ազդեցությունը Ադրբեջանի վրա։

Մոսկվան ռուսաստանցի փորձագետ Վլադիմիր Եվսևի կարծիքով՝ չի միջամտի ռազմական գործողություններին, քանի դեռ դրանք Լեռնային Ղարաբաղի տարածքում են, սակայն եթե հանկարծ ռազմական գործողություններ սկսվեն Հայաստանի տարածքում, իրավիճակը կփոխվի:

Ռուսաստանցի փորձագետը, ի դեպ, վստահ է, որ Թուրքիան ուղղակի այս պատերազմին չի մասնակցի. - «Ես բացառում եմ Թուրքիայի միջամտությունը ռազմական գործողություններին, օրինակ` Նախիջևանի հատվածում, հակառակ դեպքում թուրքական զորքերը կբախվեն հայ-ռուսական համատեղ ստորաբաժանումներին, իսկ սա արդեն ռեգիոնալ պատերազմ է, որին Թուրքիան այսօր պատրաստ չէ»:

Ռազմական հարցերով փորձագետի կարծիքով` պատերազմը, եթե դատելու լինենք այս երկու օրվա զարգացումներից, կտևի մոտ տասը օր, և Ադրբեջանը տանուլ կտա:

Ռազմական հարցերով փորձագետը համարում է, որ Արդբեջանը չի կարողանա հասնել իր նպատակներին, քանի որ հայկական բանակը պատրաստ է այս պատերազմին և կարողանում է հաջողությամբ դիմակայել ադրբեջանական հարձակմանը. - «Հուլիսյան մարտերից հետո Ռուսաստանը Հայաստանին է տրամադրել ռադիոսարքեր, որոնք չեզոքացնում են անօդաչու սարքերին, բացի այդ, հայկական կողմն ինքն է ձեռք բերել անօդաչու սարքեր և համալրել է իր հակաօդային համալիրը, մասնավորապես ՕՍԱ համակարգերով։ Այնպես որ, համոզված եմ, որ Հաայստանն ի զորու է տապալել ռազմական դաշտում Ադրբեջանի պլանը»:

Հայակական կողմը, սակայն, Եվսևի խոսքով, չպետք է սահմանափակվի միայն հակառակորդին հետ մղելով․ - «Այս անգամ Հայաստանը պետք է հնարավորինս անի ռազմավարական նոր բարձունքներ կամ տարածքներ գրավելու համար, հակառակ դեպքում Բաքուն այդպես էլ չի հասկանա, որ ռազմական ճանապարհով ղարաբաղյան խնդիրը հնարավոր չէ կարգավորել», - «Ազատությանն» ասել է ռուսաստանցի փորձագետը:

XS
SM
MD
LG