Մատչելիության հղումներ

Արցախի նախագահ. Մեր ԶՈւ-ն իրենց դիրքերում ամուր են, պատասխանը լինելու է համաչափ


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարում է` «մեր զինված ուժերն իրենց դիրքերում ամուր են, իսկ պատասխանը լինելու է համաչափ»:

«Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով և բազմաթիվ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ թշնամին սկսել է ակտիվ հրետակոծություն: Բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել, ցուցաբերել հանգստություն», - գրել է նա իր ֆեյսբուքյան էջում, նաև հավելել` քիչ առաջ հանդիպել է առաջին կամավորականներին:

«Իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, և յուրաքանչյուր կորստի համար պատասխան են տալու», - շեշտել է նա:

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի փոխանցմամբ` առկա են քաղաքացիական զոհեր ու վնասներ:

Հիշեցնենք, որ առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր` «հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել»:

ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ հրետակոծվում են Արցախի խաղաղ բնակավայրերը և հորդորել բնակչությանը պատսպարվել: Ինչպես նաև տեղեկացրել է, որ հակառակորդը Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում, «հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ»:

XS
SM
MD
LG