Մատչելիության հղումներ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի ևս 9 դեպք, ընդհանուր թիվը հասավ 394-ի, բուժվել են 329-ը


Փաստացի բուժում ստացող 63 քաղաքացիներից 5-ի վիճակը ծանր է, 7-ինը՝ միջին ծանրության:

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 9 նոր դեպք:

«Վարակակիրներից 8-ը Ստեփանակերտ քաղաքի, 1-ն էլ՝ Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի բնակիչներ են: Խնածախի և Ստեփանակերտի 4 քաղաքացիների մոտ կորոնավիրուսը բացահայտվել է բուժհաստատություն դիմելու ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վիրուսակիր մյուս քաղաքացիները նախկինում հաստատված օջախների կոնտակտավոր են՝ նախօրոք մեկուսացված: Վարակի օջախները հայտնաբերելու և հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ», - ասված է Լեռնային Ղարաբաղի առողջապահության նախարարության հաղորդագրությունում:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ առողջացել է 2 քաղաքացի:

Առայսօր Արցախում COVID-19-ը ախտորոշվել է 394 մարդու մոտ, որից 329-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 63, ընդհանուր մեկուսացված է 85 քաղաքացի: Բժիշկները 5 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 7-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 73 նմուշառում է իրականացվել:
Մինչ օրս կատարվել է 13 հազար 862 փորձանմուշի հետազոտություն, ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ Արցախում կորոնավիրուսի 2 վարակակիր մահացել է այլ պատճառներով, COVID-19-ից մահվան դեպքեր չեն արձանագրվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG