Մատչելիության հղումներ

Դատարանը բավարարել է Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը


Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր բավարարել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը։

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) քննչական վարչությունում քննվող գործերով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Մինասյանը մեղադրվում է ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և ապօրինի գույքն օրինականացնելու համար։ Մինասյանին կալանավորելու որոշումը կայացվել է հեռակա եղանակով, քանի որ Մինասյանն արդեն կես տարի է՝ հետախուզման մեջ է։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը դատարանի այս որոշումը կարևորում է նաև մեկ այլ հանգամանքով. - «Այս պարագայում կալանավորման մասին որոշումը կարևոր է նաև նրանով, որ եթե որևէ երկրում անձը հայտնաբերվում է, ապա մենք կարող ենք դիմել համապատասխան երկրի իրավասու մարմիններին` նրա նկատմամբ էքստրադիցիոն կալանք կիրառելու հարցով»:

Ըստ մարտ ամսին հարուցված քրեական գործի՝ նախկին նախագահի փեսան 2017-2018 թվականների ընթացքում մեծապես ավելացրել է իր գույքը, ինչն էականորեն գերազանցել է իր օրինական եկամուտները: Բացի այդ, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրերում Մինասյանը թաքցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի մասին տվյալներ, ինչպես նաև օրինականացրել է խոշոր չափերի ապօրինի ձեռքբերված գույք:

Ամիսներ առաջ ՊԵԿ-ը Մինասյանին կալանավորելու միջնորդություն ներկայացրեց դատարան, ինչը բավարարվեց, ապա ավելի բարձր ատյանի կողմից բեկանվեց, կոմիտեն Մինասյանին կալանավորելու մեկ այլ միջնորդություն ներկայացրեց, որը ևս մերժվեց։ Նախաքննական մարմինը, նոր հանգամանքներ բացահայտելով, այլ քրեական գործ հարուցեց, Մինասյանի մեղադրանքը լրացրեց և կալանավորման երրորդ միջնորդությունը ներկայացրեց, որն էլ այսօր բավարարվել է։

«Նախկին միջնորդությունների քննության ժամանակ, ընդ որում տարբեր ատյանների մասին է խոսքը, դատարանը երբևէ չի անդրադարձել կալանքի հիմքերին և հիմնավոր կասկածների առկայությանը կամ բացակայությանը, այս միջնորդության բավարարումը պայմանավորված է դրանով, որ դատարանը հիմնավոր է համարել հիմնավոր կասկածի առկայությունը, այսինքն` գտել է, որ առկա է հիմնավոր կասկածը, և համարել է, որ առկա են նաև կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հիմքերը», - ասաց Գոռ Աբրահամյանը:

Պետեկամուտների կոմիտեն տարածած հայտարարությամբ ընդգծում է՝ նախորդ միջնորդությունների մերժումների պատճառը բացառապես քրեադատավարական ընթացակարգային նորմերն էին, դրանց ընթացքում դատարանները չէին քննել ու չէին անդրադարձել Միքայել Մինասյանին մեղսագրվող արարքի հիմնավոր կասկածին և կալանավորման հիմքերին։ Ավելացված մեղադրանքում Մինասյանին մեղասգրվող նոր հանցանք է ավելացվել: Ըստ ՊԵԿ-ի՝ Վենետիկում Հայաստանի նախկին դեսպանը 2012-2018 թվականների ընթացքում կասկածելի աղբյուրներից ստացած միջոցներով Շոտլանդիայում հաշվառված օֆշորային մի կազմակերպության և իր մտերիմներից Ռոզա Ստեփանյանի միջոցով արտահանումներով զբաղվող «Սպայկա» ընկերության շուրջ 50 տոկոսի փաստացի բաժնետերն է հանդիսացել, ինչի վերաբերյալ տվյալները չի ներառել իր հայտարարագրերում։

ՊԵԿ-ը հայտնում է՝ Մինասյանն իրեն մեղսագրվող արարքները կատարել է իր մտերիմ Լեոնիդ Արևշատյանի օժանդակությամբ, որն էլ փաստացի ղեկավարել է Մինասյանին պատկանող կազմակերպությունները։ Պետռեգիստրից տեղեկանում ենք, որ Արևշատյանի անունով գրանցված են մի շարք ընկերություններ։ Դատարանն այսօր որոշել է Արևշատյանին ևս կալանավորել։

Միքայել Մինասյանը չնայած քրեական հետապնդման ու հետախուզման մեջ լինելուն այս ամիսների ընթացքում ակտիվորեն քննադատում էր իշխանություններին՝ տարբեր տեսանյութեր հրապարակելով։ Երրորդ նախագահի փեսան առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նրա փաստաբան Ամրամ Մակինյանի հետ կապ հաստատել այսօր չստացվեց, նա անպատասխան թողեց մեր հեռախոսազանգերը։

XS
SM
MD
LG