Մատչելիության հղումներ

Կառավարությունը Ռայնիսի փողոցի փլուզված շենքի բնակիչներին կտրամադրի ֆինանսական աջակցություն՝ բնակարան ձեռք բերելու համար


Որոնողա-փրկարարական աշխատանքները Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 1 շենքի փլատակներում, 26-ը օգոստոսի, 2020թ.
Որոնողա-փրկարարական աշխատանքները Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 1 շենքի փլատակներում, 26-ը օգոստոսի, 2020թ.

Կառավարությունն այսօր հաստատել է որոշում, որով նախատեսվում է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Յան Ռայնիսի փողոցի թիվ 1 շենքի օգոստոսի 26-ին փլուզված 12 բնակարանների սեփականատերերին տրամադրել բնակարան ձեռք բերելու համար ֆինանսական աջակցություն:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ներկայացված տվյալների հիման վրա հաշվարկվել է այդ ընտանիքներին հասանելիք աջակցության չափը՝ հիմքում դնելով փլուզված բնակարանի մակերեսները և Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված՝ 1 քառակուսի մետրի ձևավորված արժեքի վերաբերյալ տվյալները:

Անհրաժեշտ գումարը նախատեսվում է հատկացնել Կառավարության պահուստային ֆոնդից՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, վկայագրերի տրամադրման գործընթացի իրականացումը ևս վերապահելով նախարարությանը:

Որոշմամբ կարգավորվել են այդ ընտանիքներին աջակցության տրամադրման հետ կապված հարցերը, ընթացակարգերը՝ դիմումների ներկայացումից մինչև վճարում, մշակվել են նաև համապատասխան դիմումների, մատյանի և աջակցության տրամադրման պայմանագրի օրինակելի ձևեր:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ պետք է պարզել շենքի փլուզման պատճառները: «Ըստ էության, այս վնասների հատուցման պոտենցիալ պահանջն ում նկատմամբ է ներկայացվելու: Ես որքան հասկանում եմ՝ սա կա՛մ պետք է լինի շահագործման կանոնների խախտում, կա՛մ որևէ այլ հանգամանք: Այնուամենայնիվ, պատճառները պետք է քննարկենք, հետևանքները հասկանանք, որովհետև այս ծախսն ինչ-որ ձևով պետք է արձանագրվի որպես պատճառված վնաս՝ ինչ-որ մեկի մեղքով», - ասել է փոխվարչապետը:

«Այդ հանգամանքը հաշվի առնված է: Քննությունը պետք է պարզի, թե ինչ հարաբերություններ են առաջանում: Բայց այստեղ կարևոր է, որ մենք, անկախ քննության արդյունքներից, արագ՝ դեպքից մեկ ամիս չանցած, արձագանքում ենք, խնդրին լուծում ենք տալիս», - ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նշվել է նաև, որ անօթևան մնացած ընտանիքներն այս ընթացքում Կառավարության աջակցությամբ բնակվում են վարձով:

Երևանի Ռայնիսի փողոցում պայթյունի հետևանքով, հիշեցնենք, 2 մարդ է զոհվել:

XS
SM
MD
LG