Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 150-ով՝ հասնելով 46 հազար 119-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 1 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 248-ով և հասել 41 հազար 941-ի:
Ըստ նույն աղբյուրի՝ իրականացվել է 2 հազար 761 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 243 հազար 704-ի:
Մահվան դեպքի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հաղորդում է. - «Պացիենտը եղել է 65 տարեկան տղամարդ և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 920-ի, ևս 283 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 2 հազար 975 մարդ: