Սոֆա Գևորգյանը Գերմանիայի Բերլին Դենս ինստիտուտում մոդեռն բալետ ուսանելու հնարավորություն ունեցավ ընդամենը մեկ ամիս։ Երկար տառապանքներից հետո, տարեսկզբին իմացավ, որ ընդունվել է իր երազի բալետի ինստիտուտը, սակայն Covid-19-ը խառնեց ամեն ինչ՝ և՛ երազանքները, և՛ իրականությունը:
«Փետրվար ամսին գնացի ու մեկ ամիս, ցավոք, մնացի այնտեղ, այսինքն հենց ռեալ պարապելով ու արդեն էս վիրուսի պատճառով հետ եկա ու հիմա արդեն օնլայն են դասերս շարունակվում», - ասաց Գևորգյանը:
Սահմանների փակ լինելը, Covid-ով պայմանավորված նոր խիստ ուղեցույցները բարդացրել են արտերկրի բուհեր ընդունված ուսանողների կյանքը։ Մասնավորապես Սոֆան խնդիրներին մոտենում է փուլ առ փուլ. նախ գտնել ճանապարհ Գերմանիա հասնելու համար, երկրորդը՝ գտնել հովանավոր, որ կլուծի կացարանի հարցը. վարակով պայմանավորված ուսանողական կացարաններում սենյակ կիսելը խնդիր է դարձել։ Եթե առաջ տարեց տատիկ-պապիկներն էին օգնում այս հարցով նաև ուսանողներին, հիմա Covid-ը այս կապն էլ է կտրել։
«500 եվրոյից են սկսում այնտեղ այդ սենյակները և այլն, ես էլ իմ մասնագիտությամբ էնպիսի բան է, որ չեմ կարող համ աշխատել, համ սովորել, որովհետև 8-ին նոր վերջացնում եմ դասերս: Այսինքն այդ վիճակում եթե մի հատ էլ գնամ աշխատելու, մյուս օրը առավոտյան ուժ չեմ ունենա պարապելու: Իմ վիզան էլ թույլ չի տալիս, քանի որ ուսանողական է», - ասաց Սոֆա Գևորգյանը:
Կրթությունը տուժում է շատ, ասում է Սոֆան, որ հայաստանյան իրականության մեջ իր մասնագիտական աճի հնարավորությունը չի տեսնում։. «Հիմա իմ կուրսում միայն ես եմ, որ Հայաստանում եմ ու չեմ կարողանում հետ գնալ: Բոլորը տարբեր երկրներից են ու իրենք մեկ է շատ ուշադիր են, պարտաճանաչ ամեն օր այդ կապը հաստանում են»:
Ուսման վարձը վճարված է, ցանկությունը գերմանական մոդեռն բալետին ծանոթանալու անսահման է, ուստի Սոֆային մնում է միայն առցանց հասկանալ՝ ինչ է բացատրում պարուսույցը, ոտքերի շարժումները կրկնել դաստակներով ու փորձել ճիշտ անել, քանի որ օնլայն տիրույթում սխալ շարժումն ուղղելն այնքան էլ հեշտ գործ չէ։ Առիթից այս իրավիճակում օգտվում է կատու Մուսյան՝ մասնակցելով բալետի բոլոր դասերին։
11 հազար եվրո արդեն իսկ վճարել է Անի Դավթյանը Ամստերդամի համալսարանում Եվրոպական իրավունք ուսանելու համար, սակայն նորից ստիպված է դասերին հեռվից մասնակցել։ Խնդիրները շատ են, մտահոգ է, որ վճարածի դիմաց չի ստանա ցանկալի արդյուքնը. «Որովհետև առաջ, երբ որ մենք գնում էին, ունենում էինք շփում մեր դասախոսների հետ, հարցերը ավելի հեշտ էինք կարողանում ուղղել նրանց, իսկ հիմա պատկերացրեք այդ երկար-բարակ հարցերը երբ որ ես ձևակերպում եմ էլեկտրոնային նամակով, սպասում եմ 3-4 աշխատանքային օր, որպեսզի ստանամ իմ դասախոսից պատասխան ու արդեն գալիս է հաջորդ շաբաթը, որը պետք է հասցնես, որպեսզի հետ չընկնես: Դա շատ բարդ պրոցես է»:
Սահմանն էլ եթե բացվի, հոգեբանական մի այլ շեմ պետք է փորձել հաղթահարել. «Առաջինը, երբ որ տեսնում են, որ այստեղ կարանտին է, մի տեսակ սոցիալական սպիգմա է մարդկանց մոտ, փորձում են քեզնից հեռու մնալ, չշփվել, անգամ ընկերներս հետ երբ որ շփվում եմ, ասում են՝ մնա, երբ անցնի կարանտինը, այդ ժամանակ նոր կգաս»:
2020-2021 ուսումնական տարում միջպետական համագործակցության շրջանակներում ՀՀ 237 քաղաքացիներ հնարավորություն են ստացել սովորել օտարերկրյա պետությունների բուհերում՝ Ռուսաստան, Չինաստան, Հորդանան, Վրաստան, Բուլղարիա, Ռումինիա։ ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը «Ազատությանը» հայտնեց՝ որոշ երկներ արդեն իսկ հաստատել են՝ այս տարվա առաջին կիսամյակը առցանց է լինելու։
«Ճիշտն ասած, իրենց գնալու առումով այս պահին գործընթացը կարծես թե կսեցված է, իսկ այս պահին մենք մեր գործընկերների հետ կապի մեջ ենք բոլոր 5 երկրների և սապսում ենք, երբ որ հնարավորությունները ստեղծվեն, իրազեկենք նաև մեր ուսանողներին», - նշեց ԿԳՄՍ փոխնախարարը:
Մարտիրոսյանն ասաց, որ այս 237 ուսանողներից զատ նաև փորձել են Արտաքին գործերի նախարարության միջամտությամբ օգնել սեփական միջոցներով օտարերկրյա բուհեր ընդունված և խնդիրների բախված երիտասարդներին, մասնավորապես մուտքի արտոնագիր ստանալու հարցում՝ հաշվի առնելով, որ Covid-19-ի պայմաններում դեսպանատների աշխատանքը պարալիզացված էր։
Այս բարդ ճանապարհով Շվեդիայի Ուպսալա համալսարան է հասել կոնֆլիկատբանություն ուսանող Հայկ Սմբատյանը։ Հունիսից ճամփա է ընկել՝ Մոսկվա, Կիև, դեսպանատներ ու արդեն վերջին կետին է հասել: Covid-ի մասով Շվեդիայում իրավիճակն ավելի հանգիստ է, կարանտին չկա, ուսանողներն ավելի հեշտ են ընտելանում նոր կյանքին։ Հայկի ընկերը, օրինակ, նույն ճամփան չկարողացավ անցնել՝ Ֆինլանդիա հասնելու համար։
Մագիստրոսի կոչում ստանալու համար կրթությունը շարունակող Հայկ Սմբատյանը հիմա Շվեդիայում էլ օնլայն պետք է մասնակցի դասերին, սակայն՝ ընդգծում է. «Ամեն դեպքում, չնայած, որ օնլայն է, հաստատ նույնը չէր լինի, եթե Հայաստանից առցանց միանայի դասերին, և շատ ես կոնտեքստի մեջ կարողանում մտնել, երբ որ այնտեղ ես, որտեղ որ այդ կրթությունը քեզ առաջարկում են»: