Մատչելիության հղումներ

Դպրոցների վերաբացմանն ընդառաջ. 30 հազար ուսուցչից թեստավորվել են դեռ շուրջ 6000-ը


Երկուշաբթի օրվանից դպրոցները վերաբացվում են, ուսուցիչները մինչ օրս դեռ շարունակում են COVID-19-ի հետազոտություն անցնել։ Նախատեսվում է թեսթավորել մոտ 30 հազար ուսուցչի։

Առողջապահության նախարարությունից հայտնում են՝ սեպտեմբերի 3-ից 8-ն ընկած ժամանակահատվածում ուսումնական հաստատությունների անձնակազմի շրջանում իրականացվել է 5 հազար 917 թեստավորում, կորոնավիրուս հաստատվել է նրանցից 56-ի մոտ։ Վարակակիրները և նրանց կոնտակտավորները մեկուսացվել են 14 օրով։ Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանն ասաց՝ քանի որ թեսթավորումը կրում է ռիսկերի նվազեցման բնույթ, այն շարունակական է լինելու։

Հարցին` իսկ արդյոք հասցնելու են շուրջ 30 հազար ուսուցչի թեստավորել, եթե արդեն մի քանի օրից վերաբացվում են դպրոցները, պատասխանեց՝ ողջ սեպտեմբերի ընթացքում հետազոտությունները շարունակելու են. - «Մի քիչ կարողությունների հարց է, պետք է փորձենք, բայց նախատեսում ենք իրականացնել ամբողջ սեպտեմբեր ամսվա ընթացքում, և հատուկ ուզում եմ շեշտել, որ այս միջոցառումն իրականացվում է ռիսկերի նվազեցման նպատակով նաև։ Այսինքն` ավելի շուտ էլ չէինք կարող սկսել թեստավորումները, որովհետև ապարդյուն, անիմաստ կլիներ, որովհետև ժամկետները, որ սահմանվում են, որ պետք է ճիշտ լինի, կազմակերպվի այդ գործընթացը, ավելի շուտ հնարավոր չէր կազմակերպել, դրա համար արագ տեմպի մեջ փորձում ենք ավարտին հասցնել սկսված գործը»:

Հարցին` այն ուսուցիչները, ովքեր ընթացքում են թեսթավորվելու, ամեն դեպքում դպրոց գնալո՞ւ են մինչև թեսթավորվելը, նա պատասխանեց. - «Պաշտպանելով համաճարակաբանական բոլոր նորմերը, կանոնները` այո, բայց արվում է աշխատանքը: Այնպես է, որ կարողությունների հարց էլ է նաև»:

Երևանի թիվ 17 պոլիկլինիկան այսօր էլ շարունակում էր թեստավորումը։ 259 հետազոտությունից դրական է եղել միայն մեկը։ Տնօրեն Սաթիկ Բադալյանն ասում է՝ նմուշառումն իրականացնում է մեկ բուժքույր, դրսում աշխատում են սոցիալական հեռավորություն պահպանել՝ խուսափելով կուտակումներից. - «Յուրաքանչյուր դպրոցի տնօրենի հետ ունեցել ենք պայմանավորվածություն, թե որ դպրոցը որ ժամին պետք է ներկայանա նմուշառման»:

Իսկ Գյումրիում ահա թեստավորումն իրականացում են հենց դպրոցներում։ 6 հազար մանկավարժից դեռ միայն 600-ն են թեստավորվել, որոնցից 12-ի մոտ է վարակը հաստատվել։ Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ գործընթացը շարունակական է, ամեն օր նոր տվյալներ են ստանում. - «Համապատասխան ցուցումով նաև ինքնամեկուսացում է տեղի ունեցել, և ճշգրտվել է շփման շրջանակն, արդյունքում մտահոգություններ չունենք, որ դպրոցներում կարող է և դասապրոցեսն սկսելու հետ կապված որոշակի խնդիրներ առաջանալ»:

Այստեղ նախ թեստավորում են այն դպրոցների անձնակազմին, որտեղ ուսուցիչների ու աշակերտների թիվը մեծ է. - «Որովհետև ավելի խոցելի են, և շփումը մարդկային առումով շատ ավելի մեծ է: Սրանք ավարտելուց հետո հույս ունեմ, չեմ կարող կոնկրետ նշել, որ դասերին սկսելուն զուգահեռ մենք նաև ամբողջ գործընթացը կավարտենք, բայց ընդամենը օրերի խնդիր է, որ այդ ամբողջ գործընթացն ավարտենք»:

Գյումրիի թիվ 29 դպրոցի 65 հոգանոց աշխատակազմից վիրուսը հաստատվել է ութի մոտ, նրանք մեկուսացված են։ Դպրոցն իր խնայողությունների հաշվին գնել է անհրաժեշտ բոլոր իրերը հակահամաճարակային կանոններն ապահովելու համար. - «Ինչը մենք նախատեսել էինք, որ պիտի ասենք` շինանյութի տեսքով և այլն, դա հետաձգել ենք, կամ էլեկտրաէներգիայից խնայված ունեինք, դրանք օգտագործել ենք, հետո էլ կարծում եմ` պիտի չունենանք խնդիրներ, կլինի հաստատ պետության աջակցությունը»:

Ի դեպ, այս դպրոցի փոխտնօրենը, ով ամիսներ առաջ կորոնավիրուսով էր վարակվել ու հիվանդության ընթացքը շատ ծանր տարել, սեպտեմբերի 4-ին դպրոցում թեսթավորվել է, և պատասխանը դրական է եղել։ Այս արդյունքից անմիջապես հետո ևս մեկ անգամ հետազոտություն է անցել, այս անգամ պատասխանը՝ բացասական. - «Ես հանձնել եմ նաև այրան անալիզի միջոցով իմունիտետի անալիզ, և ինձ ասել են, որ իմ իմունիտետը COVID-ի նկատմամբ այնքան բարձր է, որ հնարավոր չէ, որ ես ունենամ դրական թեսթի արդյունք»:

Փոխտնօրենը մինչև այսօր էլ չի հասկանում՝ հիմա ինքը վարակակի՞ր է, թե՞ ոչ. - «Զանգել ենք պարետատան թեժ գծին, այնտեղից փոխանցեցին Առողջապահության թեժ գծին, այնտեղից պատասխանեցին, որ եթե մենք մեր բացասականը տանենք, ցույց տանք պոլիկլինիկա, դա հիմք կընդունեն ու կթողնեն, գնանք աշխատանքի։ Այնտեղից մեզ ասացին, որ չէ, այդպիսի բան չկա, մենք հիմք ենք ընդունում մեր արածը, «Սանէպիդից» էին ասել»:

Դպրոցի փոխտնօրենի փոխանցմամբ՝ ուսուցիչներից մեկը, ում դպրոցում հանձնած թեստի պատասխանը ևս դրական է եղել, երկրորդ անգամ է թեսթավորվել։ Այս անգամ, սակայն, պատասխանը բացասական է եղել։ Բոլորը անորոշության մեջ այժմ մեկուսացված են։

XS
SM
MD
LG