Մատչելիության հղումներ

Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանը ստորագրություն է տվել չհեռանալու մասին


Մեղադրանք է առաջադրվել Էրեբունի համայնքի նախկին ղեկավար Մհեր Սեդրակյանին, հայտնում է Քննչական կոմիտեն։ Ըստ իրավապահների՝ Մհեր Սեդրակյանը, որը նաև Հանրապետական խմբակցության պատգամավոր է եղել, Էրեբունու թաղապետ եղած տարիներին թույլ է տվել, որ նույն համայնքում գտնվող «Վարդավառ» հանրային զբոսայգու լճի ափերին ապօրինի կառուցապատումներ իրականացվեն։

Կոմիտեից նաև մանրամասնում են, որ մոտ 2800 քմ տարածքում կառուցված այդ ինքնակամ շինությունները նախ որպես համայնքի, ապա իր որդու և եղբոր սեփականություն գրանցելու համար Մհեր Սեդրակյանը 2004-ին դիմել է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե՝ դրանց չափագրական տվյալները ստանալու համար: Նույն թվականին Երևանի քաղաքապետի որոշմամբ «Վարդավառ» զբոսայգու և լճի տարածքում կառուցված ինքնակամ շինությունների նկատմամբ ճանաչվել է Էրեբունու թաղապետարանի սեփականության իրավունքը: 2004-ին, ի դեպ, Երևանի քաղաքապետը Երվանդ Զախարյանն էր, որի անունը նույնպես շոշափվում էր հեղափոխությունից հետո հարուցված մի քանի քրեական գործերում։

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Ռիմա Եգանյանը մանրամասնում է. - «Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Մհեր Սեդրակյանը, 1999-2008թթ. զբաղեցնելով Երևան քաղաքի Էրեբունի համայնքի ղեկավարի պաշտոնը, լիազորված լինելով իրականացնել կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները՝ վարչական պատասխանատվության միջոց չի կիրառել համայնքապատկան՝ Վարդավառի զբոսայգու տարածքում իր որդու և եղբոր կողմից մոտ 2800 քմ տարածքով շինությունների ինքնակամ կառուցապատում իրականացնելու համար՝ նպատակ ունենալով դրանք հետագայում պաշտոնեական դիրքի չարաշահմամբ ներառել վերջիններիս սեփականության ֆոնդում»:

Լճի ափերին կառուցված շինություններից ամենաշքեղը երևանցիներին հայտնի է որպես Մհեր Սեդրակյանի առանձնատուն, մյուս մասը՝ հանդիսությունների սրահ և այլն։ Քննչական կոմիտեի տվյալներով՝ Մհեր Սեդրակյանը, ծառայության շահերին հակառակ օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, համայնքի ավագանու անդամների օժանդակությամբ, Երևան քաղաքի Էրեբունի համայնքի սեփականությունը հանդիսացող՝ «Վարդավառ զբոսայգու» տարածքում գտնվող ընդհանուր 12035 քմ հողատարածքն օտարել է որդուն և եղբորը, որի արդյունքում նշված հողատարածքը դուրս է եկել համայնքի սեփական ֆոնդից: Այս արարքն ըստ կոմիտեի՝ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ մոտավոր պատկերացում ունեին, թե ինչպես են քաղաքի հանրային տարածքները սեփականաշնորհվել, բայց իրենց քաղաքական թիմն իրական պատկերին ծանոթացել է հեղափոխությունից հետո, երբ ընտրվել են ավագանու անդամ. - «Շոկային էր իրականությունը, մեր պատկերացրած ծավալն իրականության ընդամենը երևի 10 տոկոսն է, ինչքան էլ որ պատկերացնում էինք, որ շատ կլինի, բայց իրականում անգամ 10 տոկոսի չափով չէինք պատկերացնում: Այնպես որ բախվեցինք մի մեծ խնդրի, որ ամբողջ Երևանը մասնատված և ապօրինի կերպով սեփականաշնորհված է, ու նաև ամբողջ Հայաստանն է մասնատված` ըստ մարզերի, ամեն վարչական շրջանում եղել է ինչ-որ մեկը կամ մի քանիսը, ով թագավորության նման տիրացել են ամբողջ համայնքային հողերին և գույքերին: Մինչ հեղափոխությունը, բնականաբար, սեփականաշնորհելով այդ տարածքները և կառույցները` այսօրվա դրությամբ ավագանուն և քաղաքապետարանի գործադիր կազմին շատ դժվար է այդ տարածքները վերադարձնել»:

Ըստ ավագանու անդամի՝ ստեղծված իրավիճակը դժվարացնում է «կանաչ տարածքները քաղաքացիներին վերադաձնելու» իրենց խոստումը իրականություն դարձնելը, ասում է՝ այդ շինությունների զգալի մասը սեփականաշնորհման գրքույկներ ունեն, հույս ունի, որ դրանց օրինական լինելը կամ չլինելը արագ կպարզվի։ Մինչդեռ իրավապաշտպանները հաճախ են պնդում՝ հեղափոխությունն իրավապահ համակարգ չի մտել, նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցվող քրեական գործերը հետո մոռացվում են։ Իսկ կոնկրետ այս գործով Մհեր Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Սեդրակյանն ու նրա փաստաբանը ողջ օրը չպատասխանեցին մեր զանգերին։ Մինչդեռ նրա փաստաբան Ալեքսանդր Խաչատրյանը 168.am-ին տված հարցազրույցում ասել է՝ այդ գործով քրեական պատասխանատվության ենթարկելու ժամկետներն անցել են, և եթե նույնիսկ Էրեբունու նախկին թաղապետը տեսականորեն մեղավոր ճանաչվի, միևնույնն է` նա քրեական պատասխանատվության չի ենթարկվի:

XS
SM
MD
LG