Մատչելիության հղումներ

Մեղադրանք է առաջադրվել Էրեբունի համայնքի նախկին ղեկավար Մհեր Սեդրակյանին


Մհեր Սեդրակյանիը, արխիվ
Մհեր Սեդրակյանիը, արխիվ

Պարզվել են Երևանի Էրեբունի համայնքի նախկին ղեկավար Մհեր Սեդրակյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի մի շարք հանգամանքներ, հայտնում է Քննչական կոմիտեն (ՔԿ):

Ըստ ՔԿ-ի տարածած հաղորդագրության, քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Մհեր Սեդրակյանը, 1999-2008թթ. զբաղեցնելով Երևանի Էրեբունի համայնքի ղեկավարի պաշտոնը, լիազորված լինելով իրականացնել կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները՝ վարչական պատասխանատվության միջոց չի կիրառել համայնքապատկան՝ Վարդավառի զբոսայգու տարածքում իր որդու և եղբոր կողմից ընդհանուր՝ 2782,55 քմ տարածքով շինությունների ինքնակամ կառուցապատում իրականացնելու համար՝ նպատակ ունենալով դրանք հետագայում պաշտոնեական դիրքի չարաշահմամբ ներառել վերջիններիս սեփականության ֆոնդում:

Մհեր Սեդրակյանը, վերոնշյալ ինքնակամ կառուցված անօրինական շինությունները և զբաղեցրած հողամասն օրինականացնելու ու դրանց նկատմամբ նախ՝ համայնքի, ապա՝ որդու և եղբոր սեփականության իրավունքը գրանցելու համար, 2004թ. մայիսի 27-ին դիմել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանում՝ միաժամանակ տրամադրելով ապօրինի կառուցված ինքնակամ շինությունների վերաբերյալ չափագրական տվյալներ: Վերոգրյալի հիման վրա ՀՀԿԱ ԱԳԿՊ կոմիտեի տարածքային ստորաբաժանման կողմից կազմված հատակագիծը ներկայացվել է Երևանի քաղաքապետարան, որից հետո ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների կարգավիճակի մասին Երևանի քաղաքապետի՝ 2004թ. հուլիսի 19-ի թիվ 1319-Ա որոշմամբ՝ Երևան քաղաքի Վարդավառի զբոսայգու և Վարդավառի լճի տարածքում կառուցված ինքնակամ շինությունների նկատմամբ ճանաչվել է Էրեբունու թաղապետարանի սեփականության իրավունքը:

Այնուհետև՝ 2004թ. օգոստոսի 5-ին, Էրեբունու թաղապետարանի դիմումի հիման վրա՝ կատարվել է վերը նշված անշարժ գույքի բաժանում 5 մասի, իսկ 2004թ. օգոստոսի 6-ին կատարվել է բաժանված գույքերի նկատմամբ Էրեբունու թաղապետարանի իրավունքների պետական գրանցում:

Սեդրակյանը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, համայնքի ավագանու անդամների օժանդակությամբ, Երևան քաղաքի Էրեբունի համայնքի սեփականությունը հանդիսացող՝ «Վարդավառ զբոսայգու» տարածքում գտնվող ընդհանուր 12035.5քմ. հողատարածքը օտարել է որդուն և եղբորը, որի արդյունքում նշված հողատարածքը դուրս է եկել համայնքի սեփական ֆոնդից, ինչն էլ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Մհեր Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG