Մատչելիության հղումներ

ԱԺ նախագահն ու Վեհափառը քննարկել են միջազգային կոնվենցիաներին և կրթական չափորոշիչներին վերաբերող հարցեր


Լուսանկարը՝ ԱԺ լրատվականի
Լուսանկարը՝ ԱԺ լրատվականի

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդին:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման հրավերն ընդունելու համար՝ ԱԺ նախագահը նշել է, որ եկեղեցի-պետություն, եկեղեցի-կրթական համակարգ հարաբերություններին վերաբերող մի շարք հասարակական հնչեղություն ունեցող հարցեր են այժմ քննարկվում, և հավելել՝ Հայ Առաքելական սուրբ եկեղեցին դարերի ընթացքում եղել է հայ ազգի հենասյուներից մեկն ու 21-րդ դարում էլ շարունակում է սերտ համագործակցությունը պետության հետ՝ հանուն հայ ժողովրդի բարօրության, ասված է ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության հաղորդագրությունում:

Վեհափառը նշել է, որ բազում հարցեր են ծառացած ժողովրդի և պետության առջև, և այդ մարտահրավերներին դիմակայելու հարցում մեծապես կարևոր է Ազգային ժողովի օրենսդրական առաքելությունը: Նա հավելել է, որ Հայ Առաքելական եկեղեցին անկախությունից ի վեր սերտորեն գործակցել է Ազգային ժողովի հետ, և այդ գործակցությունը նաև իր դրական արդյունքն է ունեցել եկեղեցի-պետություն հարաբերությունները կարգավորող օրենսդրության մշակման գործում:

ԱԺ նախագահն ու Վեհափառն անդրադարձ են կատարել միջազգային կոնվենցիաներին և կրթական չափորոշիչներին վերաբերող հարցերի: Վեհափառը վերահաստատել է, որ Հայ Առաքելական եկեղեցին շարունակելու է ջանքերը հայրենիքի զորացման, պետության ամրացման և ժողովրդի երջանիկ, խաղաղ, ապահով կյանքի կերտման համար:

XS
SM
MD
LG