Մատչելիության հղումներ

«Սա սևագիր է, խմորվող փաստաթուղթ»․ փորձագիտական խմբի ղեկավար


Դպրոցում գրականության դասավանդման նոր չափորոշիչների նախագիծը օրեր առաջ կրթական գերատեսչությունը հանրային քննարկման դրեց ու սկսվեց...

Ակադեմիական շրջանակներից փնտրեցին ու չգտան Խորենացուն, Նարեկացուն: Բազմաթիվ այլ երևելիներ դուրս են մնացել, ահազանգեցին պրոֆեսորադասախոսական կազմից, գուժեցին՝ հայ հանճարների փոխարեն ինչ որ ժամանակակիցներ են։

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանն առաջարկում է կտրուկ մերժել նոր չափորոշիչները. – «Այս չափորոշիչները ոտքից գլուխ սխալ են: Հակահայ, ապազգային և չեն բխում հայ գրականության պատմական զարգացման օրինաչափություններից: Շատ պատահական են: Շատ պատահական մարդիկ են արել»:

Դավիթ Գասպարյան
Դավիթ Գասպարյան

Պրոֆեսոր Գասպարյանը 7-8-9 րդ դասարանների գրականության և 11 և 12-րդ դասարանների հայ գրականության դասագրքերի հեղինակն է . դրանք տասը տարի առաջ են դպրոց մտել. – «10, 11, 12-րդ դասարաններում ընդհանրապես հայ հին գրականությունը ընդգրկված չէ` Մաշտոցից, գրերի գյուտից, Խորենացի, Բուզանդ, մյուսները, միջնադարյան տաղերգություն...»

Նոր չափորոշիչներով, Գասպարյանի խոսքով, հաշվի չեն առնում, որ ավարտական դասարանի աշակերտի մի ոտքը դպրոցում է, մյուսը զինկոմիասարիատում. հայրենասիրությունը հետ է մղվել. - «Հայ գրականությունն ավագ դպրոցում գրականություն են դարձնում»:

ժամանակագրական ընթացքը խառնել ու ըստ ժանրերի դասականներին ցաքուցրիվ են արել, ջլատել։

Գասպարյանի ասում է, որ դպրոցական ծրագիր են մտնում դեռևս որոնումների մեջ գտնվող, «շեղված» ժամանակակից գրողներ, և այս հարցին հանգիստ ինչպե՞ս վերաբերվի. – «Այն գրականությունը... կեղծ գրականությունը մտցնում են, դա էսօրվա սերնդի, էսօրվա կյանքի մասին չէ: Դա սեռաճարակ բաների մասին ա: Այսօրվա կյանքը շատ ավելի կա Պարույր Սևակի, Համո Սահյանի, Մուշեղ Գալշոյանի, Աղասի Այվազյանի, Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործության մեջ, քան էդ շեղված, դեռ քննություն չբռնած գրականության մեջ»:

Արքմենիկ Նիկողոսյան
Արքմենիկ Նիկողոսյան

Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը չափորոշիչներին կողմ չէ, բայց կտրուկ դեմ է դրանց վրա հարձակվողներին. զարմանում է՝ մարդիկ նոր սմարթֆոններ են օգտագործում ու պահանջում հին գրականություն: (Հանուն արդարության նշեք, որպրոֆեսորը սմարթֆոն չէր օգտագործում:)

Արքմենիկ Նիկողոսյան. – «Գրականության ուսումնասիրությունը պետք է պատկերացում տա գրականության պատմության բոլոր շրջանների մասին: Այդ թվում, և ըստ իս, առավել ևս` ժամանակակից գրականության մասին: Որովհետև... ամեն ինչի նորությանը սովորեցին. էդ նույն ակադեմիկոսները հաճույքով օգտագործում են սմարթֆոնները, օգտվում են տեխնոլոգիական նորույթներից և այլն: Էդ ինչի՞ մենակ գրականությունը պիտի հին լինի»:

Ժամանակակից գրականությունն իր լավագույն դեմքերով պետք է դպրոցական ծրագրում ներկայացված լինի, համոզված է Արքմենիկ Նիկողոսյանը, բայց և հավելում է, որ չափորոշիչների հեղինակները ընտրությունը կատարել են շտապ, անտրամաբանական, ընդհանուր առմամբ՝ լավ:

Նրա խոսքով, այս օրերին համացանցային հարձակման թիրախում ժամանակակից գրողներն են, նրանցից մեջբերումներ են անում, շատ հաճախ ամենևին ոչ այն գործերից, որոնք ներառվել են ծրագրում:

Գրականագետը կարևոր է համարում հենց առողջ քննարկումը, քանի որ, ինչպես պարզվեց, դա գործին օգնում է: Օրինակ, Նարեկացին, Խորենացին, մյուս երևելիները վերադարձել են ցանկ, ժամանակակիցների մի մեծ խումբ` արտագաղթել լրացուցիչ ցուցակ: Նիկողոսյանն ասում է, որ ամենակարևորն այն է, որ նոր չափորոշիչներով առաջնային է համարվում կարդալու, վելուծելու հմտությունը: Ոչ թե ինչպես հնում էր` «Կարդալ, անգիր ասել, պատմել»:

Այնուամենայնիվ, Նիկողոսյանը նկատում է, որ հեղինակները պետք է ավելի զգոն լինեին, քանի որ չափորոշիչները լի են աղաղակող վրիպակներով, էլ չասած` որ մոռացել էին ներառել գրականության կարևոր դեմքերի:

«Գրականություն» առարկայի փորձագիտական խմբի ղեկավար Թամար Ալեքսանյան. – «Չէինք մոռացել: Նարեկացուն նախատեսել էինք նախագծային աշխատանքների մեջ»:

Թամար Ալեքսանյան
Թամար Ալեքսանյան

Չափորոշիչների նախագծի վրա 6 հոգանոց խումբ է աշխատում, 5-ը ուսուցիչներ են, ինքն էլ մանկավարժական գիտությունների թեկնածու է: Ալեքսանյանն ասաց, որ քննադատությանը հանգիստ է վերաբերվում, բայց մարդիկ թող հասկանան՝ սա սևագիր է, խմորվող փաստաթուղթ. – «Անընդմեջ, ամեն րոպե, ամեն ժամ դու դա պիտի փոխես, նայես, վերանայես և այլն: Իմ կարծիքով, շատ մարդիկ չեն էլ հասցրել, չեն էլ կարդացել, բայց աղմուկը...»

Թամար Ալեքսանյանը վստահ է, որ նոր չափորոշիչները կարդացել է ուղիղ 60 հոգի, որովհետև ճիշտ այդքան առաջարկներ են ստացել: Փորձագիտական խմբի ղեկավարն ասաց, որ հանրային քննարկումները հենց հանրային ձայները լսելու և հաշվի առնելու համար են. ահա այսօր էլ քննարկում են «հայ» բառը գրականությանը վերադարձնելու հարցը, որպեսզի ավագ դպրոցում դասավանդվի «հայ գրականություն». – «Պատրաստ ենք հայ դնելու, բայց էդ դեպքում արտասահմանյա՞ն գրականությունը ինչ անենք... Սա մտմտալու բան է, հենց հիմա քննարկում ենք: Իմ սիրտն էլ է ցավում ամեն ինչի համար, ինչ որ իրենք ասում, զայրանում են... Հանրության նուրբ լարերը հաշվի ենք առնում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG