ԱՄՆ-ի միջնորդությամբ Վաշինգտոնում կայացած երկօրյա բանակցությունների արդյունքում Սերբիայի և Կոսովոյի ղեկավարները տնտեսական համագործակցության պայմանագիր ստորագրեցին։
«Սա իսկապես պատմական օր է, շատ կարևոր օր։ Ես ուրախ եմ հայտարարելու իսկապես պատմական հանձնառությունների մասին։ Սերբիան և Կոսովոն հանձնառություններ ստանձնեցին նորմալացնելու տնտեսական հարաբերությունները», - պայմանագրի ստորագրման արարողությունից հետո, Սպիտակ տան օվալաձև սրահում սեպտեմբերի 4-ին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը լրագրողներին ասել է, թե դեռ շատ տարբերություններ կան Սերբիայի ու Կոսովոյի միջև, բայց պայմանագիրը նա առաջընթացի մեծ քայլ է գնահատել։
Կոսովոյի վարչապետ Ավդուլա Հոթին ասել է, թե պայմանագիրը պետք է առաջնորդի դեպի երկկողմ ճանաչում։
2008 թվականին Կոսովոն միակողմանի հռչակել է իր անկախությունը Սերբիայից։ Աշխարհի շատ երկրներ ճանաչել են Կոսովոյի անկախությունը, բայց Բելգրադը մերժում է Կոսովոն ընդունել որպես անկախ պետություն։
Վաշինգտոնում կայացած բանակցություններում Կոսովոն ճանաչելու հարց չի քննարկվել, որպեսզի դրանք չտապալվեն։