Մատչելիության հղումներ

Փաշինյանը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին


Վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Այս մասին գործադիրի ղեկավարը գրել է իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ մինչև օրվա վերջ որոշում կկայացնի վաղը ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ:

Փաշինյանը տեղակացրել է, որ դեկտեմբերի 23-ին, քովիդի դրական ախտորոշում է ունեցել, դեկտեմբերի 23-ին և 24-ին մեկուսացել ու աշխատել է կեցավայրից, իսկ այսօր ախտորոշումն արդեն բացասական է և վերադառնում է աշխատանքային սովորական ռեժիմի, այսուհանդերձ Սանկտ Պետերբուրգ մեկնելու հարցով «խորհրդակցել է գործընկերների հետ»։

«Ազատության» հարցին՝ Փաշինյանը քովիդի թեստ է հանձնել ռուսական կողմի պահանջո՞վ, թե՞ ախտանշաններ է ունեցել, վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը պատասխանել է, որ վարչապետը քովիդի թեսթ հանձնել է օտարերկրյա ուղևորությունից առաջ:

«Սա տեղի է ունենում բոլոր դեպքերում, երբ հյուրընկալող երկրում համապատասխան արարողակարգ և/կամ ընթացակարգ է սահմանված», - ասել է Բաղդասարյանը՝ նշելով, որ Փաշինյանը քովիդ թեստի դրական արդյունքի մասին տեղեկանալու պահից մեկուսացել է և որևէ առերես աշխատանքային շփում չի ունեցել:

«Այսօր էլ վարչապետն առերես աշխատանքային շփումներ չի ունեցել և սպասում է թեսթի բացասական արդյունքի վերահաստատմանը, որից հետո միայն կվերականգնի շփումները առերես ձևաչափով», - հստակեցրել է վարչապետի խոսնակը։

Նախօրեին թեև դեռ հայտնի չէր Փաշինյանը կմեկնի Սանկտ Պետերբուրգ, թե ոչ, Կրեմլից հայտարարել էին, որ ՌԴ նախագահի և ՀՀ վարչապետի հետ առանձին հանդիպում նախատեսված չէ։

«Առանձին պլաններ չկան, սակայն անհրաժեշտության դեպքում նրանք հնարավորություն կունենան խոսել», - ասել էր ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Հայաստանը հունվարից 1 տարով ստանձնեց ԵԱՏՄ նախագահությունը, սա նշանակում է, որ կառույցի բարձագույն խորհրդի նստերը պետք է անցկացվեն նախագահող երկրում: Մինչդեռ նոյեմբերի վերջին Ռուսաստանի նախագահի օգնականը հայտնեց, որ սպասվող հավաքը հայկական կողմի խնդրանքով կայանալու է ոչ թե նախագահող պետության՝ Հայաստանի, այլ Ռուսաստանի տարածքում, սակայն այն կնախագահի ՀՀ վարչապետը։ Օրեր անց Փաշինյանը խորհրդարանում պարզաբանեց, թե անձամբ ինքն է նման որոշում կայացրել՝ շեշտելով՝ «ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի ոչ բոլոր անդամներն են ցանկալի Հայաստանի համար»։

Պեսկովը դեկտեմբերի 13-ին Մոսկվայում, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում, որին ներկա էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանին կսպասեն դեկտեմբերի 25-26-ը Սանկտ Պետերբուրգում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG