Մատչելիության հղումներ

Դատարանը Էդգար Մալաքյանին մեկ ամսով կալանավորելու որոշում կայացրեց


Գոռ և Էդգար Մալաքյաններ
Գոռ և Էդգար Մալաքյաններ

Հայաստանի ազգային հավաքականի կազմում հանդես եկած Մալաքյան եղբայրներից ավագը՝ Էդգարը մեկ ամսով կկալանավորվի, «Ազատությանը» փոխանցեց նրա փաստաբան Գոռ Միքայելյանը։

«Դատարանը ձերբակալումը Էդգար Մալաքյանի ճանաչեց ոչ իրավաչափ`բավարարեց իմ բողոքը, բայց կալանավորման միջնորդությունը նույնպես բավարարեց: Իհարկե մասնակի` մեկ ամսով: Քննիչը պահանջել էր երկու ամիս, բավարարեց մեկ ամսով: Համաձայն չենք որոշման հետ ու բողոքարկելու ենք վերաքննիչ դատարանը», - ասաց փաստաբանը` հավելելով. – «Ո'չ հիմնավոր կասկածը կա, ո'չ կալանավորման հիմքերը»:

Կրտսեր եղբոր՝ Գոռ Մալաքյանի վերաբերյալ որոշումը դեռ չի հրապարակվել, դատարանը դեռ քննարկում է իրավապահների ներկայացրած կալանավորման միջնորդությունը։

Եղբայրներին երեկ մեղադրանք է առաջադրվել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու համար։ Երեկ ուշ երեկոյան դուրս գալով ձերբակալվածների պահման վայրից եղբայրները չցանկացան միջադեպից մանրամասներ հայտնել. – «Դրա մասին կխոսենք հետո: Մեր վերքերն էլ... դատողությունները թողնում ենք ձեզ»:

Ըստ մեղադրանքի, օրեր առաջ Երևանի կենտրոնում՝ Կասկադի տարածքում, ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները նկատել են կայանման կանոնները խախտած՝ եղբայրների ընկերոջը պատկանող ավտոմեքենան և բարձրախոսով ներկայացրել մոտենալու պահանջ: Վարչական իրավախախտման փաստով կազմել են արձանագրություն: Այդ պահին նրանց են մոտեցել ոչ սթափ վիճակում գտնվող ֆուտբոլիստ եղբայրները, պահանջել են տեսուչներից իրենց մարզիկ ընկերոջը պատասխանատվության չենթարկել, բայց մերժում ստանալով, դիտավորությամբ խոչընդոտել են ոստիկանների ծառայողական պարտականությունների իրականացմանը, քաշքշել են նրանց, պոկել ոստիկաններից մեկի ծառայողական կրծքանշանը և տեսագրիչ սարքը, մյուսի՝ ուսադիրը: 26-ամյա եղբայրը բռունցքով հարվածել է ոստիկաններից մեկի դեմքին և պատճառել մարմնական վնասվածք: Նրանց են մոտեցել նաև ոստիկանության այլ ծառայողներ և ԱԱԾ քննիչներ, և, ըստ մեղադրանքի, վերջիններիս նկատմամբ ևս բռնություն է գործադրվել։

Այսինքն՝ միջադեպին ներկա են եղել առնվազն երկու իրավապահ կառույցի ներկայացուցիչներ։ Ֆուտբոլիստ եղբայրների փաստաբանի պնդմամբ, առերեսման ժամանակ տուժող ոստիկանը առերևույթ որևէ վնասվածք չի ունեցել: Մինչդեռ փաստաբան Գոռ Միքայելյանի հրապարակած լուսանկարներում երևում են Մալաքյան եղբայրների դեմքի վրա առկա կապտուկները: Երեկ ևս ֆուտբոլիստների վրա վնասվածքների հետքերը նկատելի էին։

Նրանց պաշտպանը «Ազատության» հետ զրույցում ասաց, թե այս գործում կասկածելի հանգամանքները շատ են. – «Մենակ հենց Մալաքյան եղբայրների վրա վնասվածքների առկայությունը վկայում է հենց էն մասին, որ շատ դեռևս չպարզված հանգամանքներ կան, ու ուղղակի անտրամաբանական ա, որ ամեն ինչ եղած լինի այնպես, ինչպես մեղադրանքում ա նկարագրված»:
Էդգար Մալաքյանը հանդես է գալիս Երևանի «Արարատ»-ում, Գոռը՝ «Փյունիկ»-ում: Այս օրերին բազմաթիվ ֆուտբոլիստներ սոցցանցերի իրենց էջերում զորակցությունն են հայտնում եղբայրներին և իրավապահներից պահանջում՝ միջադեպը ներկայացնել ողջ եղելությամբ, այլ ոչ դրվագներով:

Իրավասու պաշտոնատար անձնանց է դիմել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը՝ ակնկալելով դեպքի անաչառ քննություն, և խնդրել է քննարկել Մալաքյան եղբայրների նկատմամբ ազատությունից զրկելու հետ չկապված այլ խափանման միջոցների կիրառման հնարավորությունը: Ֆեդերացիայի պաշտոնատար անձինք պատրաստակամություն են հայտնել հանդես գալ նաև անձնական երաշխավորությամբ:

Ըստ շրջանառվող լուրերի՝ միջադեպի պատճառ դարձած կայանման կանոնները խախտած վարորդը եղել է հավաքականում հանդես եկող ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը։ Նա ևս այլ ֆուտբոլիստների հետ երեկ եկել էր ձերբակալվածների պահման վայրի մոտ:

«Ազատությունը» փորձեց հենց Օսբիլիսից ճշտել միջադեպին իր մասնակցության մասին լուրը, սակայն նա հրաժարվեց. – «Բան չունեմ ասելու»:

Միջադեպին ներկա է եղել «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստներից Արմեն Համբարձումյանը, սակայն նա ևս նախընտրեց միջադեպի մանրամասների մասին չխոսել. – «Բոլորն ադեկվատ տղաներ են, մենք մարզիկներ ենք, ոչ մեկ չէր ուզում որևէ կոնֆլիկտ։ Այն, ինչ հիմա նկարագրվում է, դա ընդհանրապես այնպես չէր, ինչպես եղել է»։

Թե իրականում ինչ է եղել, ասաց, հետագայում բոլորդ կիմանաք։

XS
SM
MD
LG