Մատչելիության հղումներ

ԿԽ ադրբեջանական գրասենյակի ներկայացուցիչները դեռ չեն այցելել Գուրգեն Ալավերդյանին


Հայաստանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան
Հայաստանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան

Կարմիր խաչի ադրբեջանական գրասենյակի ներկայացուցիչները դեռ չեն հանդիպել Ադրբեջանում հայտնված հայ սպա Գուրգեն Ալավերդյանին։ Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանն այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում հայտնեց, որ այցելությունը կազմակերպելու համար աշխատանքներ են տարվում Կարմիր Խաչի Բաքվի գրասենյակի հետ:

«Հաշվի առնելով հարցի զգայունությունը, ես պարզապես այլ մանրամասներ չեմ կարող հայտնել», - նշեց Նաղդալյանը:

Ալավերդյանն Ադրբեջանում գերեվարվել է 10 օր առաջ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ սպան եղանակային անբարենպաստ պայմաններում շփոթվել է՝ հայտնվելով Ադրբեջանում: Իսկ ադրբեջանական կողմը պնդեց, թե հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, սակայն կորուստներ կրելով նահանջել է, և Ալավերդյանը գերեվարվել է այս մարտերի ընթացքում։ Բաքուն հայ սպային հինգ հոդվածով մեղադրանք է առաջադրել։

Կարմիր խաչի հայաստանյան գրեսանյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին իր գործընկերների դեռևս չկատարած այցի վերաբերյալ այլ մանրամասներ չհաղորդեց: Նշեց, որ այցելությունների ժակետների հետ կապված որևէ սահմանափակում չունեն՝ հավելելով, որ Կարմիր խաչը երկու երկրների իշխանությունների հետ երկխոսության մեջ է։

Հայաստանի արտգործնախարարությունը դատապարտում է հարևան երկրում հայտնված սպայի հանդեպ ադրբեջանցիների նվաստացուցիչ վերաբերմունքը, ինչը, ըստ Աննա Նաղդալյանի, միջազգային իրավունքի կոպիտ խախտում է․ - «Ադրբեջանի նման ապակառուցողական, սադրիչ գործողությունները և միջազգային հումանիտար իրավունքի խախտումները պարզապես խաթարում են խաղաղությանը նպաստող միջավայրի ստեղծումը»:

Նաղդալյանը շեշտում է՝ Հայաստանում ռազմագերիներ չկան, իսկ Ադրբեջանում հայտնված հայերին մտացածին մեղադրանքներ են առաջադրում: Ըստ նրա, դեռևս չպարզված հանգամանքներում հարևան երկրում հայտնված Հայաստանի քաղաքացիները այնտեղ որևէ հանցանք չեն գործել. – «Նրանց հանդեպ շինծու քրեական գործերի հարուցումը պարզապես միջազգային իրավունքի կոպիտ խախտում է: Այս մասով ցանկանում եմ նշել, որ միայն այս տարվա ընթացքում Հայաստանի իրավասության ներքո են հայտնվել Ադրբեջանի երկու քաղաքացի, և ի տարբերություն Ադրբեջանի` Հայաստանը իր տարածքում հայտնված Ադրբեջանի քաղաքացիների նկատմամբ չի իրականացնում քրեական հետապնդում, չի դարձնում վերջիններիս ռազմագերի և լիարժեքորեն հարգում է վերջիններիս մարդու իրավունքները և արժանապատվությունը»:

Նաղդալյանի խոսքով, Ադրբեջանը ցանկանում է վերադարձնել տարիներ առաջ հայ պատանու սպանած ադրբեջանցիներին, որոնք հիմա Լեռնային Ղարաբաղում պատիժ են կրում. – «Այս մասով պետք է նշեմ, որ անչափահասին կյանքից զրկելը ծանր հանցագործություն է բոլոր հասարակություններում` անկախ նրանից այդ հանցագործությունը իրականացվել է հակամարտության գոտում և այլուր: Ուստի այս առումով, կարծում եմ, իմ պատասխանը ավելի քան հստակ էր»:

Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին, որը շատերի կողմից փակուղային է որակվում, Նաղդալյանը հավաստիացնում է, որ Հայաստանը պատրաստ է շարունակել աշխատանքները. – «Հայկական կողմը հուլիսյան մարտերից հետո ներկայացրել է խաղաղ գործընթացի վերաբերյալ իր մոտեցումները, որոնք ներկայացվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հուլիսի 23-ին Կառավարության նիստի ժամանակ: Եվ այդ մոտեցումներում կենտրոնական դեր է խաղում ուժի սպառնալիքի կամ ուժի կիրառման բացառումը, ատելության հռետորաբանության դադարեցումը և հրադադարի ռեժիմի ամրապնդումը: Ըստ մեր գնահատականների, այդ մոտեցումները նաև առաջնահերթություն են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և համանախագահող երկրների մոտ»:

Ըստ գերատեսչության, հուլիսին տեղի ունեցած տավուշյան մարտերից հետո Ադրբեջանից խիստ իրարամերժ ազդակներ ու հայտարարություններ են ստանում: Մարտերից հետո Հայաստանի իշխանությունները, արձագանքելով Ադրբեջանին սատարող Թուրքիայի հայտարարություններին, պնդեցին` այդ երկիրը սպառնալիք է հարևան տարածաշրջանների համար:

Թուրքիայի պաշտպանության նախարարն օրեր առաջ հայտարարել էր, որ Թուրքիան հայ-ադրբեջանական հակամարտության կողմ է: Աննա Նաղդալյանի խոսքով, այս հայտարարությունը Թուրքիայի ապակայունացնող քաղաքականության հերթական դրսևորումն է:

XS
SM
MD
LG