Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ասում է` ամենաանցանկալի ընթացքն իրենց համար դպրոցների, բուհերի վերաբացումից հետո կլինի այն, որ նորից կարիքը լինի անցնեմ հեռավար համակարգի, որովհետև բացի առողջապահական տեսանկյունից, համակարգն անընդհատ վերափոխելը դժվար կլինի: Այս մասին նախարարը խոսեց «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ:
Ստորև ներկայացնում ենք հատվածներ.
Ամենաանցանկալի անցումը` ըստ նախարարի
Ի պատասխան օգտատերերից մեկի հարցին, թե հնարավոր է, որ նորից անցում կատարվի հեռավար համակարգի դասերի վերսկսումից որոշ ժամանակ անց, նախարարն արձագանքեց. - «Դա մեզ համար ամենաանցանկալի ընթացքը կլինի, որովհետև համակարգը վերափոխելն անընդհատ շատ դժվար է նախարարության համար, ու հիմա մենք ամեն ինչ անում ենք, որ նման ընթացք չլինի, ու լիարժեք պատրաստվում ենք դպրոցների պատրաստմանը, դա կախված է յուրաքանչյուրիցս, որքանով հակահամաճարակային կանոնները պահպանենք»:
Այն ուղեցույցը, որը հրապարակվել է, կարող է ամեն շաբաթ փոփոխության ենթարկվել
Հարցին, թե տարրական դասարանների երեխաները պարտադիր դիմակով ե՞ն լինելու դպրոցում, նախարարն ասաց. - «Ցուցումներն ու կարգավորումները տրված են դեռ մայիս-հունիս ամիսներից, որ 6 տարեկանից բարձր քաղաքացիները պարտադիր կրում են դիմակ բաց ու փակ տարածքներում, առաջիկայում կունենանք քննարկում, ու փոփոխությունը նույնպես կապված է լինելու համաճարակային իրավիճակի հետ: Այն ուղեցույցը, որը հրապարակվել է, կարող է ամեն շաբաթ փոփոխության ենթարկվել` կապված այս ոլորտում ու կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի փոփոխությունների հետ»:
Ինչ վերաբերում է դժգոհություններին, որ չեն կարող տարրական դասարանի երեխաներին ստիպել դիմակ կրել, որ կեղտոտ ձեռքերով կարող են դիպչել դեմքին, իսկ ուսուցիչների համար վերահսկելն է դժվար դառնում, ինչպես նաև դիմակով աշխատելը դժվար կլինի, Արայիկ Հարությունյանն ընդգծեց. - «Կարգավորումները տրված են, ու դրանք այն կարգավորումներն են, որոնք հնարավորություն են տալիս ապահովել մեր երեխաների, մեր ուսուցիչների առողջությունը, և մենք պետք է հետևենք այդ կանոններին: Առողջությունն այստեղ առաջնահերթ է
Մենք ինքներս չենք ուզում, որ դասարանները կիսվեն, դիմակներ կրենք, վեցօրյա դասապրոցես ունենանք, բայց դա անհրաժեշտ է»:
Ի՞նչ կլինի, եթե ծնողները հրաժարվեն երեխաների համար պարտադիր դիմակներից
Իսկ եթե ծնողները հրաժարվեն կամ դպրոցները այս կանոնների պահպանումից, ի՞նչ է նախատեսվում այդ դեպքում, նախարարն ասում է. - «Մենք դպրոցներին լավագույնս աջակցելու ենք այդ ուղղությամբ, որպեսզի կանոնները ճշգրտորեն պահպանվեն, տեսչական մարմինները նույնպես դպրոցներին և ուսումնական հաստատություններին կաջակցեն, կաշխատենք այս ընթացքում, որ ծնողների հետ գանք համաձայնության այն առումով, որ կանոնները պետք է պահվեն, և երեխաները պետք է հաճախեն դպրոց, իսկ դպրոց չհաճախելու դեպքում կլինեն բացասական հետևանքներ` կրթության շարունակականության ընդհատում, ինչը հետագայում առաջադիմության խնդիրներ կառաջացնի»:
Նախարարությունը ֆինանսական աջակցություն հնարավոր է տրամադրի
«Մարտ ամսից, երբ դպրոցները փակվել են, դպրոցները որոշակի տնտեսումներ են ունեցել, նաև պետությունը ջանք է գործադրում այս առումով` որոշ քանակի դիմակի տրամադրելու, օրինակ` երեխան դիմակը փչացրել է, կրորցել է, որոշ տոկոս մենք տրամադրելու ենք, ինչպես նաև ախտահանիչ նյութեր: Մենք հետագա շաբաթներին կսկսենք տրամադրել», - նշեց նախարարը` արձագանքելով այն դիտարկմանը, որ այս կանոններին հետևելը ֆինանսական բեռ է դպրոցների համար: «Այն չափով, որ չափով իրենք ունեն խնայողություններ (ֆինանսական), դրանք կուղղեն այս պարտադիր միջոցների ձեռնարկմանը, այն դեպքում, երբ չեն հերիքի, մենք աջակցություն կցուցաբերենք», - հավելեց նա:
Միաժամանակ Արայիկ Հարությունյանը հայտնեց` հեռավար կրթության համար նոր գործիքակազմ են մշակել, բայց շեշտեց ևս մեկ անգամ` չեն ցանկանա, որ այդ անցումը լինի: Որոշ առարկաներ այս պայմաններում դասացուցակից կրճատելու հարցի մասին նա ասաց, որ դա ևս ցանկալի չի լինի: Հարցը վերաբերում էր երգեցողությանը, ֆիզկուլտուրային, տեխնոլոգիային:
«Չէի ցանկանա առարկաները տարանջատել ավելի կարևորների կամ ոչ կարևորների, այդ առարկաներին ավելի քիչ թվով դասաժամեր կհատկացվեն, բայց դրանք կլինեն դասացուցակում», - նկատեց նա:
Ուսուցիչների վարձատրության մասին
«Մենք ուսուցիչների ծանրաբեռնվածությունը վեցօրյա ռեժիմում չենք ավելացրել, այսինքն` դասացուցակն այնպես է խտացված, որ ուսուցիչները լրացուցիչ դասաժամեր չեն ունենալու, իսկ եթե կլինի նման անհրաժեշտություն, դպրոցների հետ կքննարկենք ֆինանսավորումն ավելացնելու հարցը», - ի պատասխան օգտատերերից մեկի հարցին` ասաց Արայիկ Հարությունյանը:
Ինչ վերաբերում է երկրորդ հերթով դասապրոցեսին, նա ասաց` եթե դպրոցները կարող են կազմակերպել դա, խնդիրներ այս առումով չկան:
Աշխատող մայրիկներն այս համեմատաբար կարճ դասաժամերի պարագայում խնդիր են ունենում երեխաներին դպրոցից տուն տանելու առումով, ասում է օգտատերերից մեկը:
«Ես գիտեմ, որ երկարօրյա շատ դպրոցներում չկա, և ըստ էության, եթե նույնիսկ վերանանք նրանից, որ Covid-ը չկա, որևէ սահմանափակում չկա, տարրական դասարաններում դասերն ավարտվում են 12-ին, 1-ին, ինձ մոտ հարց է առաջանում, թե ինչպես են կազմակերպում երեխաների վերադարձը տուն»:
Ի պատասխան դիտարկման, որ երկարօրյա կա մասնավոր դպրոցներում, նա ասաց, որ մասնավորների հետ քննարկումներ են ընթանում այս հարցի վերաբերյալ:
Չափահասների ընտրությունն է քեֆ անել-չանել. նախարար
Ինչո՞ւ է կարելի 40 հոգով առանց դիմակի հարսանիք անել, իսկ երեխաները պետք է դիմակով նստեն, բացի այդ տաք ջուր, նորմալ սանհանգույց չկա դպրոցներում, օդափոխում ևս, այսպիսի մի հարց էր ուղղվել նախարարին:
«Ես կարծում եմ, որ զվարճանքները և կրթական գործընթացը տարբեր պրոցեսներ են, որտեղ անչափահասների նկատմամբ պատասխանատվությունը շատ ավելի մեծ է, կրթական գործընթացը պարտադիր է, իսկ չափահասների դեպքում նրանց ընտրությունն է գնալ քեֆ անել-չանել: Ռեստորանների դեպքում էլի որոշակի կանոններ պահպանվում են վարակը չտարածելու համար», - ասաց նախարարը` հավելելով, որ դպրոցների պարագայում օդափոխությունը մշտապես պետք է լինի անկախ իրավիճակից: Նաև շեշտեց` վերջին 2 տարիներին ու հատկապես վերջին ամիսներին հստակ աշխատանքներ են տարվում սանհանգույցների վերանորոգման ուղղությամբ, միայն նախարարությունը մոտ 30-40 դպրոցներում աշխատանքներ է իրականացնում:
«Կարդարացնենք բոլոր սպասումները, պետք է պարզապես համբերությամբ զինվել»
«Որոշ խմբեր նաև Ձեր հրաժարականն են պահանջում, ընդհանուր առմամբ ասում են, որ Դուք ոլորտը տապալել եք, որ Դուք երեխային հեռացնում եք իր ազգային արժեքներից, և ընդհանրապես, ասում են, որ որպես նախարար Ձեզ չեք արդարացրել», - այս դիտարկմանը Հարությունյանն արձագանքեց. - «Կրթության նախարարի բարեփոխումները և գործունեությունը պետք է ավելի երկար ժամանակահատվածում գնահատել, և առիթ եմ ունեցել ասելու և հիմա էլ չեմ հոգնի դա կրկնելուց, որ կրթության ոլորտում բարեփոխումները ավելի երկար ժամանակ են պահանջում: Գոնե միջնաժամկետ կտրվածքով մենք և մեր նախարարությունը և մեր նախարարության թիմը կարդարացնեն բոլոր սպասումները, պետք է պարզապես համբերությամբ զինվել: Եվ այս երկու տարվա ընթացքում հսկայական աշխատանք է կատարվել այդ բարեփոխումների համար լուրջ հիմք դնելու համար»:
«Իսկ մնացած մեղադրանքներին՝ ազգային, ապազգային դաշտում գործելու, չեմ պատասխանի, որովհետև անիմաստ է դա անել», - նաև հայտարարեց նախարարը:
Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.