Ուկրաինայի արտգործնախարարը հայտարարել է, որ Կիևը սառեցնում է Մինսկի հետ պաշտոնական բոլոր շփումները՝ մինչև Բելառուսում իրավիճակը չկայունանա:
«Մենք ոչ թե խզում ենք դիվանագիտական հարաբերությունները, այլ՝ դադար վերցնում», - ասել է Դմիտրի Կուլեբան, ընդգծելով՝ Կիևը հարևան երկրի հետ շփումները կվերականգնի այն ժամանակ, երբ կհամոզվի, որ դրանք «քաղաքական կամ բարոյական ռիսկեր չեն ներկայացնում Ուկրաինայի համար և չեն վտանգում երկրի վարկանիշը»։
Արտգործնախարարը նաև նշել է, որ երկու երկրների նախագահների՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Վլադիմիր Զելենսկու միջև այժմ շփումներ չկան և չեն նախատեսվում։
Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, թե եթե ինքը լիներ Լուկաշենկոյի փոխարեն, կհամաձայներ կրկնակի քվեարկություն անցկացնելու առաջարկին, ինչպես նաև երկխոսության ճանապարհ կգտներ՝ առանց մահակների։ Ի պատասխան՝ Մինսկը հորդորել էր Ուկրաինայի նախագահին զբաղվել սեփական երկրի խնդիրներով։