Մատչելիության հղումներ

2 տարվա լռությունից հետո Սերժ Սարգսյանը ասուլիս է հրավիրել «Հարսնաքարում»


2018-ի հրաժարականից հետո առաջին անգամ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը վաղը մամուլի ասուլիս է հրավիրել, թեման 2016-ի ապրիլյան պատերազմն է։ Նկատենք, սա ոչ միայն 2 տարվա լռությունից հետո Սերժ Սարգսյանի առաջին ասուլիսն է, այլև թերևս նրա ամենամեծ ասուլիսը` հաշվի առնելով, որ Սերժ Սարգսյանին վաղը հարցեր տալու հնարավորություն են ունենալու Ազգային ժողովում հավատարմագրված բոլոր լրատվամիջոցները՝ առանց խտրականության։

Նշենք, որ Ազգային ժողովում հավատարմագրված է 98 լրատվամիջոց, այսինքն` շուրջ 100 լրագրող Սարգսյանին հարց տալու հնարավորություն կունենա։ Հիշեցնենք` դեռևս այս տարվա ապրիլի 16-ին խորհրդարանական քննիչ հանձնաժողով հրավիրված Սերժ Սարգսյանը լրագրողներին խոստացել էր՝ երբ ավարտվի արտակարգ դրությունը, ասուլիս կհրավիրի և կպատասխանի ապրիլյան պատերազմին վերաբերող ցանկացած հարցի։

«Երբ արտակարգ դրությունը կվերանա, ես մանրամասն, խոստանում եմ բոլորիդ, ցանկացած հարց՝ տրամաբանական, անտրամաբանական, տեղին, թե անտեղին, և ինչքան ժամանակ կցանկանաք, ես հաճույքով կտրամադրեմ», - ասել էր նա:

Թե ինչո՞ւ այնուամենայնիվ Սերժ Սարգսյանը չսպասեց արտակարգ դրության ավարտին և որոշեց Ապրիլյան քննիչ հանձնաժողովի զեկույցի հրապարակումից առաջ մամուլի ասուլիս հրավիրել, պարզ չէ։ Գուցե այդ հարցին Սարգսյանն անդրադառնա հենց վաղը։

Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն «Ազատությանը» փոխանցեց՝ «սպասում են Սերժ Սարգսյանի դարակազմիկ բացահայտումներին», որ ամբողջացնեն իրենց զեկույցը, որի վրա դեռևս աշխատում են։ «Եթե ասուլիսում պարզ դառնա, որ Սարգսյանը հանձնաժողովից ինչ-որ բաներ թաքցրել է, ապա դրանք էլ կներառենք զեկույցում», - եզրափակեց Անդրանիկ Քոչարյանը։

Ի դեպ, ուշագրավ է երրորդ նախագահի ասուլիսի անցկացման վայրի ընտրությունը: Ինչպես տեղեկացնում է Սերժ Սարգսյանի գրասենյակը, ասուլիսը տեղի է ունենալու Հանրապետական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող Ավանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում` բացօթյա, կանաչ տարածքում։ Ասուլիսի վայրի ընտրությունն արդեն մեծ քննադատություն է առաջ բերել. իրավապաշտպանները հիշեցնում են՝ 2012 թվականին հենց Ավանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամները ծեծելով սպանեցին ռազմական բժիշկ Վահե Ավետյանին։

Հիշեցնենք` «Հարսնաքար» ռեստորան այցելած Վահե Ավետյանը դաժան ծեծից 12 օր անց, գիտակցության չգալով, մահացավ: Այս դեպքը ցնցել էր հասարակությանը, որից հետո տեղի ունեցան բողոքի երթեր, մոմավառություն «Հարսնաքարի», այդ թվում` Ռուբեն Հայրապետյանի տան մոտ: Հասարակական ճնշման տակ Ռուբեն Հայրապետյանն ի վերջո հրաժարվեց պատգամավորական մանդատից:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ուշագրավ է համարում այն փաստը, որ Սերժ Սարգսյանը չի էլ հիշել, որ այնտեղ, որտեղ ասուլիս է հրավիրվել, հենց այդ վայրում մարդ են սպանել. - «Հարսնաքարը» հիշվում է միայն որպես սպանության վայր: Այն, որ գոնե հիմա, երբ հեռացել են իշխանությունից, պետք է հաշվի նստեն հանրության, հանրային կարծիքի հետ, դա նրանց մտքով էլ չի անցել, և ինձ համար ամենատխուրը սա է, երբ որ ես արձանագրում եմ, որ Սերժ Սարգսյանի համար Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որին սպանել դաժանագույն ձևով, որևէ հետք չի թողել այդ մարդու վրա: Այդ վայրը նա ընտրել է և չի էլ մտածել, որ ինքն իր դեմ է ընտրել այդ վայրը: Պետք է գնալ այդ վայր և նրան հարցնել` ինչո՞ւ եք Դուք սպանության դեպքի վայրում ընտրել ասուլիս տալը: Որևէ պատասխան չի կարող արդարացնել սա»:

Ի դեպ, իրավապաշտպանի համոզմամբ` պատահական չէ, որ Սերժ Սարգսյանն ասուլիսի վայր է ընտրել Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանը։ Ըստ Ժաննա Ալեքսանյանի` այդ կերպ Սարգսյանը փորձում է իր աջակցությունը ցույց տալ Հայրապետյանին, ով ըստ հանրապետականների` քաղաքական հետապնդման է ենթարկվում։

Հիշեցնենք, որ Ռուբեն Հայրապետյանը մեղադրվում է 2 քրեական գործով։ Հայաստանի իրավապահների կողմից նրա նկատմամբ հայտարարված հետախուզումը Ռուսաստանն իր տարածքում դադարեցրել է։ Ինչպես տեղեկացրել է Հայաստանի գլխավոր դատախազությունը, Ռուբեն Հայրապետյանը 2003թ.-ից Ռուսաստանի քաղաքացի է:

«Ավելի քան համոզված եմ, որ սա Սերժ Սարգսյանը հանրության դեմ, ինչպես նա անում էր իր իշխանության ժամանակ, որ եթե «Նեմեց Ռուբոյի» նկատմամբ կա քաղաքական հետապնդում, ինչպես իրենք են մտածում և ասում, ուրեմն ինքն էլ հակառակն է հանդես գալիս հանրության դեմ», - ասաց Ալեքսանյանը:

Հարցին, թե կարծում է, որ Սերժ Սարգսյանն ի աջակցություն Ռուբեն Հայրապետյանի՞ է որոշում կայացրել անցկացնել ասուլիսը նրան պատկանող «Հարսնաքարում», իրավապաշտպանը պատասխանեց. - «Ես կարծում եմ, որ այո, չէր կարող այդ վայրը պատահական ընտրված լիներ: Անպայման նպատակը կա»:

XS
SM
MD
LG