Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորների պաշտոնանկությունից մոտ երկու ամիս անց ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը (ԼՀԿ) Սահմանադրական դատարանում վիճարկում է այդ գործընթացի օրինականությունը:
Պատգամավոր Տարոն Սիմոնյանը կարծում է, որ հիմա էլ ուշ չէ դիմումը քննելու և գործընթացը հակասահմանադրական ճանաչելու համար. «Արդեն փոփոխությունները ուժի մեջ մտած են, և դա շարունակական գործընթաց է, այսինքն համալրման գործընթացը լինելու է, բայց դա չի խանգարում, որպեսզի Սահմանադրական դատարանը որոշում կայացնի և այս ամբողջ գործընթաց առ ոչինչ համարի, ամեն ինչ սկսվի զրոյից»:
Բարձր դատարան դիմելու մասին «Լուսավորը» մինչև սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելն էր հայտարարել։ Բայց այն ժամանակ նպատակահարմար չհամարեցին՝ պատճառաբանելով, թե առջևում Մարտի 1-ի գործով ամբաստանյալ, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունն է, իրենք էլ չեն ուզում խոչընդոտել դրան։
«Հիմա, երբ որ այդ գործն, ըստ էության, չգիտենք, թե երբ է քննվելու և անորոշ ժամկետով հետաձգված է, մենք արդեն որևէ խոչընդոտ չենք տեսնում, որպեսզի մուտք անենք մեր դիմումը դատարան», - ասաց Սիմոնյանը:
Սահմանադրական փոփոխություններով ՍԴ նախագահի պաշտոնից ազատվեց Հրայր Թովմասյանը, դատարանը լքեցին դատավորներ Ալվինա Գյուլումյանը Հրանտ Նազարյանը և Ֆելիքս Թոխյանը։
«Լուսավոր Հայաստանի» հիմնավորմամբ՝ այս գործընթացն իրականացել է անօրինական։ Ազգային ժողովը դուրս է եկել իր սահմանադրական լիազորություններից և մինչև երկրորդ ընթերցում փոփոխությունների փաթեթը չի ուղարկել Սահմանադրական դատարան կարծիք լսելու։ Խմբակցությունները զրկվել են բարձր դատարանի պրոֆեսիոնալ կարծիքը լսելու իրավունքից, մանրամասնում է պատգամավոր Սիմոնյանը:
«Հակասահմանադրական ենք ցանկանում ճանաչվի Ազգային ժողովի կանոնակարգի այն հոդվածը, որը հայեցողական իրավունք է վերապահում Ազգային ժողովին, դիմելու կամ չդիմելու Սահմանադրական դատարան, որովհետև եթե այդ հոդվածը կարդաք, այնտեղ միանգամից հասկանալի չէ, թե Ազգային ժողովն իրավունք ունի՞ դիմելու, թե՞ չդիմելու Սահմանադրական այդ հարցով: Մինչդեռ Սահմանադրության 168, 169-րդ հոդվածի բովանդակությունից հստակ է, որ Ազգային ժողովը պարտավոր է դիմել և հայեցողական իրավունք չունի այս գործընթացում», - ընդգծեց նա:
Իշխող խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ընդդիմադիր խմբակցության դիմումի բովանդակությանը դեռ չի ծանոթացել, բայց պնդում է՝ պատգամավորների մեկ հինգերորդը իրավասու չէ սահմանադրական փոփոխությունները վիճարկել Սահմանադրական դատարանում։
«Չի կարելի փորձել մանիպուլյացիայի եղանակով, փորձելով Սահմանադրական դատարանի տարբեր լիազորություն միախառնելով, առանց հասկանալով, թե որ պարագայում սուբյեկտը կարող է դիմել Սահմանադրական դատարան, նման դիմումներ ներկայացնել: Կարծես թե նման ընթացակարգ, Սահմանադրական դատարան այդ հիմքով դիմելու, չկար», - ասաց Վարդանյանը:
Ըստ ԼՀԿ-ի՝ հակասահմանադրական է եղել նաև այն, որ նախագահ Արմեն Սարգսյանը զրկվել է սահմանադրական փոփոխությունները ստորագրելու և հրապարակելու լիազորությունից։ Իշխանական պատգամավորը հիշեցնում է Սիմոնյանին՝ այն օրենսդրական փոփոխությունը, որ Ազգային ժողովի նախագահին վերապահվեց այդ իրավունքը, անձամբ ստորագրել է նախագահ Սարգսյանը։
«Եթե հանրապետության նախագահը կասկածեր այս փոփոխությունների սահմանադրականության մեջ, պետք է դիմեր Սահմանադրական դատարան: Նախագահի անունից հիմա բարձրացնել հարց, որ նախագահին զրկել են իր սահմանադրական լիազորություններից առնվազն իրավական շահագրգռվածության տեսանկյունից անհասկանալի է», - նշեց Վլադիմիր Վարդանյանը:
Սահմանադրական դատարան դիմելու համար անհրաժեշտ է 27 պատգամավորի ստորագրություն։ Պահանջվածից էլ ավելի է հավաքվել, ասում է Տարոն Սիմոնյանը։ ԼՀԿ-ին միացել է են նաև ԲՀԿ-ական պատգամավորներ։ Չնայած, որ «Բարգավաճ Հայաստանը» մինչև դատավորների պաշտոնանկությունն է այդ գործընթացի օրինականությունը վիճարկող դիմում ներկայացրել ՍԴ։
Թե՛ ԲՀԿ-ի, թե՛ «Լուսավորի» դիմումների ճակատագիրն անորոշ է, Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար էդգար Ղազարյանի փոխանցմամբ՝ հունիսի 30-ից բարձր դատարանում նիստեր չեն կայանում քվորում չլինելու պատճառով։
«Շաբաթը մեկ աշխատակարգային նիստ հայտարարվում է, բայց, ցավոք սրտի, մինչև այս ոչ մի աշխատակարգային նիստ հունիսի 30-ից ներառյալ չի կայացվել դատարան», - ասաց Ղազարյանը:
Այս պահին դատարանի կազմում վեց դատավոր է, և դա բավարար է նիստեր հրավիրելու համար, սակայն Հրայր Թովմասյանը և Արևիկ Պետրոսյանը նիստերին չեն մասնակցում։ «Ես չգիտեմ տեղյակ եք, թե չէ, բայց Սահմանադրական դատարանների դատավորների լիազորությունները դադարեցված են, նրանց փոխարեն դատավոր չեն ընտրվել», - նշեց ՍԴ աշխատակազմի ղեկավարը:
«Ազատության» դիտարկմանը, որ Հրայր Թովմասյանի և տիկին Պետրոսյանի լիազորությունները դադարեցված չեն, և վեց դատավոր կա այս պահի դրությամբ, Ղազարյանը պատասխանեց. «Այո, դա ճիշտ է: Ես կարամ ասեմ փաստի մասին, որ Սահմանադրական դատարանը դեռևս իրավազոր նիստեր չի ունեցել հունիսի 30-ից առայսօր ներառյալ»:
Եթե Հրայր Թովմասյանն ու Արևիկ Պետրոսյանը շարունակեն չմասնակցեն նիստերին, ապա այս և այլ դիմումներ ընթացք կստանան աշնանը, երբ համալրվեն դատավորների թափուր տեղերը։ Թեկնածուների առաջադրումների փուլն ավարտվում է, իսկ Ազգային ժողովում ընտրությունները նախատեսված են աշնանային հերթական նիստերում։