Մատչելիության հղումներ

«Մեր խնդիրը գյուղական համայնքներում միջավայրը ժամանակակից դարձնելն է». վարչապետ


«Մեր խնդիրը գյուղական համայնքներում միջավայրը ժամանակակից դարձնելն է», - այսօր գյուղական համայնքների փողոցների խճապատման հեռանկարների շուրջ տեղի ունեցած քննարկման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ Փաշինյանն իր խոսքում նշել է. «Մենք գիտենք, որ, ցավոք, մեր գյուղական համայնքները հիմնականում ճանապարհներ չունեն: Այսինքն՝ այդտեղ ճանապարհ հասկացության մասին խոսելը շատ պայմանական է՝ դա ուղղակի արահետներ են, որոնք իրենց հետ բազմաթիվ խնդիրներ են բերում, այդ թվում՝ քաղաքակրթական: Մեր խնդիրն է, որպեսզի ընդհանրապես գյուղական համայնքներում միջավայրը դարձնենք ժամանակակից: Եվ այստեղ հարցը հետևյալն է. կան գյուղեր, համայնքներ, որտեղ սովորական ասֆալտապատումը հարցի լուծում է, և մենք նաև վերջին օրերին տեսանք, որ բավական շատ համայնքներում այդպիսի լայնածավալ աշխատանքներ են տեղի ունենում: Բայց կան համայնքներ, և կան դեպքեր, երբ սովորական ասֆալտապատման եղանակով հնարավոր չի լինի գյուղերում ճանապարհներ կառուցել կամ նորոգել, ստեղծել՝ ռելիեֆի, կլիմայական և այլ հանգամանքների բերումով: Պետք է քննարկենք՝ այլընտրանքային ի՞նչ ձևեր ունենք, որպեսզի գյուղերում հնարավոր լինի նորմալ փողոցներ ունենալ: Առաջինը սալարկման հնարավոր տարբերակն է, և ես հանձնարարեցի այդ թեմայով զբաղվել և գալ եզրակացության: Հընթացս նաև պարզվեց, որ հիմա աշխարհում կան տարբեր տեխնոլոգիաներ, որոնք ասֆալտ չեն, քար չեն, սալարկում չեն, և այլ տարբերակներ նույնպես ունենք»:

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ քննարկման առիթը վերջին օրերի մարզային այցերի ընթացքում կատարած արձանագրումներն են առ այն, որ այս ծրագրի մասով աշխատանքի բաժանման և մեխանիզմների հստակեցման կարիք կա:

Քննարկում է ծավալվել նաև գյուղական համայնքների ճանապարհների նորոգման հնարավոր մոդելների շուրջ: Ներկայացված առաջարկների շարքում վարչապետ Փաշինյանը հետաքրքրական է համարել տեղական հումքի՝ Հայաստանում առկա քարային պաշարների արդյունավետ կիրառմամբ լուծումների մշակումը:

Վարչապետը հանձնարարել է քննարկման արդյունքներով մինչև հաջորդ շաբաթվա ավարտը ներկայացնել կոնկրետ համայնքի օրինակով մշակված նախագիծ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG