Ադրբեջանում երկու անձ է ձերբակալվել երկրի հրեական համայնքի առաջատար ներկայացուցիչներից մեկի դեմ մահափորձ նախապատրաստելու կասկածանքով, այս մասին հայտնում է The times of Israel-ը՝ վկայակոչելով Իսրայելի հանրային հեռարձակողին:
Աղբյուրի համաձայն՝ «դավադրությունը հայտնաբերել և խափանել են» ադրբեջանական անվտանգության ուժերը: Իսրայելական լրատվամիջոցը նշում է, որ «ըստ ամենայնի Իրանի ներկայացուցիչներն» են պատվիրել սպանությունը և դրա դիմաց 200 հազար դոլար առաջարկել։
Meydan TV-ի համաձայն՝ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը նախօրեին հաղորդագրություն էր տարածել՝ դրանում պնդելով, որ Ադրբեջանի կրոնական համայնքներից մեկի ներկայացուցչի նկատմամբ ահաբեկչություն է կանխվել, կասկածյալներից մեկը Ադրբեջանի, մյուսը Վրաստանի քաղաքացի է։ Թե ո՞վ է պատվիրել հանցագործությունը և ո՞վ էր թիրախը, ըստ լրատվամիջոցի, գերատեսչությունը չի հաղորդել։