Ամերիկայի Միացյալ Նահանգներում երեկ մեկնարկել է դեմոկրատների ազգային համագումարը, որը պետք է Բարաք Օբամայի օրոք նախկին փոխնախագահ Ջո Բայդենին առաջադրի նախագահական ընտրությունների թեկնածու:
Առցանց տեղի ունեցող համագումարի երեկվա բանախոսների թվում էին սենատոր, նախագահության նախկին թեկնածու Բերնի Սանդերսը և նախկին առաջին տիկին Միշել Օբաման:
Սանդերսն ասել է, որ ամերիկացիները պարտավոր են մերժել երկիրը պառակտող գործող նախագահ Դոնալդ Թրամփին:
«Բարեկամներ, ուզում եմ հնարավորինս անկեղծ և հստակ ասել՝ Դոնալդ Թրամփը մեր երկրի համար սխալ նախագահ է, նա ուներ ժամանակ, կարող էր ապացուցել, որ ի զորու է աշխատել, սակայն ձախողել է», - ասել է Միշել Օբաման:
Դեմոկրատների համագումարը կավարտվի օգոստոսի 20-ին: Ջո Բայդենը փոխնախագահի պաշտոնում առաջադրել է սենատոր Քամալա Հարիսին:
Հաջորդ շաբաթ՝ վերստին հեռավար եղանակով, մեկնարկելու է հանրապետականների ազգային համագումարը, որը կհաստատի գործող նախագահ և փոխնախագահ Դոնալդ Թրամփի և Մայք Փենսի թեկնածությունները:
Նախագահական ընտրությունները տեղի կունենան այս տարվա նոյեմբերի 3-ին: