«Ալիևի անհանգստացած հեռախոսազանգը Վլադիմիր Պուտինին ցույց է տալիս, որ հայ-ռուսական ռազմաքաղաքական հարաբերությունները շարունակական են և գտնվում են զարգացման փուլում»,- «Ազատության» հետ զրույցում համոզմունք հայտնեց Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Հիշեցնենք՝ օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում իր դժգոհությունն էր հայտնել Ռուսաստանի կողմից Հայաստանին ռազմական նշանակության բեռների նոր խմբաքանակի մատակարարման առթիվ։
Մասնավորապես՝ պաշտոնական Բաքվի փոխանցմամբ, Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում Իլհամ Ալիևը պնդել է, թե հուլիսի 17-ից սկսած Մոսկվան Հայաստանին շուրջ 400 տոննա ռազմական նշանակության բեռ է մատակարարել, ընդգծելով, թե այդ փաստը մտահոգություններ է առաջացրել Ադրբեջանում։ Պաշտոնական Երևանն առայժմ որևէ կերպ չի արձագանքել Ադրբեջանի ղեկավարի այս հայտարարությանը։
«Վերջին զարգացումների ընթացքում ակնհայտ, պարզ երևաց, որ Հայաստանում տեղի են ունեցել փոփոխություններ նաև Զինված ուժի կառավարելիության մակարդակի բարձրացման առումով և հիմա, փաստորեն, պարոն Ալիևը ինքն էլ, իր անհանգստությունները փոխանցելով Ռուսաստանի Դաշնության նախագահին, հաստատում է, որ իրենց համար պարզ չի Հայաստանում այս փոփոխությունները, և Հայաստանի զինված ուժերի կառավարելիությունը տեսանելի դառնալը՝ նաև հուլիս դեպքերի ընթացքում դա տեսան, իրանց մոտ անհանգստություններ է առաջացրել: Նրանք հիմա դա վերագրում են, որ սպառազինության քանակի տպավորիչ ինչ-որ փոփոխություն է տեղի ունեցել, երբ որ որևէ գաղտնիք չկա, մենք մեր պայմանագրերի հիման վրա ձեռք ենք բերում սպառազինություն և հիմնականում նաև Ռուսաստանից: Նույնը անում է նաև Ադրբեջանը», - ասաց Քոչարյանը:
«Ազատության» հարցին՝ կարո՞ղ է փակագծեր բացել՝ ի՞նչ նշանակության բեռի մասին է խոսքը, պատգամավորը պատասխանեց. «Ոչ, չեմ կարող բացել: Կոնկրետ որ խմբաքանակի ինչ տեսականու մասին է անհանգստությունը, ես չեմ ուզում քննարկել, որովհետև եթե դա 400 է, վաղը կարող է լինել 500-600, և դա, ըստ էության, միտված է մեր Զինված ուժերի կարողությունների ավելացմանը»:
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի համոզմամբ, հայ-ադրբեջանական սահմանին հուլիսյան մարտերի ժամանակ հայկական կողմից ստացված ասիմետրիկ հակահարվածից հետո Բաքուն սկսել է ոչ միայն Ռուսաստանից դժգոհել, այլև Սերբիայից, Հորդանանից։ Հայաստանին վաճառվող զենքի շուրջ Բաքվի մտահոգությունները, ըստ վերլուծաբանի, Ադրբեջանի ինքնավստահության կորստի մասին են խոսում։
«Նախկինում մենք տեսնում էինք, որ Ադրբեջանը հակառակը՝ հոխորտում էր իր ձեռքբերումներով, խոսում էր այն մասին, որ ինքն առավելություն է ստացել Հայաստանի հանդեպ, որ կիրացնի այդ առավելությունը և այլն: Սա նաև անուղղակի խոստովանություն է ստացվում, որ հուլիսին Ադրբեջանն իսկապես ստացել է բավականին ցավոտ հարված», - ասաց Բադալյանը:
Վերլուծաբանի փոխանցմամբ, այսօր փոխվել է հայկական զինուժի ռազմավարությունը, Հայաստանի պաշտպանության նախարարությունը հստակ հայտարարել է, որ գործելու է «նոր պատերազմ՝ նոր տարածքներ բանաձևով»։ Այսինքն եթե Ադրբեջանը գնում է ռազմական շանտաժի, ապա Հայաստանը պետք է պատասխանի կանխարգելիչ շատ ավելի ասիմետրիկ հարվածներով և հուլիսին Տավուշում ականատես եղանք հենց այդ դրսևորմանը։
Այս ամենին զուգահեռ, ըստ Հակոբ Բադալյանի, Ադրբեջանը բախվեց նաև հայկական ռազմարդյունաբերության նոր ձեռքբերումներին։
Ուշագրավ է, որ Հայաստանին զենք մատակարարելու համար Ռուսաստանի հասցեին հնչեցվող դժգոհությունների ֆոնին Ադրբեջանի ղեկավարը միաժամանակ հայտարարում է Թուրքիայի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը խորացնելու մասին։ Մասնավորապես՝ Ալիևը հայտարարում է, թե Թուրքիան կդառնա Ադրբեջանի թիվ մեկ դաշնակիցը ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում։ Վերլուծաբան Հակոբ Բադալյանի համոզմամբ, Բաքվի այս հայտարարությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը պատրաստվում է հրաժարվել Իսրայելի հետ ռազմական համագործակցության սերտացման հեռանկարից։ Պատճառը գուցե և հայկական զինուժի կողմից Տավուշում մոտ մեկ տասնյակից ավելի իսրայելական անօդաչու հարվածային և հետախուզական թռչող սարքերի խոցումն էր։
«Գուցե սա գալիս է նաև այն հանգամանքից, որ Տավուշում մեր զինուժը բավական ցավոտ հարվածներ հասցրեց Իսրայելի ռազմարդյունաբերությանը: Այս տեսանկյունից Ադրբեջանին մնում է բնականաբար, Թուրքիան, և Թուրքիան էլ ձգտում է առավելագույն ազդեցության հասնել Բաքվի վրա», - նշեց վերլուծաբանը:
Պաշտպանության և անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի համոզմամբ էլ, Ադրբեջանը փորձում է Թուրքիայի օգնությամբ դիվերսիֆիկացնել իր սպառազինության կառուցվածքը և հայկական կողմն էլ շատ ուշադիր հետևում է այդ զարգացումներին՝ դրանց հակազդելու համար։
Ի դեպ, խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովի նախագահի համոզմամբ, Թուրքիայի Պաշտպանության նախարարի այն հայտարարությանը, թե Անկարան կաջակցի Ադրբեջանին՝ օկուպացված տարածքներն ազատագրելու գործում, ցույց են տալիս, որ Թուրքիան դարձել է սպառնալիք ամբողջ աշխարհի համար և շատ դեպքերում հենց Թուրքիան է հրահրում Ադրբեջանին որոշակի գործողությունների՝ ելնելով Կովկասում ունեցած աշխարհաքաղաքական շահերից։
«Ազատության» հարցին՝ եթե որոշակի գործողություններ լինեն, թուրք-ադրբեջանական տանդեմին հակազդելու հարցում Ռուսաստանի աջակցությունը Հայաստանը կստանա՞, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Հայաստանի տարածքում է գտնվում ռուսական ռազմաբազան, և մենք ՀԱՊԿ անդամ ենք, դրանով ասված է ամեն ինչ»: