«Ազատության» զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը:
«Ազատություն». - Պարոն Գրիգորյան, ղարաբաղյան խնդրի մասին. տավուշյան իրադարձություններն արդյոք փակուղի են մտցրել գործընթացը:
Ստեփան Գրիգորյան. - Միանշանակ, հիմա անիմաստ է քննարկել բանակցային պրոցեսը, անիմաստ է ինչ-որ բան քննարկել, բայց ես կարծում եմ` կառավարությունը ճիշտ է անում: Կառավարությունն ասում է` մենք պատրաստ ենք բանակցությունների, բայց պատրաստ չի Ադրբեջանը: Եթե իրենք ուժով ուզում են լուծել, ո՞ր բանակցությունների մասին է խոսքը, բայց շատ ճիշտ է, որ կառավարությունը չի ասում` մենք հրաժարվում ենք: Մենք պատրաստ ենք:
Ու մյուսը` շատ ճիշտ էր, որ մեր կառավարությունը, Տավուշի դեպքերի մասին, հատուկ շեշտը դրեց, որ Տավուշի դեպքերը ոչ միայն Ղարաբաղի հարցի հետ են կապված ու այդքան էլ կապված չեն, Տավուշի դեպքերը թուրք-ադրբեջանական քաղաքականությունն է` Հարավային Կովկասը պոկել Եվրախորհրդից, տանել դեպի Մերձավոր Արևելք, ու դրանից հետո, հիշում եք, և՛ Ռուսաստանն ուշքի եկավ, իրենց Արտգործնախարարությունը հայտարարեց` էս ի՞նչ եք ուզում, ապակայունացնե՞լ եք ուզում Հարավային Կովկասը:
Ուրեմն, այդ քաղաքականությունն էլ ճիշտ է, որ բացատրել, որ Տավուշի դեպքերը Ղարաբաղի խնդիրը մենակ չի, այստեղ Թուրքիայի քաղաքականությունն է: Թուրքիան ուզում է մխրճվել Հարավային Կովկաս այդպես գեշ ձևով:
«Ազատություն». - Երեկ Բաքվի նախաձեռնությամբ Պուտինն ու Ալիևն են զրուցել: Հաղորդվում է, որ տարածաշրջանային հարցեր են քննարկել, այդ թվում` Տավուշի իրադարձությունները: Ինչո՞ւ է ակտիվանում Ադրբեջանը Ռուսաստանի դերի հետ կապված:
Ստեփան Գրիգորյան. - Ադրբեջանը հասկանում է, որ Ռուսաստանի դերն այս հարցերում շատ կարևոր է, մեր տարածաշրջանում միշտ Ռուսաստանի դերը կլինի մեծ: Այո, ունեն դեր և՛ Միացյալ Նահանգները, և՛ Եվրամիությունը, այլ խաղացողներ, բայց Ռուսաստանի դերն իրոք որոշիչ է, ու իրենք անընդհատ այդ հարցերը բզում են: Ես հարց եմ տալիս` այդ դուք սկսեցիք ապակայունացում այս տարածաշրջանի, ու հիմա կատաստրոֆիկ ցինիզմ է քննարկել Պուտինի հետ, որ ինչ-որ մեկն ուզում է ապակայունացնել տարածաշրջանը, դուք եք ապակայունացնում Թուրքիայի հետ: Ինչո՞ւ եք մեր տարածաշրջանում անցկացնում այդ հզոր զորավարժությունները, ամսի 10-ին ավարտվեցին, ինչի՞ Տավուշի դեպքերից հետո դուք փորձեցիք ավելի լարել վիճակը: Ուրեմն, պետք է իրենց հարցնել` այդ ինչի՞ են ապակայունացնում, այլ ոչ թե Պուտինի հետ քննարկեն այդ ձևի հարցերը, բայց նպատակը` ակտուալացնել Ղարաբաղի հարցը, նորից ակտուալացնել Ղարաբաղի հարցը: Քանի որ Դուք շատ ճիշտ հարց տվեցիք, ի՞նչ իմաստ ունի բանակցությունների մասին խոսելը, եթե Ադրբեջանը պատերազմով է գալիս Հայաստանի ու Արցախի դեմ: Այստեղ է, որ իրենք փորձում են Ռուսաստանի միջով ակտուալացնել:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.