Մատչելիության հղումներ

Բեյրութում ոստիկաններն ու զինվորականները ցուցարարներից ազատել են կառավարական գրաված շենքերը


Շաբաթ ուշ երեկոյան Լիբանանի ոստիկանությունն ու զինվորականները ցուցարարներից ազատել են կառավարական մի շարք շենքեր, որ ժամեր առաջ նրանք գրավել էին զանգվածային բողոքի ակցիայի ընթացքում։

Ցուցարարները գրավել էին ԱԳՆ-ի, Էկոնոմիկայի, Էներգետիկայի, Բնապահպանության նախարարությունների, ինչպես նաև բանկերի ընկերակցության շենքերը։ Նրանք ԱԳՆ-ի շենքը հռչակել էին «հեղափոխության շտաբ»։

Ցուցարարների դեմ ոստիկանությունն ու զինվորականներն արցունքաբեր գազ են օգտագործել և ռետինե փամփուշտներ։

Բախումների հետևանքով հարյուրավոր տուժածներ կան, ըստ Կարմիր խաչի՝ 55 վիրավոր հոսպիտալացվել է։ Ոստիկանությունը հայտնում է մեկ ոստիկանի զոհվելու մասին։

Բեյրութի կենտրոնում երեկվա զանգվածային հանրահավաքը վերածվել էր անկարգությունների։ Հանրահավաքի մասնակիցներն իշխանություններին և քաղաքական ուժերին մեղադրում էին կոռուպցիայի ու վատ կառավարման մեջ, ինչը նրանց կարծիքով` օգոստոսի 4-ին տեղի ունեցած ողբերգության պատճառներից մեկն է։

Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով առնվազն 160 մարդ է զոհվել, հինգ հազարից ավելի վիրավորներ կան, բազմաթիվ շենք-շինություններ են վնասվել։

XS
SM
MD
LG