ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն ժամանել է Պրահա, որտեղից էլ կսկսի հնգօրյա շրջագայությունը դեպի Սլովենիա, Ավստրիա և Լեհաստան։
Հանդիպումների ընթացքում, ըստ պաշտոնական աղբյուրների, պետքարտուղարը հորդորելու է Կենտրոնական Եվրոպայի երկրներին զերծ մնալ չինական Huawei-ի հետ համագործակցությունից, որը փորձում է ամրապնդել դիրքերը 5G ցանցի ոլորտում։
Վաշինգտոնը շարունակում է պնդել, որ հեռահաղորդակցության ոլորտի հսկան գտնվում է Չինաստանի իշխանությունների և զինված ուժերի ազդեցության տակ։
Այցի մեկնարկին պետքարտուղարը կմեկնի չեխական Պլզեն՝ հարգանքի տուրք մատուցելու ամերիկացի զինվորներին, որոնք ազատագրել էին քաղաքը նացիստներից՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։