Մատչելիության հղումներ

Սերբիայի ԱԽ ղեկավարը Բաքվում քննարկում է Հայաստանին զենքի մատակարարման հարցը


Ոստիկանը ողջունում է Սերբիայի փոխվարչապետ Նեբոյշա Ստեֆանովիչին, արխիվ
Ոստիկանը ողջունում է Սերբիայի փոխվարչապետ Նեբոյշա Ստեֆանովիչին, արխիվ

Սերբիայի փոխվարչապետ, Անվտանգության խորհրդի ղեկավար Նեբոյշա Ստեֆանովիչը ժամանել է Բաքու՝ քննարկելու երկու երկրների միջև սկիզբ առած տարաձայնությունը Հայաստանին զինամթերք մատակարարելու շուրջ։

Ըստ պաշտոնական հաղորդագրությունների, սերբ բարձրաստիճան պաշտոնյան հանդիպելու է Ադրբեջանի Անվտանգության խորհրդի ղեկավարի հետ, բանակցություններին մասնակցելու են նաև նախագահ Ալիևի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը և փոխարտգործնախարար Արազ Ազիմովը։

Շաբաթներ առաջ՝ հայ-ադրբեջանական սահմանին սկիզբ առած բախումներից հետո, ադրբեջանական մամուլը գրել էր, թե Բելգրադը Հայաստանին տարբեր տրամաչափի ականանետային սպառազինություն է վաճառել։ Բաքուն արտգործնախարարություն էր հրավիրել Սերբիայի դեսպանին՝ պնդելով, թե այդ հաղորդումները «կասկածի տակ են դնում երկու երկրների համագործակցությունն ու բարեկամական հարաբերությունները»։

Բելգրադն իր հերթին պնդել էր, թե Հայաստանին զենք մատակարարելու վրա որևէ միջազգային սահմանափակում չկա։ Նախագահ Վույչիչը, միաժամանակ, Ադրբեջանի նախագահի հետ զրույցում խոստացել էր Բաքու ուղարկել պաշտոնական պատվիրակություն՝ ադրբեջանական կողմի մտահոգությունները քննարկելու։

XS
SM
MD
LG