Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել կալանավորել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախկին անդամ Մուշեղ Կոշեցյանին, հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ)։
Օգոստոսի 6-ին ձերբակալված Կոշեցյանին Հատուկ քննչական ծառայությունը երեկ մեղադրանք էր առաջադրել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար և կալանավորման միջնորդություն ներկայացրել դատարան։
Կոշեցյանն անցնում է նույն գործով, որով մեղադրանք է առաջադրվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին:
Ըստ իրավապահների` 2011 թվականին Ռոբերտ Նազարյանն այնպես է արել, որ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ փոխկապակցված անձանց պատկանող, Լոռիում գտնվող «Ձորագետ Հիդրո» ընկերության համար արտոնություններ սահմանվեն, սրա հետևանքով այդ ընկերությունը հավելյալ շատ գումարներ է ստացել։ Նազարյանն, անտեսելով Հայաստանի ջրային ռեսուրսների հնարավորությունները, մշակել է որոշման մի նախագիծ, որով փոքր հիդրոէլեկտրակայանների համար մինչ այդ սահմանված 10 մեգավատ հզորության փոխարեն սահմանել է եռակի բարձր՝ մինչև 30 ՄՎտ հզորություն։ Ապա Միքայել Մինասյանի հետ փոխկապակված խոշոր՝ 26,4 մեգավատտ հզորությամբ հիդրոէլեկտրոկայանը առանց հիմնավորման ընդգրկվել է փոքրերի ցանկում։
Ըստ ՀՔԾ-ի` Ռոբերտ Նազարյանի և հանձնաժողովի մյուս անդամների այս գործողությունների պատճառով 2012-2019 թվականներին «Ձորագետ Հիդրոյի» հիդրոէլեկտրակայանից արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վաճառքի համար սահմանվել է նախկին սակագնի համեմատ երկու անգամ բարձր սակագին։ Եվ, փաստորեն, սրանով հնարավորություն է տրվել «Ձորագետ Հիդրոյին» հավելյալ ավելի քան 7 միլիարդ դրամ եկամուտ է ստանալ։ ՀՔԾ-ի փոխանցմամբ` այս ամենն իրականացվել է կառավարության որոշման շրջանակում, որով, իբր, փորձել են խրախուսել Հայաստանում հիդրոէներգետիկայի զարգացումը։