Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահին և միջնորդություն ներկայացրել դատարան՝ երեկ ձերբակալված Ռոբերտ Նազարյանին կալանավորելու համար։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 64-ամյա նախկին նախագահը, որ նաև Երևանի քաղաքապետն է եղել, մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։
Ըստ իրավապահների, 2011 թվականին Ռոբերտ Նազարյանն այնպես է արել, որ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ փոխկապակցված անձանց պատկանող, Լոռիում գտնվող «Ձորագետ Հիդրո» ընկերության համար արտոնություններ սահմանվեն, սրա հետևանքով այդ ընկերությունը հավելյալ շատ գումարներ է ստացել։
«Ազատության» հետ զրույցում հանձնաժողովի նախկին նախագահի փաստաբան Գագիկ Խաչիկյանն ասաց՝ պաշտպանյալը մեղադրանքը չի ընդունում։
«Չի ընդունում, որովհետև մեղադրանքն իրականության հետ որևիցե աղերս չունի, բացարձակ անհիմն և ապօրինի է: Փաստարկները չեմ կարող նշել այն պարզ պատճառաբանությամբ, որ փաստարկները նշելով, ըստ էության, պետք է վերարտադրեմ ցուցմունքը, իսկ ցուցմունքը նախաքննական գաղտնիք է, չեմ կարող դա անել: Բայց որևիցե խախտում, որևիցե փաստաթուղթ ընդունելիս տեղի չի ունեցել, չկա այդ մասին որևիցե հիմք, առավել ևս, որ այդ փաստաթուղթը նման հետևանքներ առաջացնելու անմիջական պատճառական կապի մեջ լինի», - ասաց փաստաբանը:
Նույն արարքի համար մեղադրվում են նաև Նազարյանի նախկին ենթակաները՝ հանձնաժողովի նախկին անդամներ Շիրազ Կիրակոսյանը և Մուշեղ Կոշեցյանը։ Իսկ հանձնաժողովի նախկին նախագահի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը դեռևս համարվում է կասկածյալ նույն արարքը կատարելու համար։ Ըստ Հատուկ քննչական ծառայության, 4-ն էլ այժմ ձերբակալված են։ ՀՔԾ-ն դիմել է դատարան երեք մեղադրյալներին, այդ թվում և Ռոբերտ Նազարյանին կալանավորելու համար։
Նազարյանի փաստաբան Գագիկ Խաչիկյանն «Ազատությանը» փոխանցեց, որ դատական նիստը վաղն է։ «Ազատության» հարցին, արդյո՞ք այս գործով կան ցուցմունքներ ընդդեմ Նազարյանի, փաստաբանը պատասխանեց. «Այս պահի դրությամբ մեզ ներկայացվել է այն հիմնավորումները, որոնք որ խափանման միջոց կալանքի ժամանակ պետք է քննարկվեն, իր մեղքն ապացուցող որևիցե վերաբերելի ապացույց այդ փաստաթղթերում չկա»:
Ըստ իրավապահների, Նազարյանն անտեսելով Հայաստանի ջրային ռեսուրսների հնարավորությունները՝ մշակել է որոշման մի նախագիծ, որով փոքր հիդրոէլեկտրակայանների համար մինչ այդ սահմանված 10 մեգավատ հզորության փոխարեն սահմանել է եռակի բարձր՝ մինչև 30 մեգավատ հզորություն։ Ապա Միքայել Մինասյանի հետ փոխկապակցված խոշոր՝ 26,4 մեգավատ հզորությամբ հիդրոէլեկտրոկայանը առանց հիմնավորման ընդգրկվել է փոքրերի ցանկում։ Ըստ ՀՔԾ-ի, Ռոբերտ Նազարյանի և հանձնաժողովի մյուս անդամների այս գործողությունների պատճառով 2012-2019 թվականներին «Ձորագետ Հիդրո» հիդրոէլեկտրակայանից արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վաճառքի համար սահմանվել է նախկին սակագնի համեմատ երկու անգամ բարձր սակագին։ Եվ, փաստորեն, սրանով հնարավորություն է տրվել «Ձորագետ Հիդրո»-ին հավելյալ ավելի քան 7 միլիարդ դրամ եկամուտ է ստանալ։
Ըստ ՀՔԾ-ի, այս ամենն իրականացվել է կառավարության որոշման շրջանակում, որով, իբր, փորձել են խրախուսել Հայաստանում հիդրոէներգետիկայի զարգացումը։
Ռոբերտ Նազարյանը անցնում է այն նույն գործով, որով մեղադրյալ է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որի ղեկավարած գերատեսչության հաշվեկշռում է եղել ՀԷԿ-ը։ Օհանյանը մեղադրվում է առանձնապես խոշոր՝ ավելի քան 3 միլիոն դոլար գույքի վատնում թույլ տալու համար։
Ըստ դատախազության, 2010 թվականին շուրջ 8 միլիարդ, իսկ 2018-ին շուրջ 12 միլիարդ դրամ արժեքով, բարձր եկամտաբերությամբ «ՁորաՀԷԿ»-ի գույքը 3 մլրդ 600 մլն դրամով կամ 7,5 միլիոն դոլարով օտարվել է ընդամենը երկու ամիս գործող «Ձորագետ Հիդրո» ընկերությանը»: Եվ այս ամենը տեղի է ունեցել Սեյրան Օհանյանի ղեկավարած նախարարության մշակած ու հետո կառավարության ընդունած գաղտնի որոշմամբ, առանց գույքի պարտադիր գնահատման։
Ամիսներ առաջ Օհանյանն «Ազատությանը» փոխանցել էր, որ մեղադրանքը չի ընդունում՝ պնդելով՝ 2002 թվականին ՀԷԿ-ը փոխանցվել է Պաշտպանության նախարարությանը, 2010 թվականին՝ օտարվել:
«2002 թվականին այն փոխանցվել է Պաշտպանության նախարարությանը, 2010 թվականին օտարվել է, բնականաբար, ես և Պաշտպանության նախարարությունն այդտեղ որևէ շահագրգռվածություն չէինք կարող ունենալ: Հիմնական գործընթացն օտարման իրականացրել է Էներգետիկայի նախարարությունը, որովհետև մասնագիտական առումով «ՁորաՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերության արդյունավետությունը աշխատանքի, նրա վիճակը, նրա դերը որոշում է մասնագիտական գերատեսչությունը», - նշել է նա:
«Ազատության» հարցին՝ Միքայել Մինասյանի՞ն է օտարվել, Օհանյանը պատասխանել էր. «Իրենք գիտեն՝ գնորդ կողմին քանի անգամ է վերավաճառվել, ինչ գներ են տվել, փորձագիտական ինչ խմբեր: Բոլոր այդ գնորդ կողմի կազմակերպության ղեկավարներն են համապատասխան բանակցություններ տարել Էներգետիկայի նախարարությանը: Ոչ, ես Միքայել Մինասյան անուն այնտեղ չգիտեմ, չեմ տեսել»:
Սեյրան Օհանյանը, որը նաև Մարտի 1-ի գործով է մեղադրյալ սահմանադրական կարգի տապալման հոդվածով, ստորագրություն է տվել չբացակայելու մասին։