Մատչելիության հղումներ

Իրավապահները կքննեն՝ արդյո՞ք 2003 թվականից ՌԴ քաղաքացի հանդիսացող Ռուբեն Հայրապետյանը կարող էր Հայաստանում պատգամավոր լինել


Հայաստանի Գլխավոր դատախազի հանձնարարությամբ Քննչական կոմիտե են ուղարկվել մամուլի բոլոր այն հրապարակումները, որոնք առնչվում են հետախուզվող ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, երկու տարբեր քրեական գործերով մեղադրյալ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի՝ Ռուսաստանի քաղաքացի լինելու պայմաններում Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվելու հարցին։

Քննչական կոմիտեն պետք է պարզի՝ արդյո՞ք 2003 թվականի հունիսի 20-ից Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող նախկին իշխանության ներկայացուցիչը կարող էր Հայաստանում պատգամավոր լինել։

Օրերս հայտնի դարձավ, որ Ռուսաստանը դադարեցրել է Հայրապետյանի հետախուզումը իր տարածքում։ Գլխավոր դատախազությունը հետախուզման դադարեցման պատճառը ստանալու համար դիմել էր Ռուսաստանի իրավապահներին, պատասխան դեռ չեն ստացել։ Ենթադրվում է, որ Ռուսաստանը դադարեցրել է իր տարածքում հետախուզումը հենց այն պատճառով, որ Հայրապետյանը իր քաղաքացին է։

Բազմաթիվ աղմկահարույց պատմություններով հայտնի 57-ամյա Հայրապետյանը առաջին անգամ պատգամավոր է ընտրել 2003 թվականի մայիսի 25-ին։ Եվ դրանից մոտ մեկ ամիս անց դարձել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի։ Երկրորդ անգամ Հայրապետյանը պատգամավոր է ընտրվել 2007 թվականի մայիսի 12-ին։ Ռուսաստանի Դաշնության քաղաքացին այդ ժամանակ արդեն մեկ տարվա կուսակցական կենսագրություն ուներ՝ ՀՀԿ-ի անդամ էր։ Երրորդ անգամ էլ ընտրվել է 2012-ին։

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն «Ազատության» հետ զրույցում շեշտեց՝ նախկին Ընտրական օրենսգրքում պարտադիր պայման չէր, որ պատգամավորության թեկնածուն պետք է լինի միմիայն Հայաստանի քաղաքացի։ Բայց 2007 թվականին Ընտրական օրենսգրքում կատարվել է փոփոխություն, որով ամրագրվել է, որ «Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու չեն կարող առաջադրվել և պատգամավորության թեկնածու չեն կարող գրանցվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն այլ պետության քաղաքացիություն»:

«Սահմանվել էր, որ Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու չեն կարող առաջադրվել և պատգամավորության թեկնածու չեն կարող գրանցվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ունեն այլ պետության քաղաքացիություն», - ասաց Մուկուչյանը։

Այս օրենքը 2007 թվականին ուժի մեջ է մտել մարտ ամսին, երբ 2007-ի ընտրությունների համար թեկնածուների գրանցումն արդեն ավարտված էր։ Հետևաբար այս դրույթը Ռուբեն Հայրապետյանի դեպքում կիրառվել է հաջորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ 2012 թվականին։

Մուկուչյանը պնդում է՝ մշակվել է հատուկ ձևաթուղթ, ըստ որի պատգամավորի թեկնածու գրանցվելու համար դիմողները պետք է նշեին, որ չեն հանդիսանում այլ երկրի քաղաքացի․ - «Սա մի ձևանմուշ է, որը հենց այդպես էլ վերնագրված է՝ Վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, այլ պետության քաղաքացիություն չունենալու, և վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին»։

Ըստ ԿՀԸ նախագահի, եթե իրենց դիմող ցանկացած մեկը նշեր, որ նաև այլ երկրի քաղաքացի է, ապա նա չէր կարող գրանցվել որպես թեկնածու և մասնակցել ընտրությունների։

«Ազատության» հարցին՝ արդյո՞ք 2003-ից Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող Ռուբեն Հայրապետյանը 2012-ին կեղծ տեղեկություն է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ Մուկուչյանը պատասխանեց. - «Ես ձեռնպահ կմնամ որևէ գնահատական ներկայացնելուց։ Ուղղակի կփաստեմ, որ բոլոր թեկնածուները, որոնք առաջադրվել են, գրանցվելու համար պարտադիր պետք է ներկայացնեին, ի թիվս այլ փաստաթղթերի, նաև այդ տեղեկանքը։ Եվ այդ տեղեկանքի բացակայությունը միանշանակ հիմք էր լինելու թեկնածուի գրանցումը մերժելու համար»։

Մուկուչյանը պնդեց՝ իրենք ստուգելու գործառույթ չունեն՝ հարյուրավոր թեկնածուներից յուրաքանչյուրը իսկապես այլ երկրի քաղաքացի է, թե ոչ։

Հայաստանի նախկին փոխոստիկանապետ, 2012-2013-ին Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանն «Ազատության» հետ զրույցում պնդում է՝ մինչև 2005 թվականը Հայաստանում արգելված էր այլ երկրի քաղաքացի լինել։ Դա նշանակում է, որ 2003-ին Ռուսաստանի քաղաքացիություն ստացած Հայրապետյանը, մինչև երկքաղաքացիության մասին դրույթի ընդունումը իր երկքաղաքացի լինելու մասին պարտավոր էր տեղյակ պահել Հայաստանին, ինչից հետո պետք է վարույթ սկսվեր, և ըստ այդմ դադարեցվեր նրա Հայաստանի քաղաքացիությունը. – «Էդ արգելքի հետևանքը պիտի լիներ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելը»:

Քոչարյանը հիշեցնում է, որ 2005 թվականի սահմանադրական փոփոխություններով ամրագրվեց երկքաղաքացիության մասին։ Հետո արդեն 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով ամրագրվեց, որ պատգամավոր կարող է ընտրվել միայն Հայաստանի քաղաքացին։

Սակայն մինչև Ընտրական օրենսգրքում և 2015-ի Սահմանադրությունում նման արգելքի ամրագրումը, ըստ Քոչարյանի, Հայրապետյանը կարող էր ընտրվել Հայաստանի պատգամավոր․ - «Կարծում եմ այո, որովհետև ո'չ սահմանադրական սահմանափակում է եղել, ո'չ էլ օրենսդրական։ Իսկ Ռուսաստանի Դաշնության մասով էլ արդեն ասեցի. պարտադիր չէր, որ քաղաքացին ներկայացներ Հայաստանի քաղաքացիությունը դադարեցնող հրամանագրի պատճենը` վավերացված պատշաճ կերպով»:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը խստորեն քննադատում է նախկին իշխանության ներկայացուցչի նման վարքագիծը, որ լինելով Ռուսաստանի քաղաքացի, Հայաստանում զբաղվել է օրենսդրական գործունեությամբ։ Կարծում է՝ դա հանցագործություն է. – «Դա նշանակում է, որ պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն այն ժամանակվա քաղաքական ղեկավարները Սահմանադրության հոդվածները խախտելու համար: Դա կոչվում է պետության զավթում»:

Իրավապաշտպանը պնդում է՝ սա տեղի է ունեցել նախկին իշխանության հանցավոր համաձայնությամբ։

Ռուբեն Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը կրկին պնդեց՝ պաշտպանյալի՝ Ռուսաստանի քաղաքացի լինելու մասին տեղեկացված չէ։ Շեշտեց՝ Հայրապետյանի նկատմամբ իրականացվող գործողությունները իրավական դաշտում չեն, վերջին օրինակը՝ նրա, որդու և նրա հետ կապ չունեցող անձանց գույքը Հայրապետյանի քրեական գործով կալանքի տակ է, ընդ որում՝ կալանքի տակ դրված գույքը տասնյակ անգամով գերազանցում է քրեական գործերով նշված ենթադրյալ վնասը։

XS
SM
MD
LG