Դատարանն այսօր հետաձգեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա կառավարման շրջանում նախագահի աշխատակազմը ղեկավարած Արմեն Գևորգյանի գույքի և դրամական միջոցների վրա դրված կալանքի վերացման միջնորդության քննարկումը։
Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ դատարանը հնարավոր չի համարում առանց համապատասխան գույքի արժեքը որոշելու լուծել ներկայացված միջնորդությունը. - «Դատարանը այդ հարցին կանդրադառնա դատաքննության ընթացքում` կալանադրված գույքի վերաբերյալ համապատասխան նյութերը հետազոտելուց հետո»:
Դատարանը սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Քոչարյանի ու սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ մեղադրվող Գևորգյանի պաշտպաններից պահանջել էր հիմնավորել նրանց գույքի արժեքը։ Սակայն վերջիններս այսօր հայտարարեցին, որ այդ պահանջը վտանգում է իրենց պաշտպանյալների պաշտպանության իրավունքը։
«Տվյալ դեպքում ակնհայտ է, որ սույն դատարանը, ապօրինի կերպով մեզ վրա դնելով որոշակի հանգամանքներ ապացուցելու պարտականությունը, կարող է մեր կողմից ներկայացվելիք նյութերը օգտագործել մեր իսկ դիրքորոշումը հերքելու նպատակով», - ասաց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:
Երկրորդ նախագահ Քոչարյանն իրեն պատկանող գույքի ու դրամական հաշիվների վերաբերյալ տեղեկությունն անցած դատական նիստին էր ներկայացրել. մեկ բնակարան և երկու դրամական հաշիվ։ Նախկին նախագահը ռուսական «Սիստեմա» ընկերության անկախ տնօրենն է։ Այդ պաշտոնում Քոչարյանի տարեկան աշխատավարձը կազմել է 250 հազար դոլար։
Քոչարյանի ու Գևորգյանի պաշտպանները շարունակում են պնդել` իրենց պաշտպանյալների գույքի արգելանքն ապօրինի է: Փաստաբան Հայկ Ալումյանը հղում արեց առաջին ատյանի ու Վերաքննիչ դատարանների կողմից ավելի վաղ կայացված որոշումներին. - «Մեղադրողներն այդ քննարկումների ընթացքում բերել են փաստարկներ, որոնք արդեն իսկ քննարկված և մերժված են եղել դատարանների, այդ թվում նաև անձամբ Ձեր օրինական ուժի մեջ մտած որոշումներով, սակայն Դուք այդ փաստարկները որպես անվերաբերելի վանելու փոխարեն` խորացված քննարկում եք կազմակերպել դրանց շուրջ»:
Մեղադրող կողմն էլ մնում է նույն դիրքորոշմանը՝ նախկին պաշտոնյաների գույքի վրա դրված սահմանափակումները պետք է շարունակվեն. - «Դատարանը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս իրավունքի խախտման փաստն արձանագրել է, սակայն ներկա դրությամբ քրեական գործի քննության շրջանակներում պետք է կիրառված սահմանափակման հիմնավորվածության հարցը քննարկի և արդեն այսօրվա մեղադրանքի պայմաններում պետք է դիտարկի այդպիսի հնարավորություն` գույքի նկատմամբ արգելանք կիրառելու առկա է, թե ոչ», - ասաց դատախազ Պետրոս Պետրոսյանը:
Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը համոզված է, որ նախկին նախագահի ու նրա ենթակայի փաստաբանների ներկայացրած միջնորդությունը ենթակա է մերժման. - «Նույնիսկ եթե պաշտպանության կողմը վստահ է, որ տեղի է ունեցել իրավունքի խախտում, նույնիսկ եթե դրա վերաբերյալ կայացվել է դատական ակտ, որը ֆիքսել է իրավունք խախտումը, այդ երկու հանգամանքը իրավունքի որպես վերականգնման մեխանիզմ չեն կարող դրսևորվել այսօր գործող արգելանքի վերացման որոշման ձևով»:
Չնայած դատական նիստի սկզբում պաշտպանները Քոչարյանի ու Գևորգյանի գույքի արժեքի վերաբերյալ դատարանի պահանջն իրենց պաշտպանյալների իրավունքների խախտում էին համարել, դատարանի՝ միջնորդության քննությունը հետաձգելուց հետո հայտարարեցին, որ կարճ ժամկետում կփորձեն գույքի գնահատում կազմակերպել։ Այդ իսկ պատճառով Քոչարյանի փաստաբաններից Արամ Վարդևանյանը միջնորդեց նիստը հետաձգել։ Մեղադրող կողմը առարկեց հիմնավորմամբ, որ այդ տվյալները ներկայացնելու համար պաշտպանական կողմը մեկ շաբաթ ժամանակ է ունեցել։ Դատարանն էլ մերժեց միջնորդությունը։
Սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող, 2008-ին պաշտպանության փոխնախարար, Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանն էլ միջնորդեց, որ դատարանն իր պաշտպանյալին տրամադրի դատական գործի ռուսերեն թարգմանությունը։ Սակայն դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց պաշտպանի միջնորդությունը։ Դատավորը հայտարարեց, որ դատարանը կտրամադրի միայն Խաչատուրովին խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշման ռուսերեն թարգմանությունը։
Ինքը՝ Խաչատուրովը ևս անհրաժեշտ է համարում նյութերի ռուսերեն տարբերակի իրեն տրամադրումը. - «Թույլ տվեք, որ մենք ավարտին հասցնենք նյութերի ծանոթությունը, որպեսզի պատրաստվենք պաշտպանությանը։ Մենք ևս ուզում ենք պաշտպանվել։ 10 երիտասարդները, որոնք մահացել են, ես նրանց չեմ սպանել: Զինվորականները շատերի կյանք են փրկել... ի՞նչ եք կարծում` մենք ամսի երկուսին հանգիստ քնել ե՞նք»։ Յուրի Խաչատուրովի պաշտպանը պատրաստվում է բացարկի միջնորդություն ներկայացնել դատարանին։