Մատչելիության հղումներ

Հորդառատ անձրևը կրկին հեղեղումներ է առաջացրել Գյումրիում


Հերթական հորդառատ անձրևը երեկ կրկին հեղեղումներ է առաջացրել հիմնականում Գյումրիի նույն թաղամասերում։ Ամենաշատը տուժած Նորավանի բնակիչներն ասում են՝ նման բան չեն հիշում։ Տներ է լցվել ինչպես անձևաջուրը, այնպես էլ տարածքով անցնող գետակի ջուրը։

Հիդրոօդերևութաբանության մոնիտորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը «Ազատության» հետ զրույցում ընդգծեց՝ տարվա այս ժամանակահատվածին տեղումների նման ինտենսիվությունը բնորոշ չէ: Մասնագետը անոմալ է համարում տեղումների քանակը։ Շաբաթներ առաջ էլ կարկուտից առաջացած հսկայական սառցաբեկորներ էին հայտնվել Գյումրիի փողոցներում ու մարդկանց տներում։

«Սա արդեն երրորդ ինտենսիվ անձրևն է Գյումրիի հատվածում, հուլիսի 13-ին ունեցանք շատ ուժեղ անձրև՝ մինչև 81 մմ, այս վերջինը, որը երեկ դիտվեց, 34 մմ էր, որն ամսական նորմային մոտ է: Այսինքն մոտ 1-1,5 ժամվա ընթացքում ամսական նորմայի չափ տեղում է թափվել: Սա բնորոշ չէ մեր կլիմայական պայմաններին և դիտարկվում է որպես կլիմայական անոմալիա: Դրա պատճառն այս տարի ամռանը Սև ծովի տարածից աննախադեպ քանակությամբ ներթափանցող մթնոլորտային ճակատներն են», - ասաց Սուրենյանը:

Գյումրիի քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի պետ Կնյազ Մանասյանն ասում է, որ հեղեղումների պատճառը ոչ միայն աննախադեպ տեղումներն են, այլև այն, որ քաղաքում կա անձրևաջրատար ցանցի խնդիր։

«Ունենք խնդիրներ քաղաքի որոշ տարածքներում, որոշ հատվածներում, որոշ փողոցներում, որտեղ անձրաջրատար համակարգ գոյություն չունի: Հիմա օրինակ բերեմ՝ Խորենացի փողոցը և Շիրակացի փողոցը միասին մոտ 4,5 կմ երկարություն ունեն, այդ երկու փողոցը չունեն անձրևաջրատար կոյուղացանց: Ջուրը հոսում է փողոց և փողոցով շարժվում է դեպի ներքև, դեպի քաղաքի կենտրոն, քանի որ գիտեք, որ փողոցաշինության լայն ծրագիր ենք իրականացնում, գրեթե բոլոր փողոցներում մենք լուծում ենք նաև անձրևաջրատար կոյուղացանցի հարցը», - նշեց Մանասյանը:

Այսօրվանից մինչև օգոստոսի 11-ը հիդրոօդերևութաբանները տեղումներ չեն կանխատեսում, մինչ այդ, սակայն, Նորավանի բնակիչներն են դժգոհում, որ իշխանությունները իրենց մենակ են թողել բնական աղետի հետ:

«Երկու անգամ էլ եկել, տեսել, գնացել են, ջրմուղից էլ, կոմունալից էլ, քաղաքապետարանից էլ տեսան, թե ինչ վնաս ենք ունեցել, էդպես էլ գնացին, ոչ մի բան», - ասաց բնակիչներից մեկը:

Գյումրիի քաղաքապետարանի պաշտոնյան ասում է, որ Նորավանում հեղեղման հիմնական պատճառը գետակ թափվող կենցաղային աղբն է. «Երեք անգամ մենք մաքրել ենք. կենցաղային աղբից սկսած ամեն ինչ լցնում են, բայց ինչքա՞ն կարելի է, մենք ի վիճակի էլ չենք, մենք չունենք այդքան հզոր տեխնիկա, այդպես անձնակազմ չունենք, որ մարդիկ կարողանան ամեն օր այդ գետակները մաքրել»:

Այս ամառ ամենամեծ վնասը Գյումրիին հասցրել են հուլիսի 13-ի կարկուտն ու սելավը։ Պտտահողմերից, հեղեղումներից ու կարկուտից տուժել են նաև մի շարք գյուղական բնակավայրեր, ցանքատարածություններ։ Գյումրիի քաղաքապետրանը տեղական բյուջեից 10 մլն դրամի շրջանակներում 50-150 հազար դրամի չափով տուժածներին աջակցություն է ցուցաբերել, բայց քանի որ տուժածների թիվն ավելանում էր, հիմա դիմել են կառավարությանը՝ հավելյալ ֆինանսական աջակցություն ստանալու համար։ Մարզի գյուղական համայնքների բնակիչները մինչ օրս պետությունից որևէ աջակցություն չեն ստացել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG