Երեկ Գյումրիում տեղացած աննախադեպ կարկուտը մինչև այսօր դեռ տեղ-տեղ չէր հալվել։
Ղարիբջանյան փողոցում բնակվող Ավագյանների տուն կարկուտը լցվել էր փողոցից։ Նրանք այսօր էլ հարազատների օգնությամբ փորձում էին տունն ազատել խոշոր սառցաբեկորներից։
Կարկուտից առաջացած սառցաբեկորները տուն էին լցվել միաժամանակ երկու մուտքերից։ Տանտիկինը՝ Լիլիկը պատմեց, որ հազիվ են հասցրել փախչել.- «Անզոր էինք մենք էս արհավիրքի դեմ»:
Տան ողջ գույքն ու տեխնիկան մնացել են կարկուտի տակ: Մեծ մասն արդեն կարողացել էին դուրս բերել: Լիլիկ Ավագյանն ասում է, որ առայժմ իրենց ուժերով են ամեն ինչ կազմակերպել. – «Ոչ մի պետական այր էս հարցով չի հետաքրքրվել մինչև այս պահը»:
Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր հրավիրած մամլո ասուլիսի ժամանակ անդրադառնալով մարդկանց կրած վնասներին` ասաց, որ հանձնաժողովը կուսումնասիրի, և համայնքապետարանը իր հնարավորությունների սահմաններում կօգնի բնակիչներին. - «Անելու ենք ամեն ինչ բնակչի համար, ինչ հնարավորություն կա: Ընդհուպ հրավիրելու եմ արտահերթ ավագանու նիստ, նույնիսկ ցույց ենք տալիս ֆինանսական օգնություն: Բայց ուսումնասիրենք, հասկանանք և դրանից հետո վերլուծություն կատարելով, կարողանանք ներկայացնել ավագանու նիստին: Եթե մեր ուժերից վեր լինի, անպայման կդիմենք Կառավարություն»:
Երեկ հատկապես արտակարգ իրավիճակ էր քաղաքի սկզբնամասում գտնվող Գարեգին Նժդեհ հրապարակում, ջուրն այնքան բարձր էր, որ փրկարարները ստիպված էին նույնիսկ ռետինե նավակներ օգտագործել։ Գյումրիի մուտքն ու ելքը մի քանի ժամ պարալիզացվել էր:
Հիդրոօդերևութաբանության մոնիտորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը աննախադեպ որակեց երեկ գրանցված երևույթը. – «Տեղումների քանակի առումով, որ երեկ ունեցանք Գյումրիում, կարելի է որակել աննախադեպ երևույթ, որովհետև մեկ ժամվա ընթացքում թափվել է 81 միլիմետր կարկուտ և անձրև, դա ամբողջ հուլիս ամսվա նորմային կրկնակին է: Բայց ես պետք է շեշտեմ, որ ինտենսիվ տեղումները կանխատեսված են եղել հանրապետության տարածքում և տրված է եղել հատուկ նախազգուշացում»:
Գյումրիի քաղաքապետի ձեռքի տակ ևս Հիդրոմետից ստացված տեղեկությունները կային: Անձրևատարների հետ կապված խնդիր կա, բայց, ըստ Սամվել Բալասանյանի, ստեղծված իրավիճակի պատճառը ավելի շատ տեղումների աննախադեպ ծավալն էր. – «Էդ սառցաբեկորները եկան փակեցին էդ ջրատար անցքերը: Փոքրիկ նավակով մոտեցան, ինչ-որ տեղ հեռացրեցին, ավելի շատ հոսքը գնաց, կարողացանք մենք ազատվել էդ իրավիճակից»:
Բալասանյանի խոսքով, քաղաքում կան 5 վտանգավոր կետեր, որտեղ հորդ անձրևներից հետո հեղեղումներ են գրանցվում: Ամենամեծ խնդիրը ավտոկայանի տնակային բանավանում է: Գյումրի-չայ գետակն էլ էր հեղեղել տներն ու տնակները:
Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության, երեկ փրկարարները Գյումրիում արգելափակումից դուրս են բերել 130 ավտոմեքենա: Շենքերում, նկուղներում, հողամասերում, խանութներում ու այգիներում հեղեղումների մասին շուրջ 780 ահազանգ են ստացել։