Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսով վարակվածների թիվը աշխարհում ընդհուպ մոտեցել է 18 միլիոնի


Կորոնավիրուսով վարակվածների թիվը աշխարհում հատում է 18 միլիոնի շեմը, մահացությունների ցուցանիշը մոտենում է 700 հազարի։ Վարակակիրների թվով առաջատարները շարունակում են մնալ Միացյալ Նահանգները, Բրազիլիան և Հնդկաստանը։

Միացյալ Նահանգներում վերջին մեկ օրում ավելի քան 47 հազար նոր վարակակիր է հայտնաբերվել, միանգամից երեք նահանգներում՝ Նյու Յորքում, Տեքսասում և Ֆլորիդայում Covid-19-ով հիվանդացածների ընդհանուր թիվը հատել 400 հազարի շեմը։

Վարակի տարածման ֆոնին Սպիտակ տունն ու Կոնգրեսը չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ համաճարակի հետևանքով գործազուրկ դարձած միլիոնավոր ամերիկացիներին հատկացվող պետական օգնության տրամադրման շուրջ։

Հանգստյան օրերին կայացած բանակցությունները, որոնց մասնակցում էին Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Մարկ Մեդոուզը, Ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը, Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին և Սենատի մեծամասնության ղեկավար Չաք Շումերը, այդպես էլ որևէ արդյունքի չեն հանգեցրել։

«Ես լավատես չեմ, թե մեզ կհաջողվի մոտ ապագայում գտնել այս խնդրի լուծումը», - CBS հեռուստաընկերության եթերում հայտարարել է Մարկ Մեդոուզը։

Հիմնական տարաձայնությունները վերաբերում են հարկադիր պարապուրդի մեջ գտնվող անձանց հատկացվող օգնության ծավալներին։ Դեմոկրատները պնդում են, որ նպաստի չափը չպետք է կրճատվի՝ մնալով շաբաթական 600 դոլար մակարդակի վրա։

Ի տարբերություն Միացյալ Նահանգների, Ավստրալիայի կառավարությունը այսօր կայացած նիստի ընթացքում արագորեն մի որոշում է կայացրել, որը զգալիորեն կթեթևացնի այն հազարավոր մարդկանց տնտեսական կացությունը, որոնք բժիշկների ցուցումով հայտնվել են 14-օրյա կարանտինի պայմաններում։ Ավստրալիայի կառավարությունը այդ մարդկանց երկշաբաթյա պարապուրդի համար 1500 ավստրալական դոլար՝ ավելի քան հազար ամերիկյան դոլար կվճարի։

«Այս համաճարակը աղետ է։ Մենք պետք է գործենք այնպես, ինչպես գործում ենք աղետների ժամանակ։ Աղետների ժամանակ նախատեսվող արտակարգ վճարումների այս ֆոնդը նախատեսված է այն մարդկանց համար, որոնք 14 օր, ոչ իրենց մեղքով, գտնվելու են մեկուսացման մեջ», - այսօր նշել է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը։

Ավստրալիայում կորոնավիրուսի երկրորդ ալիքի էպիկենտրոն է շարունակում մնալ Վիկտորիա նահանգը և դրա մայրաքաղաքը՝ հինգ միլիոն բնակիչ ունեցող Մելբուրնը։ Վատթարացող համաճարակաբանական կացության ֆոնին Վիկտորիայի կառավարությունը կիրակի օրն այստեղ արտակարգ դրություն և պարետային ժամ հայտարարեց։ Այսօր նահանգում կորոնավիրուսի ավելի քան 400 նոր դեպք է արձանագրվել, 13 մարդ մահացել է։

Իրադրությունը բավական մտահոգիչ է նաև Հնդկաստանում։ Այստեղ վարակակիրների թիվը ավելի քան 1 միլիոն 700 հազար է, շուրջ 36 հազար մարդ մահացել է։ Կիրակի օրը հայտնի դարձավ, որ կորոնավիրուսով է վարակվել նաև երկրի ամենաազդեցիկ պաշտոնյաներից մեկը՝ ներքին գործերի նախարար Ամիտ Շահը։ Վարչապետ Նարենդրա Մոդիի մերձավոր զինակիցը համարվող Շահը հիվանդանոց էր տեղափոխվել կիրակի երեկոյան։

Կորոնավիրուս է հաստատվել ևս մեկ պետական գործչի՝ Կոսովոյի վարչապետ Ավդուլա Հոթիի մոտ։ Նա, սակայն, բուժվում է տանը։ Կոսովոյի կառավարության ղեկավարի խոսքով՝ ինքը Covid-19-ի որևէ ախտանիշ չունի՝ բացառությամբ թեթև հազի։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարները շարունակում են հանդես գալ համաճարակաբանական կանոնների պահպանման կոչերով՝ նշելով, որ մինչև արդյունավետ պատվաստանյութի կամ պատվաստանյութերի ստեղծումը սոցիալական հեռավորության պահպանումը, ձեռքերի ախտահանումը, պաշտպանիչ դիմակներ կրելը կորոնավիրուսի դեմ պայքարի լավագույն ձևերն են։

«Կարծես թե այն երկրների մեծ մասում, որտեղ վարակի ներքին տարածման բարձր տեմպեր են առկա, ճգնաժամի հաղթահարման համար տևական ժամանակ է պահանջվում։ Դա, սակայն, մի շարք պարզագույն կանոններ կատարելու հստակ հանձնառություն է պահանջում, ինչը, սակայն, դժվար է կյանքի կոչել», - այսօր Ժնևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Մայք Ռայանը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության պնդմամբ, ի դեպ, կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարին խոչընդոտող գլխավոր գործոններից մեկը մնում է լաբորատոր կարողությունների սահմանափակ ծավալը։ Դրա հետևանքով շատ մարդիկ կորոնավիրուսի թեստի արդյունքների սպասում են երկու, երեք, երբեմն մինչև հինգ օր՝ այդ ընթացքում շարունակելով տարածել վարակը։ Այս խնդրի լուծման միակ ճանապարհը, ըստ բժիշկների, այսպես կոչված էքսպրես թեստերն են։

Այս խնդրին լուրջ ուշադրություն են դարձնում հատկապես Մեծ Բրիտանիայում։ Լոնդոնում հայտարարում են, որ առաջիկա ամիսներին հենց բրիտանական արտադրության էքսպրես թեստերն են դառնալու վարակի հայտնաբերման առանցքային մեթոդը՝ հնարավորություն տալով պատասխանը ստանալ թեստավորումից 90 րոպե անց։

«Մենք օրական արվող թեստերի քանակը կես միլիոնին հասցնելու ճանապարհին ենք։ Հուսով ենք, որ դրան կհաջողվի հասնել արդեն հոկտեմբերի վերջին և այս նոր տեխնոլոգիաները կօգնեն դրան», - այսօր հայտարարել է Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոքը։

XS
SM
MD
LG