Իրաքում շարունակվող բողոքի ակցիաների ֆոնին երկրի վարչապետ Մուստաֆա Ալ Քադիմին հայտարարել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մտադրության մասին։
Դրանք, ըստ կառավարության ղեկավարի, կկայանան 2021 թվականի հունիսի 6-ին՝ գործող խորհրդարանի լիազորությունների ավարտից մոտ մեկ տարի առաջ։
«Համակարգային կոռուպցիան, վատ կառավարումը, հովանավորչությունը և հստակ ծրագրերի բացակայությունը բազմաթիվ տնտեսական և սոցիալական խնդիրների պատճառ են հանդիսացել», - հայտարարում էր Իրաքի վարչապետը ուրբաթ երեկոյան հեռարձակված հեռուստաուղերձում։
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները նախորդ տարեվերջին Իրաքում մեկնարկած բողոքի ակցիաների գլխավոր պահանջներից մեկն էին։ ՄԱԿ-ի ղեկավարությունը արդեն իսկ ողջունել է Իրաքում արտահերթ ընտրություններ անցկացնելու կառավարության նախաձեռնությունը, ընդգծելով, որ դա «կնպաստի Իրաքում ժողովրդավարության ամրապնդմանն ու ընդհանուր իրավիճակի կայունացմանը»։