Մատչելիության հղումներ

Փաշինյանը բացառում է Ալիևի հետ հանդիպման հնարավորությունը, քանի դեռ հայ-ադրբեջանական լարվածությունը չի հանգուցալուծվել


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման հնարավորությունը, քանի դեռ հայ-ադրբեջանական լարվածությունը չի հանգուցալուծվել։

«Մեզ համար անընդունելի են սպառնալիքներով Հայաստանը բանակցային գործընթացի մեջ ներքաշելու փորձերը», - ռուսական РБК-ին տված հարցազրույցում ասել է Փաշինյանը, ընդգծելով՝ թող որևէ մեկը պատրանքներ չունենա, թե կարող է Հայաստանի հետ խոսել սպառնալիքների լեզվով։

Պատասխանելով հարցին, թե ո՞ւմ էր ձեռնտու վերջին լարվածությունը, Փաշինյանը հիշեցրել է՝ Ադրբեջանի նախագահը վաղուց է հայտարարում խնդիրը ռազմական ճանապարհով կարգավորելու մասին, վերջերս էլ սպառնացել էր ընդհանրապես դուրս գալ բանակցային գործընթացից։

«Կա նաև մեկ այլ նրբություն՝ ինչո՞ւ են ադրբեջանցիները հարձակում ձեռնարկել ոչ թե Ղարաբաղի, այլ՝ Հայաստանի պետական սահմանի ուղղությամբ։ Այդ միջադեպից մեկ շաբաթ առաջ հայտարարվեց, թե հիմա Ադրբեջանը չի կարող հարձակվել Ղարաբաղի ուղղությամբ, քանի որ տեղի զինված ուժերը տեղադրել են տեսադիտարկման սարքեր, և Ադրբեջանի զորքի յուրաքանչյուր տեղաշարժ տեսանելի է դառնում Ղարաբաղի զինված ուժերի համար։ Բացի այդ, շփման գծի մերձակայքում բազմաթիվ ադրբեջանական բնակավայրեր կան, և նրանց համար դժվար է հարձակում իրականացնել Ղարաբաղի ուղղությամբ։ Ուստի, նրանք հարձակվել են այնտեղ, որտեղ սահմանը այդչափ համալրված չէ տեսադիտարկման համակարգերով, և ընդ որում, այդ ուղղությամբ կա միայն մեկ ադրբեջանական գյուղ, ինչը ևս շատ հատկանշական փաստ է։ Հայկական գյուղերը, մինչդեռ, շատ-շատ են», - ասել է Հայաստանի վարչապետը։

Փաշինյանը նշել է, որ մի քանի անգամ՝ հրապարակային և աշխատանքային միջավայրում խորհուրդ է տվել Իլհամ Ալիևին Հայաստանի հետ սպառնալիքների լեզվով չխոսել, քանի որ «դա որևէ արդյունքի չի բերի»։ Խոսելով ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին՝ Հայաստանի վարչապետը վերահաստատել է դիրքորոշումը, որի մասին հայտարարում է իշխանության գալու առաջին իսկ օրից՝ խնդիրը հնարավոր է լուծել միայն այն ժամանակ, երբ բանակցություններին կմասնակցեն նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի քվեն ստացած ներկայացուցիչները։

«Եթե Ադրբեջանի նախագահն ուզում է, որ Հայաստանի վարչապետը ներկայացնի Լեռնային Ղարաբաղը բանակցությունների սեղանի շուրջ, ստացվում է, որ ոչ միայն ես, այլև նա էլ համաձայն է, որ Ղարաբաղը Հայաստան է։ Եթե այդպես է, եկեք արձանագրենք այդ փաստը և գնանք առաջ», - ասել է Փաշինյանը:

Հայաստանի վարչապետը միաժամանակ փաստել է, որ պատերազմական լայնածավալ գործողությունների վերսկսման վտանգը դեռ կա, «քանի որ եղել են ուժեր և երկրներ, որոնք հրահրել են այս հակամարտությունը»։

«Առաջին հերթին՝ դա Թուրքիան էր, որ հրահրում էր հակամարտությունը։ Թուրքիայի նախագահը ոչ միայն չի ճանաչում 1915 թվականի Հայոց ցեղասպանության փաստը, այլև արդարացնում է Ցեղասպանությունը։ Եվ կա մեկ այլ գործոն՝ Թուրքիան, ինչպես և այս դարասկզբին, երազում է վերահսկողության տակ առնել Կովկասը։ Եվ վերջին 30 տարիներին՝ ԽՍՀՄ փլուզումից հետո, թուրքերը ամենօրյա աշխատանք են տանում այդ երազը, այդ նպատակը իրականություն դարձնելու համար։ Եթե դա իրականություն դառնա, կարծում եմ՝ առաջին հերթին ռուսաստանցիների համար ակնհայտ է, թե ինչ հետագա աշխարհաքաղաքական հնարավոր հետևանքներ դա կունենա», - ասել է Փաշինյանը։

Քննադատելով Թուրքիային՝ Հայաստանի վարչապետը միաժամանակ ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը, առանձնացնելով հատկապես Ռուսաստանի «բացառապես կառուցողական» դերը։ Արձագանքելով քննադատություններին, թե ինչո՞ւ է Թուրքիան այդքան միանշանակ պաշտպանում Ադրբեջանին, մինչդեռ Ռուսաստանը նույն ոգով չի սատարում դաշնակից Հայաստանին, Փաշինյանը հիշեցրել է՝ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, միջնորդ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, և նրա գործողությունները պետք է լինեն այդ համատեքստում։

«Ռուսաստանը չի կարող մի կողմ քաշվել այս իրադարձություններից, քանի որ այս խնդիրը վերաբերում է ոչ միայն Հայաստանի կենսական կարևորության շահերին, այլև Ռուսաստանի Դաշնության համար կենսական կարևորություն ունեցող հետաքրքրություններին։ Այստեղ ոչ միայն տարածաշրջանային անվտանգության հարցն է որոշվում, այլև՝ համաշխարհային, քանի որ հիմա մեր տարածաշրջանում իրավիճակն այնքան թեժ է, որ ղարաբաղյան հակամարտության գոտում թեժացումը կարող է բերել գլոբալ աղետի»։

Լարվածության թուլացման լավագույն բանաձևն, ըստ Փաշինյանի, միջազգային դիտորդների տեղակայումն է շփման գոտում, որոնք տեղում կարձանագրեն՝ կողմերից որն է առաջինը խախտել հրադադարի ռեժիմը։

«Անհրաժեշտ է ստեղծել հրադադարի խախտման դեպքերի մոնիտորինգի և քննության մեխանիզմ։ Այս հարցը միշտ է եղել մեր օրակարգում, սակայն, Ադրբեջանը չի ընդունում այդ առաջարկը։ Հույս ունեմ, որ գոնե վերջին իրադարձություններից հետո կգանք այդ որոշմանը», - ասել է Հայաստանի կառավարության ղեկավարը։

Փաշինյանը հիշեցրել է՝ Ադրբեջանի առաջնորդը մինչ օրս անարձագանք է թողել նաև իր առաջարկած բանաձևը, ըստ որի հակամարտության կարգավորումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ադրբեջանի և Ղարաբաղի ժողովուրդների համար։ «Ես նաև առաջարկել եմ հայերին ու ադրբեջանցիներին դադարեցնել միմյանց հասցեին վիրավորանքները սոցիալական ցանցերում, իրենց դնել դիմացինի տեղը և փորձել հասկանալ՝ ինչո՞ւ են հայերն այդպես մտածում, կամ՝ ինչո՞ւ են ադրբեջանցիները այդ կարծիքին», - նշել է Փաշինյանը, ընդգծելով՝ Հայաստանի պաշտոնական հռետորաբանության մեջ ատելություն չկա, ինչը չենք կարող ասել Ադրբեջանի կառավարության մասին։

Անդրադառնալով Ռուսաստանում՝ հայաստանցիների ու ադրբեջանցիների միջև անցած շաբաթ արձանագրված բախումներին, Փաշինյանը պնդել է՝ դրանք ոչ միայն Ադրբեջանի ղեկավարության հակահայկական հռետորաբանության արտահայտությունն են, այլև Ռուսաստանը ապակայունացնելու, Ռուսաստանը ազգամիջյան բախումների թատերաբեմ դարձնելու փորձ:

«Մեր դիրքորոշումը հստակ է՝ չի կարելի տրվել այդ սադրանքներին, քանի որ Ռուսաստանի կայունությունը ռազմավարական կարևորություն ունի մեզ համար։ Եվ իմ կոչն է դադարեցնել այդ ամենը։ Ռուսաստանում ապրողները պարտավոր են հետևել ՌԴ օրենքներին ու կանոնադրությանը։ Այն, ինչ կատարվում է, հակասում է ոչ միայն օրենքին, այլև բարոյական նորմերին», - ընդգծել է վարչապետը։

XS
SM
MD
LG