Խաբարովսկի նահանգում ցույցերը նախկին նահանգապետ Սերգեյ Ֆուրգալի պաշտպանությունից վերածվել են հակակառավարական հանրահավաքների. ցուցարարներն արդեն պահանջում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրաժարականը:
Երեկ երեկոյան կրկին բազմամարդ հավաք էր Խաբարովսկի կենտրոնական հրապարակում:
Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի մամուլի խոսնակ Կիրա Յարմիշը Թվիթերում տեղադրելով Պուտինի հրաժարականը պահանջող տեսանյութը, նաև գրել է, որ այն նվիրում է Կրեմլին մոտ կանգնած բոլոր քաղաքագետներին և լրագրողներին, որոնք գրում են, թե Խաբարովսկի բողոքի ակցիաները որևէ կերպ չեն առնչվում դաշնային օրակարգային հարցերին, ինչպես ներկայացնում են ընդդիմադիրները:
«Պուտին, հրաժարական», «Ռուսաստանն առանց Պուտինի», - բացականչում էին Խաբարովսկի ցուցարարները:
Հանրահավաքից հետո, նրանք երթով անցել են կենտրոնական փողոցներով, ոստիկանությունը չի միջամտել և չի խոչընդոտել երթին ու ցույցին:
Պուտինի, Մոսկվայի դեմ բողոքներից բացի, ցուցարարները չեն ընդունում օրերս նահանգապետի պաշտոնակատար նշանակված Միխայիլ Դեգտյարովին:
Հուլիսի 20-ի հրամանագրով Պուտինը Պետդումայի պատգամավոր Դեգտյարովին նշանակել է նահանգապետի պաշտոնակատար: Միխայիլ Դեգտյարովը և նախկին նահանգապետը Լիբերալ-դեմոկրատական կուսակցության անդամներ են:
Դեգտյարովի նշանակման կապակցությամբ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե Պուտինը հաշվի է առել Խաբարովսկի կարծիքը, սակայն տեղացիները չեն ընդունում նրա նշանակումը:
Ցուցարարները բացականչել են՝ «Դեգտյարով, տուն», «ճամպրուկդ հավաքիր, գնա Սամարա»: Նահանգապետի պաշտոնակատարը Սամարայից է սկսել իր քաղաքական կարիերան, որևէ կապ, առնչություն չի ունեցել Խաբարովսկի հետ մինչ հիմա:
Ցուցարարները պահանջել են, որ նահանգապետի նորանշանակ պաշտոնակատարը դուրս գա իրենց հետ հանդիպման, իսկ Դեգտյարովն էլ հայտարարել է, թե թույլ չի տա իրեն պայմաններ թելադրել, Մոսկվա չի վերադառնա և ցուցարարների մոտ դուրս չի գա:
«Նրանց, ովքեր բացականչում են՝ հեռացիր, միանգամից ասեմ՝ չեմ հեռանա», - Instagram-ում տեղադրված տեսանյութում նշել է նահանգապետի պաշտոնակատարը: Նա նաև հայտնել է, թե Խաբարովսկի զանգվածային ցույցերի կազմակերպման ետևում ինչ-որ մեկը կանգնած է:
Նախկին նահանգապետ Սերգեյ Ֆուրգալին իրավապահները ձերբակալել էին հուլիսի 9-ին և տեղափոխել Մոսկվա, որտեղ դատարանը նրան երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել:
Ֆուրգալը մեղադրվում է ծանր հանցագործությունների մեջ. 15 տարի առաջ Խաբարովսկի նահանգում գործարարների սպանություններ կազմակերպելու մեջ, նա բոլոր մեղադրանքները հերքում է:
Արդեն երկու շաբաթ Խաբարովսկում բողոքի ցույցերը չեն դադարում, մարդիկ պաշտպանում են իրենց նախկին նահանգապետին, արդար քննություն պահանջում: Ակցիաները սկսելուց հետո, այսօր առաջին անգամ իրավապահները ցուցարարներից մեկին ծանուցագիր են հանձնել՝ հուլիսի 27-ին հարցաքննության ներկայանալու համար:
Անհայտ անձինք հարձակվել են Youtube-ում Navalny online TV ալիքի օպերատոր Դմիտրի Նիզովցևի վրա: Թվիթերի իր էջում նա գրել է, որ իր տան նրբանցքի մոտ երեք հոգի հարձակվել են իր վրա, հարվածել, գետին գցել:
Նիզովցևը վերջին օրերին Խաբարովսկից ուղիղ եթեր էր մտնում, լուսաբանում շարունակվող բողոքի ակցիաները: