Մատչելիության հղումներ

Ծառուկյանի փաստաբանը նոր վարույթի առնչությամբ վստահեցնում է՝ ըստ էության խախտում տեղի չի ունեցել


«Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը զրուցում է լրագրողների հետ, արխիվ
«Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը զրուցում է լրագրողների հետ, արխիվ

Գագիկ Ծառուկյանը պատգամավորական գործունեությանը զուգահեռ առերևույթ զբաղվել է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կառավարմամբ։ Այս մասին հայտարարում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որն արդեն առերևույթ խախտման հիմքով վարույթ է հարուցել։

Առիթը, ըստ կոռուպցիայի դեմ պայքարող նորաստեղծ հանձնաժողովի, «Մուլտի Գրուպ» կոնցեռն ընկերության 2020 թվականի հունիսի 23-ի ընդհանուր ժողովի արձանագրությունն է, որը ստորագրել է Գագիկ Ծառուկյանը։ Դրանով որոշվել էր դադարեցնել ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանի լիազորությունները և տնօրենի պաշտոնակատար նշանակել Արայիկ Կեսոյանին։

Ծառուկյանի պաշտպան Էմին Խաչատրյանը պնդում է՝ ըստ էության որևէ խախտում տեղի չի ունեցել։ Պաշտպանը միևնույն ժամանակ նկատում է՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին այլ բան չէր մնում, քան օրենքով վարույթ հարուցելը՝ անհրաժեշտ պարզաբանումներ ստանալու համար։ Ասում է՝ քանի որ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հավատարմագրային կառավարիչ Առուստամյանն ապրիլից կալանավորված է, Ծառուկյանը ստիպված նրա փոխարեն նոր կառավարիչ էր նշանակել։

«Էս պայմաններում էդ բիզնեսների բնականոն գործունեությունը խաթարվել է: Էդտեղ անհրաժեշտություն է առաջացել ուղղակի, որպեսզի պարոն Ծառուկյանը կառավարիչի փոխի, որպեսզի էդ աշխատանքները բնականոն ընթացքով շարունակվեն՝ էնտեղ գործարքներ են կնքվում, աշխատավարձեր են վճարվում, բնականաբար, նա չի կարող դա անել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Խաչատրյանը:

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնը, որի մեջ ընդգրկված են 20-ից ավելի ընկերություններ, «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդի կողմից Սեդրակ Առուստամյանին հավատարմագրային կառավարման է հանձնվել 2017 թվականից։ Առուստամյանը «Հյուսիս-հարավի» գործով մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու, կեղծ ձեռնարկատիրության և փողերի լվացման համար: Նա ևս երկու տարբեր քրեական գործերով է անցնում, որոնցից մեկը աննախադեպ չափով կաշառք տալու գործն է. ըստ մեղադրանքի՝ Առուստամյանը Պետական եկամուտների կոմիտեի այժմ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին նրա երկու որդիների միջոցով ավելի քան 22 միլիոն դոլար կաշառք է տվել։ Սեդրակ Առուստամյանն իրեն առաջադրված որևէ մեղադրանքը չի ընդունում։

Ծառուկյանի պաշտպան Էմին Խաչատրյանն ասում է՝ իրենք պատրաստ են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացնել բոլոր պարզաբանումները։ «Էստեղ հստակ պետք է արձանագրենք, որ պարոն Ծառուկյանը որևէ կերպ իրեն սեփականության իրավունքով պատկանող ձեռնարկությունների կառավարմանը չի մասնակցել», - նշեց փաստաբանը:

Մեծահարուստ պատգամավորը երեք քրեական գործով է անցնում, դրանցից մեկով մեղադրվում է ընտրակաշառք տալը կազմակերպելու համար։ Ազգային անվտանգության ծառայությունը «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել, սակայն դատարանն այն չէր բավարարել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG