Մատչելիության հղումներ

Մնացականյանի և ԵՄ ներկայացուցչի հեռախոսազրույցին է միացել Ադրբեջանի նորանշանակ ԱԳ նախարարը


Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյան, արխիվ
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյան, արխիվ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր հեռախոսազրույց է ունցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի հետ, որին միացել է նաև Ադրբեջանի նորանշանակ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:

Հայաստանի ԱԳՆ-ից հայտնում են, որ նախարար Մնացականյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում հուլիսի 12-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով լարված իրադրության շուրջ վերջին զարգացումներին: Նա կարևորել է լարվածության թուլացման և հրադադարի ռեժիմի վերականգման ու ամրապնդման ուղղությամբ ձեռք բերված նախկին պայմանավորվածությունների կատարումը: Այդ համատեքստում որպես առաջնային քայլ Մնացականյանն ընդգծել է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ռազմատենչ հռետորաբանությունից և պատերազմի սպառնալիքից հրաժարումը:

Զոհրաբ Մնացականյանը, անդրադառնալով հեռախոսազրույցի ձևաչափին, առանձնահատուկ ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության անփոխարինելի դերը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում, բարձր գնահատել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի անվերապահ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին, ինչպես նաև վերջինիս այն դիտարկումը, որ տարածաշրջանային երկրները պետք է ձեռնպահ մնան իրադրության ապակայունացմանն ուղղված գործողություններից:

XS
SM
MD
LG