Մատչելիության հղումներ

Զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներին ու նրանց ընտանիքներին կտրվեն հատուցումներ


Նախորդ օրերին Հայաստանի պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին կկատարվեն հետևյալ չափերով հատուցումներ, հայտնում է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը:

Տարածած հայտարարության համաձայն, զոհված կամ առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերած սպաներին կտրամադրվի 82 միլիոն դրամ (շուրջ 170 հազար դոլար), որից 10 միլիոն դրամը միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում: Զոհված կամ առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերած ենթասպաներին՝ 70 միլիոն դրամ (շուրջ 145 հազար դոլար), որից 10 միլիոն դրամը միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում:

«Զոհված կամ առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերած կրտսեր ենթասպաներ և ժամկետային զինծառայողներ՝ 58 միլիոն (շուրջ $120,000), որից 10 միլիոն դրամը միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում:

Երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած սպաներ՝ 53 միլիոն դրամ (շուրջ $110,000), որից 5 միլիոն դրամը միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում:

Երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած ենթասպաներ՝ 41 միլիոն դրամ (շուրջ $85,000), որից 5 միլիոն դրամը միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում:

Երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած կրտսեր ենթասպաներ և ժամկետային զինծառայողներ՝ 29 միլիոն դրամ ($60,000), որից 5 միլիոն դրամը միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում», - նշված է հայտարարությունում:

Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է հուլիսի 12-ին, երբ ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Անցած երկու օրերին մարտական գործողությունների հետևանքով, որոնց ընթացքում կողմերը կիրառել են հրետանի, անօդաչու թռչող սարքեր և այլ զինտեխնիկա, պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական կողմից զոհվել է 11 զինվորական, այդ թվում՝ գեներալ, գնդապետ և այլ բարձրաստիճան սպաներ, և մեկ քաղաքացիական անձ, հայկական կողմից՝ 4 զինվորական:

Այսօր Իջևանում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի տեղակալ, Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ղեկավար Արծրուն Հովհաննիսյանը լրագրողներին հայտնեց, որ մարտերի ընթացքում հայկական կողմն ունեցել է 20 վիրավոր, որոնցից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

XS
SM
MD
LG