Եվրամիության (ԵՄ) անդամ պետությունների ղեկավարները ուրբաթ օրը մեկնարկած գագաթնաժողովի ընթացքում համաձայնության չեն եկել ֆինանսական օգնության փաթեթի շուրջ, որը նախատեսված է կորոնավիրուսից ամենաշատը տուժած երկրների տնտեսությունները վերականգնելուն:
Ըստ AFP-ի` Ավստրիան և Նիդերլանդները դեմ են շուրջ 500 միլիարդ եվրոն ծանր վիճակում հայտնված երկրներին անվերադարձ տրամադրելուն: Դիվանագետների փոխանցմամբ` գագաթնաժողովի առաջին օրը «բարդ» էր, բանակցությունները «կոշտ և ոչ այնքան կառուցողական»` հիմնականում նիդերլանդական կառավարության ղեկավար Մարկ Ռյուտեի դիրքորոշման պատճառով:
«Բնականաբար, մենք ցանկանում ենք համերաշխություն դրսևորել, սակայն մենք նաև պետք է հաշվի առնենք ավստրիացի հարկատուների շահերը», - շեշտել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը: Նիդերլանդների ներկայացուցիչներն առաջարկում են օգնությունը տրամադրել տուժած երկրներում բարեփոխումներ անցկացնելու պայմանով, ինչին դեմ են Իտալիան և Իսպանիան: