Մատչելիության հղումներ

Ալիևը ադրբեջանցի մի շարք դիվանագետների մեղադրում է դավաճանության մեջ


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռավար հանդիպում է անցկացնում նորանշանակ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, Բաքու, 16-ը հուլիսի, 2020թ.
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռավար հանդիպում է անցկացնում նորանշանակ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, Բաքու, 16-ը հուլիսի, 2020թ.

Իլհամ Ալիևը ադրբեջանցի մի շարք դիվանագետների մեղադրել է դավաճանության մեջ, պնդել, որ նրանք դավաճանել են հայրենիքին և չեն էլ թաքցնում։ Թե ովքեր են նրանք և ում օգտին են դավաճանել, Ադրբեջանի նախագահը չի հստակեցրել:

Նախօրեին նորանշանակ արտգործնախարարի հետ հեռավար հանդիպման ժամանակ Ալիևը հայտարարել է նաև, որ ադրբեջանցի մի շարք դիվանագետներ գտնվում են այն երկրների հատուկ ծառայությունների վերահսկողության տակ, որտեղ և բնակվում են։

«Մենք այդ մասին բավականաչափ տեղեկություններ ունենք։ Այսօր բոլոր նրանք, ովքեր ներկայանում են ադրբեջանցի, Ադրբեջանի դեմ կեղտոտ արշավ են վարում, հայերից էլ վատ», - հավելել է Ալիևը և մեղադրանքների տարափ հնչեցրել իր բնորոշմամբ բարեկամ ներկայացող երկրների հասցեին, որոնք խոսում են գործընկերության մասին, սակայն իրականում Ադրբեջանի դեմ են գործում:

«Նրանց նպատակը Ադրբեջանին սևացնելն է, Ադրբեջանի ղեկավարության մասին ստեր տարածելը, կյանքը, սակայն, ցույց է տալիս, որ այդ ամենը որևէ նշանակություն չունի», - համոզմունք է հայտնել Ադրբեջանի ղեկավարը, ով հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող ռազմական լարվածության ֆոնին արդեն չորրորդ օրն է անխնա քննադատում է ոչ միայն Հայաստանի իշխանություններին, այլ նաև հայրենի ընդդիմությանը՝ անվանելով նրանց հինգերորդ շարասյուն, և իր ենթակայության տակ գտնվող ու իր իսկ կողմից նշանակված դիվանագիտական ճակատն առաջնորդող պաշտոնյաներին:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ իր այս վերջին ելույթում, որի սղագրությունը նախագահական աշխատակազմը տարածել է, Իլհամ Ալիևը հիշատակել է միայն քաղաքական էմիգրանտներին:

«Մեր հատուկ ծառայությունները բազմիցս տեղյակ են պահել այդ մասին իրենց գործընկերներներին։ Մենք ասել ենք, որ հենց նրանք են այդ մարդկանց աշխատանքը համակարգում, դա ցույց է տալիս այդ երկրների երկերեսանիությունը, որոնք միայն բառերով են մեր ընկերները», - սրտնեղել է Ադրբեջանի ղեկավարը և մի շարք հանձնարարականներ տվել իր կողմից նշանակված նոր արտգործնախարարին, ով, սակայն, դիվանագիտական գործունեությամբ երբեք չի զբաղվել:

47 -ամյա Բայրամովը մասնագիտությամբ տնտեսագետ և իրավաբան է, մինչև նոր նշանակումը զբաղեցնում էր Ադրբեջանի կրթության նախարարի պաշտոնը:

Ավելի քան մեկուկես տասնամյակ արտգործնախարար աշխատած Էլմար Մամեդյարովից հետո դիվանագիտական փորձ չունեցող Ջեյհուն Բայրամովի նշանակումը «Թուրան» գործակալության մեկնաբանն անսպասելի է համարում` տարակուսանք հայտնելով նորանշանակ նախարարի հետագա գործունության արդյունավետության վերաբերյալ:

«Եթե ենթադրենք, որ Մամեդյարովը վատ էր կատարում պետության ղեկավարի հանձնարարությունները և բավականաչափ ակտիվ չէր, ապա, բնականաբար, նոր նախարարից ավելի շատ վճռականություն է պահանջվում ազգային շահերն առաջ մղելու հարցում։ Սակայն դժվար է հավատալ, որ դա կմոտեցնի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը», - գրում է ադրբեջանական լրատվական գործակալությունը:

Լրատվամիջոցը նկատում է, որ մինչ այժմ պետության ղեկավարը երբեք չէր քննադատել ԱԳՆ-ին պասիվության համար։ «Ընդհակառակը՝ բոլոր հարթակներից բարձրագոչ հայտարարում էին, թե մեր դիվանագիտությունն ակտիվ է, և մենք գաղափարական հաղթանակ ենք տանում Հայաստանի նկատմամբ, ողջ աշխարհը ճանաչում է մեր ճշմարտացիությունը և տարածքային ամբողջականությունը», - գրում է «Թուրան»-ի մեկնաբանը և եզրափակում․ - «Միևնույն ժամանակ, ԱԳՆ-ի գործողությունների և արտաքին քաղաքական քայլերի վերաբերյալ ցանկացած քննադատություն մամուլում և ընդդիմության կողմից իշխանությունները գնահատում էին որպես երկրի հաջողությունները սևացնելու փորձ»:

XS
SM
MD
LG