Մատչելիության հղումներ

Առաջարկվում է թույլատրել ժամանակավորապես անաշխատունակ պատգամավորների հեռավար քվեարկությունը


Ազգային ժողովն արտահերթ և հատուկ՝ 24-ժամյա ռեժիմով քննարկում է «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխութուններ կատարելու նախագիծը, որով առաջարկվում է ներդնել առողջության հիմքով ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված պատգամավորների հեռավար քվեարկության կարգը:

Գործող կարգավորումներով դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ պատգամավորը գտնվում է գործուղման մեջ:

Օրենքի համահեղինակ և հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանը նախագծի անհրաժեշտությունը բացատրում է կորոնավիրուսի համաճարակով, բայց խորհրդարանի նախագահի հստակեցնող հարցից հետո միայն տեղեկացրեց, որ օրենքում այդ մասին առանձին չի նշվում:

Արարատ Միրզոյան. – «Նպատակը կորոնավիրուսի համաճարակի պայմաններում Ազգային ժողովի աշխատանքները չպարալիզացնելն է: Ես, կարծում եմ, ճիշտ եմ հասկանում: Եվ ահա այս պայմաններում, ես կարծում եմ, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում արվող փոփոխությունը պետք է առավելագույնս հստակ լինի, այլ մեկնաբանությունների և չարաշահումների տեղ չտա, ոչ թե հարյուր, այլ երկու հարյուր տոկոսով հստակ գրված լինի: Արդյո՞ք դա այնպես է, և ճշգրտման կարիք չկա»:

Վահագն Հովակիմյան. – «Խնդիրը դրվեց ընդհանուր լուծել հարցը, երբ որ Ազգային ժողովի պատգամավորը առողջական խնդիրներով պայմանավորված ի վիճակի չէ ներկայանալ աշխատանքի»:

Նախագծին դեմ արտահայտվեց ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա հիշեցրեց, որ ժամանակին ծրարով քվեարկության մշակույթը ներդրվեց նախկին իշխանությունների կողմից, և այն ժամանակ Հանրապետական խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանի այս նախագծին դեմ էին քվեարկել «Ելք» դաշինի պատգմավորները. – «Քիչ չի դա դարձրել եք լեգիտիմ գործիք, հիմա էլ ասում եք` քանի որ դա նորմալ ա, որ գործուղման գնացած մարդը ծրար ա ուղարկում, էկեք մի հատ էլ անաշխատունակության հետ կապված էլի ծրար ուղարկի... Ժողովուրդ, կարո՞ղ ա մոռանում ենք, որ Հայաստանը խորհրդարանական երկիր ա, Էս դահլիճում կարա մի ժամից, օրինակ, երկրի ղեկավար փոխվի... Էդ ո՞նց եք պատկերացնում պատգամավորին չտեսնենք, տանը, ինչ իմանամ, զենք են դրել գլխին, ինչ են պահել գլխին, ինչ ա ստորագրել: Էդ դուք ձեր տակ ռո՞ւմբ եք դնում»:

Արարատ Միրզոյանը առաջարկեց պայմանավորվել, որ սա ժամանակավոր դրույթ է, և կորոնավիրուսի համաճարակի ավարտին վերադարձ կլինի նախորդ կարգավորմանը: Առաջին ընթերցումից հետո առաջարկները կքննարկվեն հանձնաժողովի նիստում և երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ նախագիծը կքվեարկվի վաղը. – «Կարող ենք այժմ հրապարակավ պայմանավորվել, որ սա ժամանակավոր դրույթ է»:

Իշխանական պատգամավոր Սուրեն Գրիգորյանի նախագիծը ևս սահմանադրական օրենքում փոփոխություն էր: Պատգամավորը առաջարկում է ընդլայնել ԱԺ նախագահի լիազորությունները, որպեսզի հնարավոր լինի լրացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի թափուր տեղը:

Բանն այն է, որ գործող կարգավորումներով, թափուր պաշտոնը համալրելու համար թեկնածու պետք է առաջադրի մրցութային հանձնաժողովը, իսկ այդ հանձնաժողովը չի ձևավորվում, քանի որ հանձնաժողովի հինգ անդամներից մեկին պետք է առաջադրի Ազգային ժողովը՝ կոնսենսուսով: ԱԺ-ի խմբակցությունները կոնսենսուսի գալ չեն կարողանում, և իշխանական պատգմավորը այսպիսի լուծում է գտել․ ԱԺ ներկայացուցչին մրցութային հանձնաժողովում կառաջադրի ԱԺ-ի նախագահը: Սա հնարավորություն կտա սկսել գործընթաց, որով 2019 թվականի նոյեմբերից հանձնաժողովի թափուր մնացած պաշտոնը կհամալրվի: Նկատենք, որ մրցութային հանձնաժողովի առաջադրած անդամին փակ գաղտնի քվեարկությամբ ընտրելու է ԱԺ-ը:

Իշխանական մեկ այլ պատգամավոր՝ Վլադիմիր Վարդանյանը առաջարկեց, որ փոփոխությունը ոչ թե անմիջապես ուժի մեջ մտնի, այլ սահմանվի որոշակի ժամկետ՝ համախոհությամբ խորհրդի անդամ առաջադրելու համար, որից հետո նոր միայն լիազորությունը կփոխանցեն ԱԺ-ի նախագահին:

Հեղինակը խոստացավ երկրորդ ընթեցմանն արդեն ավելացնել առաջարկը:

Ընդդիմադիրները այս նախագիծը հետընթաց որակեցին։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյան․ - «Բավականին բացասական ուղերձ ենք հղում մեր պարլամենտական մշակույթին և մեր հանրությանը: Մինչև այս մենք կարծես թե կոնսենսուսային տարբերակներով թե' կազմավորման հարցում, թե' այլ հարցերում ճիշտ ճանապարհով ենք գնացել և փորձել ենք բոլոր քաղաքական ուժերին ներգրավել այդ աշխատանքներում: Բայց փաստորեն մեկ փորձից հետո մենք վարանում ենք առաջ գնալուց և չենք փորձում երկրորդ, երրորդ, չորրորդ տարբերակները, այլ միանգամից հրաժարվում ենք կոնսենսուսային ճանապարհով խնդրի լուծումից»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյան․ - «Բերել և միանշանակ ասել` չէ, անպայման պետք է ձևավորվի և ձևավորվի ա'յս մեխանիզմով, որը դուք եք առաջարկում, ինքը, այո, ընդդիմության առումով բավականին խնդրահարույց է և հետքայլ է»:

Նշված մրցութային հանձնաժողովում, բացի ԱԺ-ից, ներկայացուցիչներ ունեն նաև Կառավարությունը, Բարձրագույն դատական խորհուրդը, Մարդու իրավունքների պաշտպանը, Փաստաբանների պալատը:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը իրեն վերապահվող լրազորությունը ևս բացասական է գնահատում, բայց այլընտրանք չի տեսնում։ Նրա խոսքով, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է կարողանա օր առաջ ողջ ներուժով գործել․ - «Ես չեմ համարում սա լավ լուծում: Այդուհանդերձ, ես համարում եմ սա լուծում»:

Միրզոյանը շարունակեց անկեղծանալ՝ ինքն ընդհանրապես մրցութային հանձնաժողովին է դեմ: Հիշեցրեց, որ հենց ինքն էր բերել փոփոխությունների այն փաթեթը, որով վերացվեց մրցութային հանձաժողովը, իսկ գործող անդամները ընտվեցին Միրզոյանի առաջարկած փոփոխություններով, ինչը ևս ժամանակին քննադատության առիթ էր դարձել:

Իսկ հանձնաժողովում այդ ընտրությունից հետո թափուր տեղ առաջացավ, քանի որ «Իմ քայլի» կողմից առաջադրած անդամ Էդգար Շաթիրյանը հրաժարական ներկայացրեց այն բանից հետո, երբ հանձնաժողովի նախագահ ընտվեց «Լուսավոր Հայաստանից» առաջադրված անդամ Հայկուհի Հարությունյանը։ Թափուր տեղի համար ընտրությունը այժմ պետք է իրականացվի օրենքի փոփոխված տարբերակով, այսինքն՝ մրցութային հանձնաժողովի միջոցով, ինչը նաև միջազգային կառույցների խորհուրդն էր:

XS
SM
MD
LG