Մատչելիության հղումներ

Ռուսաստանն ամեն ինչ կանի՝ կարգավորելու հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունը. Մատվիենկո


ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկո, արխիվ
ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկո, արխիվ

Ռուսաստանը ամեն ինչ կանի՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունը կարգավորելու համար, հայտարարել է Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։

«Ստեղծված իրավիճակը շատ է անհանգստացնում մեզ, և մենք կանենք ամեն բան՝ դրա թեժացումը կանխելու, ռազմական գործողությունները կանգնեցնելու համար», - հայտարարել է Մատվիենկոն՝ հավելելով. - «Իրադրությունը իսկապես շատ տագնապալի է»։

«Այժմ կարևորը, իմ կարծիքով , ոչ թե մեղավորների փնտրտուքն է, այլ՝ հրադադարի անհապաղ հաստատումը», - լրագրողներին ասել է Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի նախագահը, տեղեկացնելով, որ դիվանագիտական խողովակներով կիրառվում են բոլոր միջոցները՝ կայունությունը վերականգնելու ու հաշտեցման համար։

Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է հուլիսի 12-ին, երբ ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Անցած երկու օրերին մարտական գործողությունների հետևանքով, որոնց ընթացքում կողմերը կիրառել են հրետանի, անօդաչու թռչող սարքեր և այլ զինտեխնիկա, պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական կողմից զոհվել է 11 զինվորական, այդ թվում՝ գեներալ, գնդապետ և այլ բարձրաստիճան սպաներ, և մեկ քաղաքացիական անձ, հայկական կողմից՝ 4 զինվորական, որոնցից երկուսը՝ սպաներ:

XS
SM
MD
LG