Մատչելիության հղումներ

Հայաստանում Ուկրաինայի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ


Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբա, արխիվ
Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբա, արխիվ

Այսօր Արտգործնախարարություն է հրավիրվել Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբան, որին ընդունել է ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։

Շավարշ Քոչարյանը դեսպանին ներկայացրել է Հայաստանի ԱԳՆ գնահատականը հայ-ադրբեջանական սահմանային լարվածության վերաբերյալ Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության առնչությամբ։

Փոխնախարարը դեսպանին փոխանցել է նաև տեղեկատվություն հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ հուլիսի 12-ից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի խախտումների, քաղաքացիական ենթակառուցվածքների ու խաղաղ բնակչության շարունակական թիրախավորման, ինչպես նաև Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակի մասին, ասված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության հաղորդագրությունում:

Ուկրաինայի արտգործնախարարությունը երեկվա հայտարարությունում մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության առնչությամբ, որի արդյունքն է, ըստ գերատեսչության, «Թովուզի ուղղությամբ հրետակոծությունը», և հանդես է եկել իրավիճակի քաղաքական կարգավորման օգտին՝ «միջազգայնորեն ճանաչված սահմաններում Ադրբեջանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու հիման վրա»:

XS
SM
MD
LG