Չինաստանը պատասխան պատժամիջոցներ է սահմանել Միացյալ Նահանգների մի շարք պաշտոնյաների նկատմամբ: Չինաստանի արտգործնախարարության համաձայն՝ Պեկինի պատժամիջոցները մասնավորապես վերաբերում են հանրապետական սենատորներ Մարկո Ռուբիոյին և Թեդ Քրուզին, կրոնի ազատության հարցերով ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Սեմ Բրաունբեքին, կոնգրեսական Քրիս Սմիթին և Կոնգրեսի Չինաստանի հարցերով հանձնաժողովին:
Չինաստանի իշխանությունները պնդում են, որ Վաշինգտոնը միջամտել է երկրի ներքին գործերին, և չեն բացառում հետագա պատժամիջոցները՝ կախված իրավիճակի զարգացումներից:
Հունիսի 17-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին օրենք է ստորագրել՝ ույղուր փոքրամասնության իրավունքների ոտնահարումների պատճառով: Մահմեդական ծագման ույղուր բնակչության մեծամասնությունը բնակվում է Չինաստանի Սինցզյան նահանգում, իրավապաշտպան կառույցների գնահատմամբ՝ մոտ 1 միլիոն ույղուրներ և մահմեդական փոքրամասնության այլ ներկայացուցիչներ գտնվում են այսպես կոչված ուղղիչ ճամբարներում, որտեղ նրանց ստիպում են հրաժարվել իրենց կրոնից, լեզվից և մշակույթից: