Մատչելիության հղումներ

Բազմահազարանոց հանրահավաք Իսրայելում` կարանտինային սահմանափակումների դեմ


«Բիբի, հաբայտա» (եբրայերենից թարգմանաբար «Բիբի, տուն գնա») վանկարկելով, խոսքն ուղղելով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին` տասնյակ հազարավոր իսրայելցիներ երեկ երեկոյան ակցիա էին անցկացնում: Կորոնավիրուսի համավարակի պատճառով կիրառվող սահմանափակումների ու կարանտինից դուրս գալուց ի վեր ամենամեծ հանրահավաքի ավարտից հետո նրանք վանկարկելով փակեցին Թել Ավիվի գրեթե բոլոր կենտրոնական խոշոր փողոցները:

Հրեական 12-րդ ալիքի գնահատմամբ` մոտ 10 հազար մարդ էր հավաքվել Իցխակ Ռաբինի անվան հրապարակում, թեև ոստիկանությունը թույլատրել էր 1800 մարդու հավաքը, և դիմակներով ու սոցիալական հեռավորություն պահպանելով` պահանջում էին կառավարությունից անմիջապես միջոցներ ձեռք առնել ու գումարներ հատկացնել մանր ու միջին բիզնեսին, մշակութային գործիչներին, զբոսաշրջության ոլորտին, հյուրանոցային համակարգին, չաշխատող ուսանողներին ու բոլոր խոցելի խավերին: Հանրահավաքի կազմակերպիչներն, այսպես կոչված, «Սև դրոշները» հորդորել էին ընդդիմադիր կուսակցություններին ու գործիչներին չմասնակցել ցույցին, քանզի այն ժողովրդի բողոքն էր ընդդեմ կառավարության: Ելույթ ունեցողներն էլ սովորական գործարարներ էին, մշակութային գործիչներ և ուսանողներ:

Ի համերաշխություն ցուցարարների` երեկոյան ժամը 20:00-ին դեռ մասնակիորեն գործող փոքրիկ սրճարանները, բառերն ու խանութները Թել Ավիվում փակվեցին: Ուշագրավ էր ցուցարարների պաստառների բովանդակությունը՝ «Անջատվել եք ու զզվեցրել» կոչն ուղղված էր կառավարությանը, «Տնտեսական պատերազմ», «Կրկեսը քանդվում է», «Անմիջապես փող տվեք», «Բալֆուրում վիրուս կա», խոսքն այս դեպքում վարչապետ Բենիամին Նեթանյահուի նստավայրի մասին էր, և շատ այլ պաստառներ, որոնք բռնելով մարշով ցուցարարներն անցան Իսրայելի թվով երկրորդ ամենամեծ քաղաքի փողոցներով:

Հրեական լրատվամիջոցները նշում են, որ ոստիկանությունն իրեն շատ զուսպ պահեց սկզբում, բայց երբ հազարավոր մարդիկ սկսեցին փակել փողոցներն, ոստիկանությունը երթևեկությունը վերականգնելու համար անհամաչափ ուժ կիրառեց, ու հրապարակած կադրերում հստակ երևում է, թե ինչպես են ոստիկանները հարվածում գետին պառկեցրած մի տղամարդու:

Վստահաբար կարելի է ասել, որ սա աշխարհի մասշտաբով կորոնավիրուսի համավարակի տարածման ժամանակահատվածում ամենամեծ հակակառավարական հանրահավաքներից մեկն էր: Կազմակերպիչների խոսքով` մանր ու միջին բիզնեսը և կառավարությունից աջակցություն չստացած մարդիկ յուրաքանչյուր շաբաթ հավաքվելու ու ցույցեր են կազմակերպելու, մինչև կառավարությունը լսի իրենց ձայնը:

Ի դեպ, նույնիսկ կարանտինի ու շատ խիստ սահմանափակումների ժամանակ էլ Իսրայելում ցույցերը չեն դադարել, ու օրենքը չի արգելում ցույցեր կազմակերպել՝ օրենքով թույլատրելի պայմաններն ապահովելու պարտավորվածությամբ: Այստեղ մարդու իրավունքների սահմանափակում է համարվում ցույցերի արգելումը:

Այսօր վաղ առավոտյան` ժամը 03:00-ին միայն, ոստիկանությանը հաջողվեց բացել Թել Ավիվի փողոցները: Բերման էր ենթարկվել 20 քաղաքացի, 3 ոստիկան թեթև վիրավորվել էր:

Ինչ վերաբերում է կորոնավիրուսային իրավիճակին, ապա Առողջապահության նախարարության հրապարակած թվերի համաձայն` երեկ` ոչ աշխատանքային օրը, արձանագրվել է 1148 նոր դեպք: Բուժում է ստանում 18 հազար 940 քաղաքացի, որոնցից 48-ի վիճակը ծայրահեղ ծանր է: 358 մարդ մահացել է: Համաճարակի սկզբից վարակվել է 38 հազար 213 մարդ:

Հայաշատ տարբեր քաղաքներում իրավիճակը մնում է անփոփոխ. Երուսաղեմի հայկական թաղամասն ինքնամեկուսացման մեջ է, հայերի շրջանում երկրի կենտրոնում կան վարակակիր քաղաքացիներ, սակայն մարդիկ հիվանդությունը թեթև են տանում, կորուստներ չկան:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG