Մատչելիության հղումներ

«Ազգային ժողովի պատգամավորները պետք է հետևեն 33 թաղամասի շուրջ կատարվող գործընթացներին»


Շինարարական աշխատանքներ Երևանի 33 թաղամասում, 4-ը հուլիսի, 2020թ.
Շինարարական աշխատանքներ Երևանի 33 թաղամասում, 4-ը հուլիսի, 2020թ.

Ֆիրդուսի ու հարակից փողոցի պաշտպանության խումբն ու 33 թաղամասում դեռ ապրող բնակիչները դիմել են Ազգային ժողովի պատգամավորներին՝ խնդրելով հետևել 33 թաղամասի իրացման գործընթացին, իրենց խոսքով, թույլ չտալու, որ կրկնվի Հյուսիսային պողոտայի պատմությունը։

«Առանցքային պահանջը թե՛ դադարեցումն է կառուցապատման և թե՛ մի շարք իրավական գործընթացների հետ կապված հարցադրումներին պատասխանելը: Պատասխանելը, թե ինչո՞ւ է կրկին ներգրավված նախկին կառուցապատողը, որի հետ այդքան շատ խնդիրներ կան: ԱԺ յուրաքանչյուր հանձնաժողով այստեղ անելիք ունի», - ասաց նախաձեռնության անդամ Անահիտ Սիմոնյանը:

Սիմոնյանի խոսքով՝ 2007 թվականից իրացման գործընթացում գտնվող 33 թաղամասում խնդիրները բազմաշերտ են. նախ կասկածելի է, որ կառուցապատման գործընթացում ներգրավված մեկ տասնյակից ավելի ընկերությունները փոխկապակցված են նույն անձի՝ Էդուարդ Մելիքյանի հետ, որի հետ կապ հաստատել «Ազատությանը» չհաջողվեց։ Բացի այդ, ըստ նախաձեռնության անդամների՝ նախկին իշխանության օրոք, աղավաղված գերակա շահի մեկնաբանությունը չի փոխվել նաև հիմա, ինչի պատճառով Երևանը կկորցնի հերթական հին թաղամասը։

«Ի՞նչ է նշանակում գերակա շահ, դա նշանակում է, որ մեր բոլորի համար, օրինակ, պետք է կառուցեն մայրուղի, մեծ մայրուղի, պիտի կառուցեն օդանավակայան, որը չկա էդ տարածաշրջանում, բայց երբ որ գալիս է սեփականատերն ու իր նեղ անձնական բիզնես շահն է այդտեղ կիրառում <....>: Ի՞նչ արեցին Հյուսիսային պողոտայում, ո՞ւր է այնտեղ գերակա շահ, ո՞րն էր այնտեղի գերակա շահը», - նշեց նախաձեռնության անդամը:

Ֆիրդուսի փողոցի բնակիչ Արա Շահումյանի խոսքով՝ եղած խնդիրների առաջին հորիզոնականում սեփականության խախտվող իրավունքն է: «Սկսվում և ավարտվում է այս խնդիրը սեփականատիրոջ իրավունքների ոտնահարմամբ: Սա մշակույթ է, որը 30 տարի մտել է մեր քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ օլիգարխիկ ինչ-որ համակարգի մեջ, ու այդպես են իրենք փող աշխատում», - ասաց Շահումյանը:

«Մենք Հյուսիսային պողոտայի ժամանակից շուրջ 10, ավելի տարի անց ստանում ենք որոշումներ, մենք ի՞նչ ենք անելու, մենք հիմա թույլ ենք տալո՞ւ, որ նորից խախտվեն մեր քաղաքացիների իրավունքները, ոչնչացվեն պատմամշակութային արժեքները ու հետո սկսենք նոր մտածել հետին թվով, թե ինչ ենք անելու», - նշեց Անահիտ Սիմոնյանը:

Սեփականության խախտվող իրավունքից բացի նախաձեռնության անդամները ընդգծում են, որ այժմ սեղանին դրված նախագծի իրականությունն իրենց համար պարզապես անթույլատրելի է: Թաղամասի կառուցապատման հայեցակարգի հեղինակն էլ Նարեկ Սարգսյանն է։

Ըստ ճարտարապետ Սերգո Տոնոյանի՝ 33 թաղամասի տեղում պետք է կառուցել նոր թաղամաս, պահպանել տեղում եղած գեղեցիկ տները, վերականգնել հին պատշգամբներն ու ներքին բակերը՝ Երևանի կենտրոնում ունենալով ավելի քան 100 տարեկան հին թաղամաս։

«Ինչո՞ւ է մեկ մարդ կամ մեկ կառույց որոշում հայեցակարգը, խոսքը նախագծի մասին է, այլ ոչ թե դա արվում է ավելի լայն հնարավորությունների գործիքակազմի կիրառման ձևով: Ոլորտի համակարգողը շարունակում է մնալ Նարեկ Սարգսյանը, որի գործունեությունը բոլորիս աչքի առաջ է, և այս նախագիծն էլ է նրա առաջարկած հայեցակարգային ինչ-որ նախագիծ», - ասաց ճարտարապետը:

Ֆիրդուսի թաղամասն առաջին անգամ հանրային գերակա շահ է ճանաչվել դեռ 2008 թվականի նոյեմբերին, վերջին անգամ՝ 2018 թվականի մարտի 22-ին` հեղափոխությունից մեկ ամիս առաջ: Այս թաղամասի տասնյակ բնակիչներ այստեղից արդեն հեռացել են, շատերը բնակարաններ են ստացել «Գլենդել հիլզ»-ի կառուցած այլ թաղամասում, տասնյակ մարդիկ այստեղ դեռ բնակվում են ու պնդում՝ եթե կառավարությունը պարտադրի, ստիպված են հեռանալ, սակայն սիրով կապրեին իրենց լայն բակերով ու այգիներով տներում։

Այնուամենայնիվ, եթե թաղամասը հողին հավասարեցնելու մտքից ետ չկանգնեն և տեղում նոր հրապարակ ու բիզնես կենտրոններ կառուցեն, բնակիչ Սուսաննա Կիրակոսյանի խոսքով, մեկ այլ հարց է առաջ գալիս՝ կառուցապատողի հետ վերջին տարիներին պայմանագրեր կնքած ու արդեն գումարը ստացած բնակիչներից շատերին 1 քառակուսի մետրի դիմաց տվել են ընդամենը 600 դոլար, այժմ քննարկվում է կրկնակի բարձր գնով տարածքը իրացնելու տարբերակը։

«Դատարան եմ դիմելու, բոլոր դռները թակելու եմ, ես հետ կտամ այդ 100 հազար դոլարը, թող իմ սեփականությունն ինձ վերադարձնեն», - ասաց իր՝ արդեն օտարված տանը դեռ բնակվող Սուսաննա Կիրակոսյանը։

XS
SM
MD
LG