Չնայած Հին Երևանի վերջին մասնիկների համար ոտքի կանգնած քաղակտիվիստների բարձրացրած աղմուկին, կառավարությունն ու քաղաքային իշխանությունը կարծես հետ քայլ չեն անում և պատրաստվում են իրականացնել Ֆիրդուսի կառուցապատման ծրագիրը։
Ավելի քան 3 ժամ Երևանի քաղաքապետարանում շարունակված քննարկման ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը փաստաթղթերից հղումներ արեց, թվեր ներկայացրեց, հին իշխանությունների թողած ժառանգությունը հիշեցրեց, առաջիկա անելիքներից խոսեց, բայցևայնպես ընդգծեց՝ նահանջի տեղ չկա:
«Արդեն իսկ մերժվել է մոտ 70 միլիոն դոլար՝ հողերի ձեռքբերման համար, և այդ հողերի ձեռքբերման դիմաց այդ մարդիկ ստացել են սեփականության վկայականներ, սա ֆիքսենք: Այս գումարների միջոցով հնարավոր է եղել լուծել 100-ավոր ընտանիքների բնակարաններով ապահովելու հարցը», - ասաց Սիսեռյանը:
Սա քաղաքաշինական ծրագիր չէ, սա ընդամենը կոմերցիոն նախագիծ է։ Արդեն թեժ քննարկման ժամանակ իր հերթին ֆիքսեց ճարտարապետ Սևադա Պետրոսյանը՝ վստահություն հայտնելով՝ այս նախագծով խախտվում են մարդու առողջ միջավայրում ապրելու, գույքի տնօրինելու, պատմական միջավայրի պաշտպանության իրավունքները։
«Փաստորեն բոլոր երեքն առանձին-առանձին խախտված են, և գոնե ինչ-որ տեղերում մեկը մյուսի հաշվին է արված, առնվազն սա կարելի է համարել ոչ քաղաքաշինական նախագիծ, և վատագույնս ուրիշ կասկածներ կան», - նշեց Պետրոսյանը:
Օրերս քաղաքացիական ակտիվիստներին հաջողվեց կասեցնել Ֆիրդուսի թաղամասում` Հանրապետության նրբանցքում գտնվող 19-րդ դարավերջի կառույցի՝ աղյուսե շենքի քանդման աշխատանքները։ Կառավարությունից խոստանում են աղյուսները համարակալել` հետագայում որպես թաղամասում կառուցվելիք շենքերից մեկի ֆասադ օգտագործելու համար։ Մասնագետները, սակայն, հակադարձում են՝ աղյուսը հնարավոր չէ համարակալել։
Ըստ Սիսեռյանի՝ քննարկումներ են տարվում նաև Ֆիրդուսի 80 հասեցում գտնվող շենքը պահպանելու համար, ընդգծելով՝ դա ևս որպես հուշարձան ճանաչված չէ։ Ըստ Կառավարության՝ տարածքում կա 8 շենք, որոնք ունեն պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ։
«Իմ քայլից» ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը միջամտեց՝ շատ շինություններ ժամանակին հանվել են այս ցանկից, և տեղի տալով տարբեր շրջանակների բիզնես շահերին` քաղաքը զրկվել է իր պատմական արժեքներից։
«Դա հայտնի ձեռագիր է, որ շենքը բերում, հասցնում են շատ վատ վիճակի, որ հետո բնակիչներին բացատրեն, որ «գիտեք, այ հիմա կբարեկարգենք»: Ես այսօր, ճիշտն ասած, չեմ տեսնում, որ Երևանի հուշարձան շենքերը լինեն պատշաճ պաշտպանված», - ընդգծեց Աբգարյանը:
«Ահագին լիքը շենքեր արդեն քանդվել էին մինչև 2018-ի մայիս», - արձագանքեց Սիսեռյանը:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Նարինե Թուխիկյանը, որ հիվանդության պատճառով առցանց էր մասնակցում այս քննարկմանը, ասաց, որ հուշարձանների ցանկը հեղափոխությունից հետո վերանայվել է։ Ինչ վերաբերում է Ֆիրդուսին, ապա ըստ փոխնախարարի՝ այս պատմության մեջ շատ իրար հակասող փաստաթղթեր կան։ «Այլևս չենք թույլ տալու ստորադասել քաղաքացու շահը բիզնեսի շահին»։ Կարմիր թելի նման այս միտքն էր հնչում քննարկման ժամանակ։ Ե՛վ քաղաքացիական ակտիվիստները, և՛ ավագանու սակավաթիվ անդամներից շատերը կառավարության և քաղաքային իշխանությունների ղեկավար կազմին հորդորում էին չշարունակել, իրենց ձևակերպմամբ` նախկին կոռուպցիոն իշխանության գործողությունները։
«Ընդունելով, որ նախորդ իշխանությունները ոչ լեգիտիմ են և կոռումպացված են, մենք այս պահի դրությամբ ոչ լեգիտիմ նախագիծը, եթե կարելի է այդպես անվանել, շարունակում ենք»,- ասաց «Իմ քայլից» Մեսրոպ Պապիկյանը:
Ֆիրդուսի թաղամասն առաջին անգամ հանրային գերակա շահ է ճանաչվել դեռ 2008 թվականի նոյեմբերին, վերջին անգամ՝ 2018 թվականի մարտի 22-ին` հեղափոխությունից մեկ ամիս առաջ: Կառավարությունից տեղեկանում ենք, որ տարածքը բաժանված է 19 մասի, և 9-10 ներդրող այս պահին կա։ Կառավարության նույն որորշման մեջ ներկայացրած ընկերությունների ցանկից հասկանում ենք, որ բոլորը իրար հետ կապված ընկերություններ են, նրանց բոլորի սեփականատերերի մեջ շրջանառվում է էդուարդ Մելիքյանի անունը, որն ի դեպ ասյօրվա նիստին ներկա էր: Նրա անունով պետռեգիստրում մի քանի տասնյակ ընկերություններ են գրանցված ու նաև աղմկոտ պատմությունների կիզակետում հայտնված և սնանկ հայտարարված «Գլենդել հիլզ» ընկերությունը։
Թե՛ ավագանու ադնամների, թե՛ քաղհասարակության ներկայացուցիչների համար մտահոգիչ էր «Գլենդել Հիլզի» ներկայությունն այս նախագծում։ Թեման անգամ բանավեճի առիթ դարձավ կառավարության ներկայացուցչի և փաստաբան Կարապետ Բադալյանի միջև։
«Երաշխավորում եմ, որ այստեղ չի լինելու այդպիսի հարց, իսկ որովհետև ունեք բանկային երաշխիք...»,- ասաց Սիսեռյանը:
«Պարոն Մելիքյանն է իրականացնելու ամբողջ գործունեությունը, որի արդյունքում սնանկ է ճանաչվել «Գլենդել հիլզը», շատ մարդիկ ունեզրկվել են, և հիմա այդ ունեզրկման պատճառով Եվրադատարանի վճիռներ ունենք, ովքե՞ր են վճարում այդ վճիռների դիմաց, մենք»,- նշեց Բադալյանը:
Ուշագրավ է` փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կողմից այս տարվա մայիսի 19-ին ստեղծված Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման աշխատանքների խմբում ներգրավված է նաև Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Նարեկ Սարգսյանը, որը ևս մեկ այլ աղմկահարույց շինարարության` Հյուսիսային պողոտայի ստեղծման հեղինակն է։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Ղուլարյանն արձագանքեց. - «Նարեկ Սարգսյանը կոնցեպտի հեղինակն է»:
Հարց հնչեց, թե շահերի բախում չկա՞, քանի որ այդ ժամանակ Նարեկ Սարգսյանը նաև քաղաքաշինության նախարար է եղել:
«Իհարկե ոչ», - եղավ Ղուլարյանի արձագանքը:
Այսօրվա նիստին մասնացում էր նաև քաղաքապետ Հայկ Մարությանը։ Նախքան նիստը հայտարարվեց, որ քաղաքապետարանն այս հարցում որոշում կայացնող չէ, այլ լսողի դերում է։ Քաղակտիվիստներից Սեդա Գրիգորյանը սա համարեց քաղաքային իշխանության հանցավոր անգործություն. - «Ես այսօր զարմանում եմ, երբ որ քաղաքապետը մտնում է այս սրահ և ուսերն է թոթում, ասում է` ես ասելու բան չունեմ»:
Մինչև այս պահը լուռ գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին, սակայն, այս ձևակերպումը դուր չեկավ: Նրա հարցը կարճ էր և վրդովված. - «Շատ զարմանալի հարց եմ տալու` տղե՛րք, հիմա մենք Ֆիրդուսին կառուցելո՞ւ ենք, թե՞ ոչ: Նախկին արած կոնցեպտի վրա լոտեր են բաժանվել, և ամեն կառուցապատող այդ լոտերը գնել է և արդեն նախագծեր է պատվիրել, ճարտարապետերին կանխավճար է տվել: Ո՞վ է փակելու այդ գումարները: Որպես գլխավոր ճարտարապետ պատասխան եմ ստանալու բոլորից և կներեք, պարո՛ն Սիսեռյան, կառավարությունից, ես ուզում եմ հասկանալ` մենք այս ծրագիրն իրականացնելու ենք, թե ոչ»:
«Ես պատասխանեմ պաշտոնապես` այո, այս ծրագիրն իրականացվելու է»,- ասաց նա:
2023-2024 թվականներին ակնկալվում է Ֆիրդուսի թաղամասի շինարարության ավարտը։